
ՀԱՊԿ-ը պատրաստ է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. Բորդյուժա

Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան երեկ Մոսկվայում բելառուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է անհրաժեշտ բոլոր որոշումների ընդունման դեպքում ներկայացնել իր խաղաղապահ ստորաբաժանումները՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար:
Բորդյուժան հիշեցրել է, որ Ուկրաինայի նախագահը դիմել է ՄԱԿ-ին՝ առաջարկելով խաղաղապահ ուժեր տեղակայել Դոնբասում. «Մենք (ՀԱՊԿ-ում) ունենք խաղաղապահ պոտենցիալ, մեր խաղաղապահ ուժերը մշտապես անցնում են համապատասխան պատրաստություն: Եվ եթե ՄԱԿ-ն ընդունի նման որոշում, ապա մենք պատրաստ ենք ներկայացնել կոնկրետ ստորաբաժանումներ»:
Բորդյուժան ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի որոշումից կախված կլինի, եթե ՀԱՊԿ-ի մասնակից որ երկրների ստորաբաժանումները կուղղվեն խաղաղապահ առաքելության: Բորդյուժայի խոսքերով՝ ռազմա-քաղաքական դաշինքները, ինչպիսիք են ՀԱՊԿ-ը և ՆԱՏՕ-ն, չպետք է միջամտեն այն երկրների հակամարտություններին, որոնք չեն հանդիսանում այդ դաշինքների անդամներ.
«Մենք կարծում ենք, որ դա հակարդյունավետ է: Այն, ինչ տեղի է ունենում Դոնբասում, ներուկրաինական հակամարտություն է: Եվ դրանով պետք է զբաղվեն առաջին հերթին Ուկրաինայի իշխանություններն ու Դոնբասի բնակիչները, գտնեն ընդհանուր լեզու, կոնսենսուս, իրականացնեն համատեղ գործունեություն: Սակայն ևս մեկ անգամ կրկնում եմ, որ թե՛ ՀԱՊԿ-ի հավաքական ուժերը, թե՛ ՆԱՏՕ-ի պոտենցիալը չեն կարող օգտագործվել այդ իրադարձություններում»: