Հին Թուրքիան այլևս չկա, կա նոր Թուրքիան. Էրդողան
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պաշտպանական արդյունաբերության միջոցառման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան պետք է մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ) վերջ դնի պաշտպանական արդյունաբերության ոլորտում արտաքին կախվածությանը:
Էրդողանը հայտարարել է, որ հին Թուրքիան այլևս չկա, կա նոր Թուրքիան, որը պատասխանատու չէ միայն իր տարածքների, իր քաղաքացիների համար: Էրդողանի խոսքերով՝ Թուրքիան պատմամշակութային ոլորտում ստանձնել է ավելի մեծ ու լայն պատասխանատվություն.
«Թուրքիան գտնվում է աշխարհի ամենաթեժ հակամարտություններն ունեցող տարածաշրջանում, Լիբիայից մինչև Սիրիա, Իրաքից մինչև Եմեն ընկած ողջ գոտին կրակի մեջ է: Արևելքում Հայաստանն ու Վրաստանն են, հյուսիսում Ուկրաինայի անհանգիստ գոտիներ են:
Մեր շրջապատի այդ ցնցումներն ազդում են տնտեսական, քաղաքական, սոցիալական, ինչպես նաև պաշտպանական ոլորտների վրա: Թուրքիան տարիներ շարունակ պայքարել է մղել ահաբեկչության (PKK) դեմ, որի ընթացքում զոհվել է 40.000 մարդ:
1990-ական թվականներին շատ կարևոր դեպքեր կատարվեցին: Թուրքիան պարփակվեց իր մեջ և խնդիրներին արձագանքելու որոնումների մեջ էր: Մենք օգնության ձեռք չմեկնեցինք մեր եղբայրներին:
Եթե 1990-ական թվականների սկզբի Թուրքիան լիներ այսօրվա Թուրքիայի նման, ապա տեղի չէին ունենայի այդ սպանդերը: Դա մասնավորապես վերաբերվում է Բոսնիայի դեպքերին, ինչպես նաև նույնը կարելի է ասել Ղարաբաղի հարցի և Մերձավոր Սրևելքի շատ հարցերին»: