Սերժ Սարգսյանը ներկաներին կոչ արեց գնահատական տալ Ադրբեջանի վարքին

«Այս շաբաթը մեզ համար կարելի է, իրոք, եվրոպական շաբաթ համարել: Երևանում անցկացվում է «Եվրանեսթի» Խորհրդարանական վեհաժողովի նիստը, հետո ես մեկնելու եմ Բրյուսել՝ մասնակցելու ԵԺԿ գագաթաժողովին, հանդիպելու եմ ԵՄ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: Մի քանի օր հետո ՀՀ-ում կկայանա ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը»,- այսօր ՀՀ Ազգային ժողովում «Եվրանեսթի» ԽՎ 4-րդ լիագումար նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ շեշտելով, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով:

Նա վստահություն հայտնեց, որ ընդգրկված կարևոր հարցերի շուրջ ընթացող քննարկումները կնպաստեն ԵՄ-ի և գործընկեր երկրների միջև համագործակցության խորացմանը տարբեր բնագավառներում: Ըստ Ս.Սարգսյանի՝ ճիշտ ժամանակն է նաև մտքեր փոխանակել Հարևանության քաղաքականության և Ռիգայի գագաթաժողովի շուրջ: Նա կարևորեց նաև միջխորհրդարանական համագործակցությունը:

Ս.Սարգսյանի խոսքով՝ ՀՀ-ն ազատ խոսքի, ազատ մամուլի երկիր է, ունենք կայացած քաղաքացիական հասարակություն, որ գիտի, թե ինչպես պայքարել իր տեսլականը կյանքի կոչելու համար, ինչպես հասնել արդյունքի: ՀՀ նախագահը շեշտեց, որ ՀՀ-ն հանձնառու է զարգացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների, դատական համակարգի, իրավունքի գերակայությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղհասարակության ամրապնդմանը, գործարար միջավայրի բարելավմանը և ոլորտային համագործակցության ընդլայնմանը:

Նա կարևորեց քաղաքացիների շփումներն ընդլայնելու և ազատ տեղաշարժի ապահովումը՝ նշելով, որ առաջիկայում քայլեր են ձեռնարկվելու ՀՀ քաղաքացիների համար՝ առանց մուտքի արտոնագրի ԵՄ երկրներ տեղաշարժն ապահովելու հարցում:

Ս.Սարգսյանը նշեց, որ այս տարի ՀՀ-ն ոգեկոչում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ըստ նրա՝ ՀՀ-ում հիշում են Եվրոպական խորհրդարանի դերը, որ եվրոպական կառույցներից առաջինն էր, որ իր բանաձևով դատապարտեց հայերի հանդեպ ոճրագործությունը: Նա շեշտեց, որ Ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի ողբերգությունն է, այլև երկարատև բացասական հետևանքներ ունի: ՀՀ  նախագահը շեշտեց, որ մարդու իրավունքների հանդեպ հարգանքն այն հենասյունն է, որ ընկած է ժողովրդավարության հիմքում:

Անդրադառնալով ԼՂ կարգավորման գործընթացին՝ Ս.Սարգսյանը նշեց, որ այս հարթակը չեն պատրաստվում օգտագործել ժողովուրդների միջև ատելություն սերմանելու համար, ինչպես եղավ Ադրբեջանում, այլ հնարավորինս պետք է համագործակցություն հաստատել:

Որպես ապացույց՝ նա նշեց հայկական պատվիրակության մասնակցությունը Բաքվում տեղի ունեցած միջոցառումներին և ցավ հայտնեց, որ Ադրբեջանի պատվիրակները չեն եկել Երևան: Սերժ Սարգսյան նշեց, որ Բաքուն ապակառուցողական դիրքորոշում է դրսևորում՝ հետ կանգնելով ձեռք բերվածից, փորձում է փոխել ՄԽ ձևաչափը, առանց համաձայնության գալու հիմնարար սկզբունքների շուրջ՝ փոխում են պայմանավորվածությունները. «Խնդրի բանալին գտնվում է ոչ թե Փարիզում կամ այլ տեղ, այլ Բաքվում, Ստեփանակերտում և Երևանում»:

Ս.Սարգսյանը ներկաներին կոչ արեց գնահատական տալ Ադրբեջանի վարքին: Նա նաև ընդգծեց, որ անկախ Ադրբեջանի սադրանքներից, խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

 

Տեսանյութեր

Լրահոս