Բաժիններ՝

«Միայն կույրը չի տեսնի, որ այսպես շարունակելը մահ է լինելու պետության համար»

«Ասպարեզը» Հայաստանում տիրող ներքաղաքական վիճակի մասին զրուցել է վերլուծաբան Արծրուն Պեպանյանի հետ

-Պարոն Պեպանյան, որո՞նք էին, 2007 թվականից սկսած, ընդդիմության կամ ընդդիմադիր դաշտի մարտավարական սխալները:

-2007 թվականին, երբ նախագահի թեկնածուներն ի հայտ էին եկել, ես հրատարակեցի իմ մի քաղաքական ուսումնասիրությունը՝ 150 էջանոց գրքի տեսքով ու տրամադրեցի նախընտրական բոլոր շտաբներին:

Գրքում, մասնավորապես, ասվում էր՝ «Անցումային» փուլում գտնվող երկրներում տեղի է ունենում պետական ունեցվածքի բաժանում, եւ իշխանության մոտ կանգնած մարդիկ ամեն գնով ձգտում են հնարավորինս երկար օգտվել հարստություն ձեռք գցելու եզակի այդ հնարավորությունից: Եւ, անցկացնել ընտրություն այդպիսի իրավիճակում, նշանակում է` խլել նրանցից այդ հնարավորությունը: Այս առումով առավել քան ծիծաղելի է արդար ընտրություն անցկացնելու` իշխանություններին ուղղվող աղերսը»: Ինչպես կյանքը ցույց տվեց, ես ճիշտ դուրս եկա:

Մինչդեռ, եթե ընդդիմությունը լուրջ ուշադրություն դարձներ գրքում բերված հիմնավորումներին ու փաստարկներին, ապա չէր ձեւավորի թերմտածված շարժում եւ մարդկանց հոգեպես չէր ջարդի իշխանական պալատների պատերի տակ: Ասեմ նաեւ, որ հիշյալ գրքում, հենվելով առաջին հանրապետության շրջանի մեր մեծերի դիտարկումների վրա, ինչպես նաեւ հաշվի առնելով համաշխարհային փորձը, ներկայացված էր ստեղծված իրավիճակից ելքի մի տարբերակ: Սակայն ընդդիմությունը չընդունեց այն, քանի որ ազգայնականության տարրեր կային մեջը, իսկ իրենք լիբերալ-դեմոկրատ են:

Քիչ հավանական է, որ քաղաքական դաշտում գտնվողները էական փոփոխություն բերեն երկրին, քանի որ բավարարվում են մակերեսային հարցերի պատասխաններ գտնելով, այնինչ մեր վիճակը գերծանր է ու գերբարդ: Բայց անլուծելի չէ: Ակնկալում եմ, որ 2016-ին քաղաքական դաշտում վերջապես կհայտնվեն իրատեսները ու երկիրը կամաց-կամաց կհանեն ճահճից` առանց պայքար-պայքարների:

-Ինչու՞ Եռյակին չհաջողվեց Հայաստանում իշխանափոխություն իրականացնել:

-Բայց ինչու՞ պիտի հաջողվեր: Ո՞վ է տեսել, որ անհաջողակ երեք զորավար խառնեն իրար ու հաղթող զորավար ստանան: Տեր-Պետրոսյանը անհաջողակ է եղել նախագահի պաշտոնում, պարտվել է 2008-ին, 2013-ին (Երեւանի ավագանու ընտրություններում), Րաֆֆի Հովհաննիսյանը պարտվել է 2013-ին երկու անգամ, Գագիկ Ծառուկյանն անհաջողություն է ունեցել կոալիցիայի կազմում: Նրանք հրապարակայնորեն չէին ասել, թե որոնք են եղել իրենց անհաջողությունների պատճառները եւ ինչ փոփոխություններ են ձեռնարկել պարտությունից այսուհետ խուսափելու համար: Այդ դեպքում ինչի՞ հիման վրա պիտի հաղթեին:

-Արդյո՞ք իրենց ընդդիմադիր համարող որոշ ուժեր շահարկում են իշխանափոխության գաղափարը, ժողովրդական լայն մասսաներին իրենց կողմը գրավելու համար:

-Ես գտնում եմ, որ ընդդիմադիրները միշտ էլ ցանկացել են երկրում փոփոխություններ իրականացնել: Մեր երկրի վիճակն այնքան ահավոր է, որ միայն կույրը չի տեսնի, որ այսպես շարունակելը մահ է լինելու պետության համար: Այնպես որ՝ ես հասկանում եմ իշխանափոխության պահանջով հանդես գալու նպատակը: Բայց փոփոխություն ցանկանալը դեռ բավարար չէ: Շատ ու շատ հարցերի պատասխան գտնել է հարկավոր, ինչը չի ստացվում ընդդիմության մոտ, քանի որ ինքն իրեն հարցեր չի տալիս:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս