Բաժիններ՝

Վլադիմիր Պուտինը կարող է կրկնել Նիկիտա Խռուշչովի ճակատագիրը. Stratfor

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է կրկնել խորհրդային առաջնորդ Նիկիտա Խռուշչովի ճակատագիրը: Այդպես են կարծում ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնի փորձագետները:

Նրանք հիշեցրել են, որ 1964 թվականի հոկտեմբերին, երբ Նիկիտա Խռուշչովը վերադարձել է արձակուրդից, իմացել է, որ այլևս չի գլխավորում ԽՍՀՄ-ը: Պաշտոնից նրան հեռացրել է Լեոնիդ Բրեժնեևը, որին նա վսստահել է և համարել է իր հովանավորյալ:

Stratfor-ի փորձագետները կարծում են, որ նույնը կարող է տեղի ունենալ նաև Վլադիմիր Պուտինի պարագայում: Նրանք հիշեցրել են, թե Ռուսաստանի ներկայիս նախագահն ինչպես է կառուցել իր քաղաքական կարիերան և ինչպես է եկել իշխանության:

Փորձագետների կարծիքով՝ Պուտինը Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինի իրավահաջորդ է դարձել նրա համար, որ Կոսովոյի պատերազմի ժամանակ Կրեմլը ցուցաբերել է քաղաքական ու ռազմական պլանում Արևմուտքին դիմակայելու իր անընդունակությունը:

Կարդացեք նաև

Այն ժամանակ Ելցինը բողոքել է դրա դեմ, սակայն ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին չի հետաքրքրել Ռուսաստանի դիրքորոշումը՝ հաշվի առնելով 1990-ական թվականներին նրա կործանված բանակն ու տնտեսությունը: Եվ թեև Կրեմլին հաջողվել է ի վերջո հասնել Կոսովո խաղաղապահներ մտցնելուն ու ռուսական բանակի առաքելության զգալի մասնակցությանը, այնուամենայնիվ, Ռուսաստանն այդպես էլ կարևոր կողմ չդարձավ Կոսովոյի հակամարտությունում:

Ընտրվելուց հետո Պուտինին շնորհվել է կոշտ տիրակալի դեր, որն անհրաժեշտ փոփոխություններ կկատարի բանակում: Մինչև նախորդ տարվա դեպքերը նրան հաջողվել է կատարել այդ առաջադրանքը: Փորձագետները կարծում են, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելը Պուտինի համար դարձավ կոպիտ սխալ:

Այն բանից հետո, ինչ Ուկրաինայի ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչը «Մայդանի» բողոքի ակցիաների պատճառով փախավ երկրից, իսկ Կիևում ամրապնդվեց արևմտամետ կառավարություն, Պուտինը հուսով է եղել, որ Ուկրաինայի արևելքում կսկսվի զանգվածային ըմբոստություն, սակայն դա տեղի չունեցավ:

Դրա համար էլ նա գնաց ռազմական ագրեսիայի՝ գրավելով Ղրիմն ու ոչ մեծ տարածք Դոնբասում, որը նա փաստացիորեն վերահսկում է նաև ներկայումս: Սակայն դրա հետ մեկտեղ նա կորցրեց Կիևի վրա իր ազդեցությունը: Պուտինի պահեստային պլանով նախատեսվում էր Ուկրաինան ու էներգետիկ շանտաժն օգտագործել նրա համար, որ Եվրոպային ու ԱՄՆ-ի պառակտի Ռուսաստանի դեմ դիրքորոշումների հարցում:

Սակայն մալայզիական «Բոինգ 777» ինքնաթիռի կործանումը խափանեց այդ պլանները: Եվրոպացիների ու ամերիկացիների հաար ակնհայտ դարձավ, որ հենց Ռուսաստանն է ռուսամետ զինյալներին հատկացրել ՀՕՊ-ի միջոցներ, ինչպես նաև ուղարկել է զինվորականներ, քանի որ նրանք չէին կարող օգտագործել այդ միջոցները: Դրա համար էլ չստացվեց Արևմուտքին պառակտելը:

Այդ պահից սկսած՝ Պուտինն արդյունավետ ու փորձառու տիրակալից վերածվեց վտանգավոր, անիրազեկ քաղաքական գործչի, ով աջակցում է զինյալների անհույս պայքարին՝ նրանց մատակարարելով զենք:

Փորձագետները կարծում են, որ Պուտինի ճակատագիրն արդեն իսկ վճռված է, և նրան սպասում է նույն սցենարը, ինչ որ Նիկիտա Խռուշչովի պարագայում: 1964 թվականին խորհրդային առաջանորդն իր համար անհաջող ավարտեց ԱՄՆ-ի հետ հակամարտությունը, որի ժամանակ սպառնացել էր միջուկային զենք տեղակայել Կուբայում:

Դա նվազեցրեց նրա աջակցությունը կուսակցական էլիտայի շրջանում: Խորհրդային տնտեսության անկումը նույնպես շահավետ չեղավ Խռուշչովի համար: Դրա համար էլ նրա համակիրները «պաշտոնանկ արեցին» նրան և ԽՄԿԿ Կենտկոմի նախագահ նշանակեցին Լեոնիդ Բրեժնևին:

Միջազգային քաղաքականությունում կրած պարտությունն ու տնտեսական անհաջողությունները պաշտոնից հեռացրին տվյալ ժամանակվա ամենաավտորիտար առաջնորդներից մեկին: Այսօր էլ Ռուսաստանի տնտեսությունը գտնվում է աղետալի վիճակում: Ցուցանիշներն ավելի վատն են, քան Խռուշչովի կամ Ելցինի ժամանակներում էր, և մոտակա տարիներին դրանք չեն բարելավվելու:

Ուկրաինայի պատերազմի պատճառով Ռուսաստանի տնտեսական աճը կանգնել է և սկսվել է խորը ռեցեցիա: Պետպարտքը կրկնապատկվել է վերջին 4 տարում, իսկ Ռուսաստանի մի շարք տարածաշրջաններ ընդհանրապես սնանկության շեմին են: Միևնույն ժամանակ երկրում արդեն իսկ սնանկացել են արդյունահանող ու մետալուրգիական մի շարք ընկերություններ:

Ուկրաինայի պատերազմն է՛լ ավելի վատթարացրեց Ռուսաստանի տնտեսական դրությունը: Զինված հակամարտության միայն առաջին կիսամյակի ընթացքում կապիտալի արտահոսքը կազմել է 76 միլիարդ դոլար: 2014 թվականին 50 տոկոսով նվազել են արտերկրից արվող ուղիղ ներդրումները:

Եվ այդ ամենը տեղի ունեցավ նավթի գնանկման ֆոնին: Պուտինի համբավը կտրուկ աճեց Սոչիում Օլիմպիական խաղերը հաջողությամբ անցկացնելուց ու Ղրիմն օկուպացնելուց հետո: Եվ դա զարմանալի չէ, քանի որ նա իր քաղաքական կարիերան կառուցել է կոշտ տիրակալի իմիջի վրա:

Ռազմական հաջողությունները ռուսաստանցիներին շեղում են տնտեսական լուրջ խնդիրներից: Սակայն իրականությունը մեծ մարտահրավեր է դարձել Պուտինի ու նրա վարչակարգի համար: Փորձագետներն ընդգծում են, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կամ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը պակաս հանրաճանաչ չեն ռուսաստանցիների շրջանում, քան՝ գործող նախագահը:

Չի բացառվում, որ մոտ ժամանակներս աճի նրանց վարկանիշը: Կրեմլում հեղաշրջում կարող են կազմակերպել նաև Պուտինի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովն ու Անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլայ Պատրուշևը: Կան նաև այլ հավակնորդներ:

Վերջիվերջո, ո՞վ կարող էր մտածել, որ Միխայիլ Գորբաչովին պաշտոնանկ կանեն: Պատմությունը վկայում է, որ այն առաջնորդները, որոնք իրենց քաղաքականությունը կառուցում են «մկանների» վրա և դրա հետ մեկտեղ գործում են տնտեսական կոպիտ սխալներ, չեն գոյատևում:

Պուտինի շրջապատում արդեն իսկ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ունակ են նախագահ աշխատել ավելի լավ, քան՝ նա: Նրանք, ինչպես և Եվրոպայի առաջնորդների մեծ մասը, ցանկանում են, որ Ռուսաստանի ներկայիս նախագահը հրաժարական տա: Եվ դա ձեռնտու է խռովարարներին:

Պուտինի վարչակարգի տապալումից հետո նույնպես պետք չէ Ռուսաստանում ակնկալել ժողովրդաարական փոփոխություններ, քանի որ նա 15 տարվա ընթացքում կառուցել է իշխանական տոտալիտար համակարգ, որից ձերբազատվելը կլինի դժվար: Բացի այդ, Պուտինը Կրեմլ է վերադարձրել խորհրդային մի շարք տարրեր:

Օրինակ, նրա մերձակա շրջապատը, որն ընդունում է բոլոր կարևոր որոշումները, հանդիսանում է ԽՍՀՄ-ի «Քաղբյուրոյի համարժեքը»: Եվ խորհրդային ժամանակների նման այդ «Քաղբյուրոյում» նույնպես կարող են տեղի ունենալ ինտրիգներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս