«Հենց բանը հասնում է գումարի բռնագանձման հայցերին՝ դատարանը սնանկ է ճանաչում». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը իր այսօրվա համարում գրում է. ««Ժամանակին սնանկացավ «Սթար» սուպերմարկետների ցանցը, որը, ըստ դատական վճիռների՝ 10 մլրդ դրամի պարտքեր ուներ տնտեսվարողներին։ Այս մարդիկ մինչ օրս չեն ստացել իրենց գումարները։ Ներկայում նոր «քցոցի» է սկսվել։

«Մոսկվիչկա» առևտրային ցանցի տասնյակ մատակարարներն ամեն օր գալիս են «Բիզնես-լիդեր հոլդինգ» ՍՊԸ-ի գրասենյակի մոտ, հերթ կանգնում։ Նրանք բոլորն իրար դեմքով ճանաչում են։ Ոչ մի հույս չկա, որ գործարարների կորուստները կվերականգնվեն։

«Մեծածախ առևտրի ոլորտում մենք շատ ժամանակ աշխատում ենք ազնիվ խոսքին ապավինելով, քանի որ չկան կորուստներից երաշխավորելու իրավական մեխանիզմներ»,- ասում է «Բիզնես-լիդեր հոլդինգ» ՍՊԸ-ի պարտատերերից մեկը՝ գործարար Լևոն Ֆարմանյանը, որն զբաղվում է կաթնամթերքի ներմուծմամբ և մեծածախ առևտրով։

Նա վստահեցնում է, որ իր տարեկան շրջանառության մոտ 10 տոկոսը կորցնում է անբարեխիղճ բիզնեսի պատճառով, և այս իրավիճակը համատարած է։

«Ես ունեմ մի տասնյակ սուբյեկտների հետ կապված դատական վճիռներ, որոնցով սահմանված է բռնագանձում, բայց հնարավոր չէ բռնագանձում իրականացնել, որովհետև հարկադիրն ասում է՝ չկա այդ սուբյեկտը կամ էլ ունեցվածք չունի,- պատմում է գործարարը։

– Կան դեպքեր, երբ մարդիկ մատակարարված ապրանքի դիմաց պարտքը չեն վճարում, անհետանում են, գոլորշիանում են։ Եթե բանկը, օրինակ, տալիս է վարկ, ապահովում է այն գրավով, երաշխավոր է պահանջում, ունի պրոֆեսիոնալ անձնակազմ, գրագետ մոտեցում, բազմաթիվ լծակներ, նաև օրենսդրություն։ Իսկ բիզնես դաշտում, բավականին սուր մրցակցության պարագայում, եթե որևէ սուբյեկտ փորձի խանութին թելադրել իր պայմանները, նրան անմիջապես կասեն՝ կներեք, դուք գնացեք, ուրիշը կգա, ինձ կխնդրի։ Էս դաշտում մենք խնդրողի դերում ենք, քանի որ մեզ պետք է իրացման շուկա»։

– Արդյոք հնարավոր չէ՞ պարտքերն ստանալ դատական ճանապարհով։

– Ցավոք, դատական գործընթացը ոչինչ չի տալիս։ Դրա արդյունքում տվյալ ձեռնարկությունը ճանաչվում է սնանկ, բայց, որպես կանոն, երբ որ բանը հասնում է սնանկության, այդ պահին նա այլևս ունեցվածք չի ունենում, և վերջ, գնաց ու կորավ։ Մի ՍՊԸ կար, որը ժամանակին աշխատում էր Պռոշյան 2 հասցեում։ Հիմա այստեղ այլ սուբյեկտ է աշխատում։ Իմ խորին համոզմամբ, այնտեղ կար խարդախության փաստ։ Իմանալով հանդերձ, որ դատական հեռանկարում ոչինչ չեմ ստանալու, դիմեցի դատախազություն, հիմնավորելով, որ այստեղ կա առնվազն խարդախություն։ Ստացա քրգործ հարուցելու մերժում։ Բանից պարզվեց, որ կա վճռաբեկ դատարանի նախադեպային վճիռ, որ իրավաբանական անձանց միջև տնտեսական վեճերը կարող են միայն քաղաքացիաիրավական հարթությունում լուծում ստանալ։ Վճիռը, փաստորեն, պաշտպանում է կրիմինալը պատժից։ Այս սողանցքը շատերի կողմից օգտագործվում է։

– Ի՞նչ վիճակում է «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը։ ճի՞շտ է, որ «Բիզնես-լիդեր հոլդինգ» ՍՊԸ-ն պատկանում է Երևանի նախկին ոստիկանապետին։

– Այո, Ներսիկ Նազարյանին։ Պաշտոնապես սնանկության որևէ վճիռ չկա։ Ես չգիտեմ, թե որն է պատճառը, որ այս ցանցը փակվում է, բայց հիմա մեզ ասում են, որ վերջին խանութը, որը Հյուսիսային պողոտայում էր, փակվում է, և գործը գնում է սնանկության։

– Որքա՞ն է նա Ձեզ պարտք։

– Իմ պարտքը մի քանի մլն դրամ է, որը փոքր սուբյեկտի համար մեծ գումար է, և որը չի վճարվում մեկ տարուց ավելի։

– Փորձե՞լ եք իրենց հետ խոսել։

– Բազմիցս։ Մենք ունենք դեկտեմբերին կնքված պայմանագիր, հետո գրանցվեց նոր ՍՊԸ՝ «Բիզնես-լիդեր հոլդինգի» փոխարեն։ Այս նոր գրանցված ընկերությունն ստանձնեց նախորդի պարտքի մարումը, բայց եկավ ժամանակը, նորից վճարում չկատարեցին։ Հիմա ես փորձում եմ զանգահարել, ոչ ոք չի պատասխանում այդ հեռախոսով։ Դիմել եմ դատարան հայցով, բայց գիտեմ, որ այստեղ էլ է խնդիր լինելու, որովհետև հենց բանը հասնում է բռնագանձման հայցերին, արդեն սնանկություն է լինելու։

Ես չգիտեմ, այս դեպքում սնանկ ճանաչելու որոշումը որքանով օբյեկտիվ կլինի, կա քրեորեն պատժելի արարք, տակն ի՞նչ կա։ Այսինքն, դատական հեռանկարին բախվելով, մենք ընդհանրապես զրկվում ենք բացահայտումների հետագա հնարավորությունից, թե ինչ կար սրա տակ, միտումնավորություն կա, թե չկա, լուծարային կառավարիչը որոշակի գործարքներ կարող է, իհարկե, ուսումնասիրել, բայց ես գիտեմ, որ սրա դատական հեռանկարում մենք կորցնելու ենք։

Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս