Պետք է բանակցել ռուսների հետ «Նաիրիտի» պարտքը սառեցնելու ուղղությամբ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը իր այսօրվա համարում գրում է.

ՀՀ հանրային խորհուրդը «Նաիրիտ» գործարանի վերագործարկման ծրագիրն է մշակել, որի համաձայն, գործարանը հնարավոր է աշխատեցնել՝ ընդամենը 55 մլն դոլարի ներդրում կատարելով։ ՀԽ մասնագետները հաշվարկել են, որ այդ դեպքում 1,5 տարի նախապատրաստական աշխատանքներից հետո «Նաիրիտը» կաշխատի տարեկան 17 մլն դոլարի շահույթով եւ տարեկան 100-120 մլն դոլարի համարժեք համախառն ներքին արդյունք կտա։ Իսկ սա Հայաստանի ՀՆԱ– ի 1 տոկոսն է։

Այս թվերը «Հրապարակին» ներկայացրեց ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վագգեն Սաֆարյանը։ Ըստ նրա, այս պահի դրությամբ գործարանի պարտքը 105 մլրդ դրամ է, որից 7 մլրդ–ն աշխատավարձի պարտքն է, 2,5 մլրդ-ը՝ հոսանքի եւ գազի, 25 մլրդ դրամը բյուջեի պարտքն է, եւ 180 մլն դոլար կազմում է «Մեժգոսբանկի» պարտքը։

«Հայաստանի կառավարությունը պետք է բանակցություններ վարի ռուսական կողմի հետ եւ առժամանակ սառեցնի այդ պարտքը, մինչեւ որ «Նաիրիտը» կկարողանա վերադարձնել այն։ «Նաիրիտը» պետք է աշխատի պետություն-մասնավոր գործընկերության տիրույթում։ Պետությունը պետք է ինքը որոշակի գումար դնի եւ հրավիրի մարդկանց, ովքեր ցանկանում են բաժնետեր դառնալ»,-ասաց Վազգեն Սաֆարյանը։

Խորհրդային շրջանում «Նաիրիտը» մեր տնտեսության լոկոմոտիվն էր, զարկ էր տալիս ամբողջ տնտեսությանը։ Հարցին, թե հիմա հնարավո՞ր է, աշխատացնելով այս գործարանը, նույն արդյունքն ստանալ, Վ. Սաֆարյանը պատասխանել է.

«Իհարկե։ Սա դրա համակարգաստեղծ գործարան է, որի արտադրանքի վրա կարող են աշխատել մի շարք այլ արդյունաբերական ուղղություններ։ Նա կարող է ոչ միայն քլորոպրենայիև, այլեւ ստիրոլային, իզոպրենային կաուչուկ արտադրել, որոնք կարելի է ավտոդողերի արտադրության մեջ օգտագործել, կաուստիկ սոդա արտադրել, որն Իրանում պահանջված նյութ է։ Մենք պետք է ձգտենք, որ այս գործարանն աշխատի իրանական գազով, որովհետեւ դրանում մեթանի պարունակությունը համեմատաբար քիչ է, ապա ավելի շատ է ստացվում ացետիլենը»։

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս