Մեր 18-ամյա անփորձ զինվորի դեմ դուրս են գալիս Թուրքիայում վերապատրաստված հատուկ ջոկատայիններ. Արկադի Տեր-Թադևոսյան. ԳԱԼԱ
Ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի շեմին նման միջադեպերը սահմանին անխուսափելի են: Կանխատեսում է, որ առնվազն մինչեւ ապրիլի 24-ը սահմանին լարվածությունը կշարունակվի:
«Լարվածությունը հարյուրամյակի հետ է կապված, իրանց մեծ ախպորն են օգնում՝ Թուրքիային: Թուրքիան հետները քաղցր լեզվով է խոսում, վասալն էլ պետք է արդարացնի իրեն: Դա Թուրքիայի հրաhանգն է: Մինչեւ ապրիլի 24-ն այդ վիճակն է լինելու: Իսկ մեր բանակը կարողանում է դիմակայել, պաշտպանել:
Սահմաններում եղել եմ, տեսել եմ՝ ոնց են մեր զինվորները պաշտպանում: Մեր զինվորները երկու տարվա ծառայող են, հասարակ զինվոր են: Իրենց դեմ դուրս են գալիս հատուկ ջոկատներ, որոնք գնում են Թուրքիայում հատուկ վերապատրաստվում են ու գալիս: Հարցն այն է, որ այդ հատուկ ջոկատներում ադրբեջանցի հասարակ զինվորներ չեն կռվում, Ադրբեջանը հասարակ զինվոր չի հանում: Ադրբեջանը չի ուզենա ու չի անի դա: Դիվերսիաներ անողները զինված են հատուկ նշանակության հարձակողական զենքերով եւ սարքավորումներով: Այդ ջոկատները ոնց որ շակալներ լինեն…»:
ԳԱԼԱ-ի հարցին, թե այդ հատուկ ջոկատայինների դեմ մեր կողմից ճի՞շտ քայլ է կանգնեցնել անփորձ, 18-20 տարեկան զինծառայողների, Արկադի Տեր-Թադեւոսյանը կարծում է, որ հնարավոր չի լինի առաջնագծից հեռացնել այդ երիտասարդներին, բայց շատ իրատեսական ծրագիր է, եթե փորձառու երկրապահներ գնան առաջնագիծ եւ երիտասարդ տղաների կողքին լինեն, նրանց փոխանցեն իրենց հմտությունն ու գիտելիքները: Գեներալ-մայորը շատերին գիտի, ովքեր ցանկանում են մեկնել սահման:
«Մեր տղերքի հետ որ հանդիպեք, դուք կզարմանաք: Ջահել երեխա է, գնում է բանակ, սահմանին ավելի շատ կռիվ է, ոչ թե խաղաղություն, զինվորն այնտեղ չի կարող հանգիստ զգալ, բայց ինքը հասկանում է իր դերն ու գործի կարեւորությունը: Զարմանալի ջահելություն է: Էնտեղ կանգնած ջահել երեխեքը՝ 18-19 տարեկան, որ հետները հանդիպում ես, հասկանում ես, թե ինչքան լուրջ են վերաբերվում այդ տարածքի հսկողությանը: Իրենց չի կարելի փոխարինել, բայց կարելի է իրենց կողքը մի քանի հոգի փորձառու մարդիկ գնան կանգնեն: Իմ մոտ եկել էին ներքին գործերի աշխատողներ, ասում են՝ մենք ունենք ցանկություն գնանք սահման, հարցը նախարարությունում բարձրացնենք, որ զինվորների կողքը կանգնեն, օգտակար լինեն»:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: