Բաժիններ՝

Պաշտոնական Ստեփանակերտը տեսականորեն չի բացառում խաղաղապահ ուժերի տեղայակումը սահմանին, բայց իր պայմաններն է առաջարկում. ԳԱԼԱ

Մարտի 22-ին ԼՂՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է «Արարատի ստորոտին» մեդիաֆորումի մասնակիցներին: Հանդիպման ընթացքում բանակի հրամանատարն անդրադարձել է Արցախի բանակի ստեղծման պատմությանը, շփման գոտում տեղ գտած վերջին զարգացումներին և բանակի սպառազինությանն ու խաղաղապահների տեղակայման անհրաժեշտությանը:

Հետաքրքրողն հատկապես հայտարարության վերջին հատվածն է. խոսքը խաղաղապահների տեղակայման մասին է, կա՞ արդյոք անհրաժեշտություն, թե՞ ոչ:

Պաշտոնական Ստեփանակերտը մշտապես հայտարարել է, որ չկա նման անհրաժեշտություն: Հնարավոր է դիրքորոշում է փոխվել: ԳԱԼԱ-ի այս հարցին ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը պատասխանեց.

«Պաշտոնական Ստեփանակերտը տեսականորեն չի բացառում խաղաղապահ ուժերի տեղակայումը: Բայց դրա համար անհրաժեշտ են հետեւյալ պայմանները.

1. Պետք է հակամարտությունը վերջնականապես կարգավորվի

2. Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը

3. Արցախի Հանրապետությունը այդ ժամանակ նույնպես կճանաչի Ադրբեջանի անկախությունը

4. Կարգավորվում են բոլոր խնդիրները՝ այդ թվում սահմանային»:

Ըստ Դավիթ Բաբայանի՝ այս պայմաններից հետո միգուցե, որպես փոխվստահություն, երկու սուվերեն պետությունների սահմանների երկայնքով տեղակայվեն սահմանապահ ուժեր:

«Բայց այս դեպքում կարծում եմ, որ անհրաժեշտություն էլ չի լինի, եթե ամեն հարց կարգավորվի: Պետք է հաշվի առնել նաեւ մի հանգամանք. ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտին միակն է, որտեղ խաղաղությունն արդեն 20 տարուց ավելի է՝ պաշտպանվում է կողմերի միջեւ՝ առանց երրորդ ուժի միջամտության:

Իսկ սա նույնպես ցույց է տալիս, որ երկու այդ պետություններն՝ Արցախը եւ Ադրբեջանը, կարող են գոյատեւել առանց երրորդ ուժի միջամտության: Կարծում եմ սա պետք է հաշվի առնվի նաեւ այլ հակամարտությունների կարգավորման ժամանակ»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս