Առայժմ 3 կուսակցություն է դիմել ԿԸՀ
Վաղն ավարտվում է մայիսի 3-ին նախատեսվող խորհրդարանական ընտրություններում թեկնածուների առաջադրման ժամկետը։ Ինչպես Karabakh-open.info-ին տեղեկացրեցին ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից այս պահի դրությամբ համամասնական ընտրակարգով թեկնածուների ընտրական ցուցակներ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել 3 կուսակցություններ։ Արցախի կոմունիստական եւ «Շարժում 88» կուսակցությունները՝ ընտրական ցուցակներում 14-ական, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը` 35 թեկնածուների ընդգրկմամբ։
Ի դեպ, արդարադատության նախարարության պետական ռեգիստրի բաժնի տվյալներով՝ Արցախում գրանցված է 12 կուսակցություն։
ԼՂՀ տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տրամադրած նախնական տեղեկությունների համաձայն` հանրապետության 11 ընտրատարածքներից 9-ում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են 19 քաղաքացիներ, ընդ որում` նրանցից 5-ը ինքնաառաջադրման ձեւով: 2-ական թեկնածուներ առաջադրել են «Ազատ Հայրենիք» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունները, 3-ը` Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, 7-ը «Շարժում-88» կուսակցությունը: Մեծամասնական ընտրակարգով առաջադրված քաղաքացիներից 10-ն անկուսակցական են, փոխանցում է ԿԸՀ կայքը: