Բաժիններ՝

Պերմյակովը Ավետիսյանների տանը ծխե՞լ է. Ավետիսյանների տանը նաև թաշկինակ է հայտնաբերվել

Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի ողբերգական սպանության դեպքի գործով նշանակված կենսաբանական փորձաքննությունների հետազոտության օբյեկտ են հանդիսացել դեպքի վայրից հայտնաբերված ծխուկները՝ ծխախոտի մնացորդները, զինվորական հագուստները, թաշկինակը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը:

«Դեպի վայրում թողնված հագուստների վրա, որոնց վրա գրված էր Պերմյակով, ինչպես նաև զինվորական գլխարկի վրա մազեր են հայտնաբերվել՝ թվով 4 մազ: Կենսաբանների կողմից պարզվել է, որ դրանք թողնված են կոնկրետ այն խմբի արյուն ունեցող անձի կողմից, որպիսի խումբ ունի նաև Պերմյակովը: Ինչպես նաև այդ մազերն իրենց կազմաբանական հատկանիշներով նման են հենց Պերմյակովի կողմից թողված մազերին»,- ասաց Երեմ Սարգսյանը: Նա նշեց, որ գենետիկական փորձաքննության արդյունքում կպարզվի՝ այդ մազերը թողնվել են գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի՞ կողմից, թե՞ ոչ:

Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ դեպքի վայրում հայտնաբերված ծխուկներից 3-ի վրա թքի առկայություն է հայտնաբերվել. «Այդ թուքը թողնված է այնպիսի խմբի արյուն ունեցող անձի կողմից, ինչպիսին է Պերմյակովը»: Երեմ Սարգսյաննն ասաց, որ այս առումով կարևորում են գենետիկական փորձաքննությունը, որը կպատասխանի հարցին՝ արդյոք ծխուկները ծխվա՞ծ են նրա կողմից, մազերը պատկանո՞ւմ են նրան, թե՞ ոչ:

«Համենայնդեպս, հագուստի և գլխարկի վրա, ինչպես նաև կոշիկների վրա այլ անձի քրտինք և այլ անձի մազ, գոնե արյան խմբային պատկանելությամբ տարբերվող, այս պահին չունենք, ինչը վարկածների հստակեցման հնարավորություն է տալիս»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ նշված հարցերի պարզաբանման համար արդեն իսկ նշանակված է գենետիկական փորձաքննություն, որի եզրակացությունը կստացվի մոտ ժամանակներս:

Տուժողների իրավահաջորդների մյուս ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ ասաց. «Ունենք, որ բոլոր կրակոցներն արձակվել են մի ինքնաձիգից և դա այն ինքնաձիգն է, որը հայտնաբերվել է դեպքի վայրում: Չունենք որևէ եզրակացություն, որը հերքի Պերմյակովի այդտեղ գտնվելը կամ այդ հագուստները հագնելը, իսկ մյուս հարցերի պատասխանները, թե ի վերջո իրոք ի՞նքն է եղել կամ հնարավոր այլ մարդիկ եղե՞լ են, թե՞ ոչ, ակնկալում ենք նաև գենետիկական փորձաքննությունների եզրակացություններով ստանալ այդ պատասխանները»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս