Գորբաչովը հայտնել է, թե որոնք են Ուկրաինայի ճգնաժամի առաջացման պատճառները
Российская газета-ին տված հարցազրույցի ժամանակ ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտնել է Ուկրաինայի ճգնաժամի առաջացման պատճառները. «Դրա (հակամարտության) խորքային պատճառը (իր ձեռնարկած) վերակառուցման ձախողումն է, Բելովեժյան թավուտում Ռուսաստանի, Ուկրաինայի ու Բելառուսի ղեկավարների ընդունած անպատասխանատու որոշումները»:
Գորբաչովի խոսքերով՝ 1991 թվականին ԱՊՀ-ի ստեղծման մասին Բելովեժյան համաձայնագրի ստորագրմանը հաջորդած տարիները պառակտման փորձություն դարձան Ուկրաինայի համար. «Երկիրը ներքաշելով եվրաատլանտյան ընկերակցություն՝ Արևմուտքը ցուցադրաբար անտեսեց Ռուսաստանի շահերը:
Արևմուտքի երկրների այդ գործողություններից պարտվեցին բոլորը. ի հայտ եկավ նոր «սառը» և անգամ «տաք» պատերազմի վտանգ: Ներկայումս փոխադարձ մեղադրանքների ժամանակը չէ: Այդ հակամարտությունը չունի ռազմական լուծում, դրանում չեն լինի հաղթողներ»:
Գորբաչովը կարծում է, որ Ռուսաստանը կարող է զգալի դեր խաղալ ներկայիս «գլոբալ քաոսի» հաղթահարման հարցում, և որ դա պետք է հասկանան Արևմուտքում. «Ռուսաստանը մեկուսացնելու, նրան անտեսելու ցանկացած փորձ չի պսակվի հաջողությամբ: Վստահ եմ, որ երկիրը կարող է հաղթահարել ներկայիս տնտեսական դժվարությունները: Սակայն անհրաժեշտ է լրջորեն և սթափ վերլուծել դրանց պատճառները»: