Ի՞նչն էր հանդիսացել Կապանի բժշկական կենտրոնում բրուցելոզ վարակի պատճառ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ս.թ. մարտի 13-ին «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն ստացել էր ահազանգ այն մասին, որ Կապան քաղաքի բժշկական կենտրոնում թվով 15 քաղաքացի բուժվում է բրուցելոզ հիվադության ննկատմամբ և, որ դեպքի վերաբերյալ մանրամասներ ճշտելու նպատակով, ՀԿ աշխատանքային խումբը Կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի գլխավորությամբ մեկնել է Կապան քաղաք՝ տեղում ծանոթանալու ստեղծված իրավիճակին, պարզելու՝ ինչն է հանդիսացել վարակի պատճառ, ինչ աշխատանքներ են իրականացվել պատկան մարմինների կողմից, ինչու խնդիրը չի բարձրաձայնվել:
Աշխատանքային խումբն ինչպես հանդիպել է հիվանդներին, խոսել բժշկի հետ, պարզել, որ բոլորը հանդիսանում են «Գյուղարտ» ՓԲԸ-ին պատկանող սպանդանոցի աշխատակիցներ, այնպես էլ պարզել, որ նշյալ սպանդանոցում աշխատել է թվով 47 աշխատակից, որոնցից այդ պահին հետազոտվել էին միայն 18-ը, այն էլ բժշկի հորդորով՝ ինքնակամ ներկայանալով հիվանդանոց: Խումբը եղել է սպանդանոցում՝ ծանոթացել մորթի պայմաններին, ինչպես նաև տնտեսություններում, որտեղ իրականացվել են վակցինացման աշխատանքներ և պարզել, որ որոշ դեպքերում անհնար է տարբերակել վակցինացված կենդանուն չվակցինացվածից:
Ձեռք բերելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ աշխատանքային խումբը վերադարձել և աշխատանքները շարունակել է Երևանում:
Ցավոք, մտահոգող ոչ բոլոր հարցերի պաատասխանները կարող էին պարզվել ՀԿ կողմից, մասնավորապես, թե ինչու խնդրի մասին չի բարձրաձայնվել պատկան մարմինների կողմից, ինչի պատասխանը, ի դեպ, մինչ օրս չի տրվել: Իսկ հիմնական հարցի պատասխանը, թե ի վերջո ի՞նչն էր հանդիսացել վարակի պատճառ, կարող ենք տալ միայն վարկածի տեսքով, որի հերքումը կամ հիմնավորումը հնարավոր է միայն պատկան մարմինների համապատասխան ուսումնասիրություններից հետո:
Փաստաթղթային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քանզի մորթն իրականացվել է սանիտարական պայմաններում և համապատասխան ուղեկցող փաստաթղթերի առկայությամբ, խնդիրն առաջացել է ուղեկցող փաստաթղթերի տրամադրման փուլում, իսկ մորթի նպատակով կենդանիները տեղափոխվել են տարբեր մարզերից և դժվար է պնդել, թե որ խմբաքանակում է եղել խնդիրը, սակայն վերջին 3 ամիսների ընթացքում իրականացվել է թվով 10.219 գլուխ մանր եղջերավոր կենդանու մորթ, որից 6032-ը՝մոտ 60 տոկոսը, եղել է Սյունիքի մարզից, որտեղ իրականացված վակցինացման աշխատանքներից հետո դժվարությամբ կամ անհնար է տարբերակել հիվանդ կենդանում վակցինացված կենդանուց:
Պատկան մարմինների կողմից մինչ օրս չկա նաև հայտարարություն՝ արդյոք, ի վերջո հետազոտվել են սպանդանոցի մյուս աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները, նոր հիվանդներ են հայտնաբերվել են, թե ոչ:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ
Մանրամասները՝ կից տեսանյութում