Նաիրա Զոհրաբյանը՝ ԲՀԿ-ը խմբակցության ղեկավարը, Վահե Էնֆիաջյանը՝ քարտուղար
Այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընտրվել է խմբակցության ղեկավար, Վահե Էնֆիաջյանը՝ քարտուղար: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի քարտուղար Վահան Բաբայանը:
Վ.Բաբայանը հայտնեց նաև, որ խմբակցության ղեկավարի պաշտոնում Ն.Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրել է Լյովա Խաչատրյանն ու, բնականաբար, կողմ է քվեարկել: Հիշեցնենք, որ կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ Լ.Խաչատրյանը ձեռնպահ էր մնացել ԲՀԿ նախագահի ընտրության ժամանակ:
Թեև օրեր առաջ Ն.Զոհրաբյանը հայտարարել էր, որ խմբակցության նիստ հրավիրվելու է այն ժամանակ, երբ բոլոր ԲՀԿ-ական պատգամավորները կկարողանան մասնակցել, սակայն այսօրվա նիստից բացակայել են դեռևս կուսակցության անդամներ Աբրահամ Մանուկյանն ու Տիգրան Ուրիխանյանը: Վ. Բաբայանը նրանց բացակայության մասին խորհուրդ տվեց հարցնել հենց իրենց՝ հավելելով, որ Աբրահամ Մանուկյանի՝ կուսակցությունից դուրս գալու մասին դիմում չունեն:
Նա նշեց, որ քվորում եղել է, մասնակցել է 19 պատգամավոր. «Մնացած մյուս հարցերով ես հարգանքով եմ մոտենում մեր բոլոր գործընկերներին, դա իրենց սուբյեկտիվ որոշումն է, գուցե ինչ-որ պատճառներ եղել են, որ չեն մասնակցել»: