«Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923թթ. իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» օրինագիծը՝ ԱԺ-ում
Այսօր ԱԺ նիստում քննարկվում է «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» օրինագիծը: Այն հեղինակել են Էդուարդ Շարմազանովը, Արմեն Ռուստամյանը, Հովհաննես Սահակյանը, Էդմոն Մարուքյանը, Արփինե Հովհաննիսյանը, Թևան Պողոսյանը, Գուրգեն Արսենյանը, Հեղինե Բիշարյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վահրամ Բաղդասարյանը, Հերմինե Նաղդալյանը, Մարգարիտ Եսայանը, Լյուդմիլա Սարգսյանը, Գագիկ Մելիքյանը և Արագած Ախոյանը:
«Ցանկանում եմ նշել, որ այս նախագիծը 1 օրում կամ 1 տարում չի մշակվել, այլ անցել է մի քանի տարվա քրտնաջան աշխատանքի ճանապարհ, որին մասնակցել են բոլոր խմբակցությունները, ասորական և հունական համայնքների ներկայացուցիչները, պատմաբաններ, թուրքագետներ, գիտնականներ, ինչու չէ նաև Սփյուռքի մեր գործընկերներ»,- ասաց զեկուցող Է. Շարմազանովը:
Նա նկատեց, որ օրինագծի վրա աշխատանքը սկսվել է 4 տարի առաջ՝ երջանկահիշատակ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի հետ: