Բաժիններ՝

Հանրային խորհրդի անդամների հետ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ բանավեճ է տեղի ունեցել

Բնապահպան, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը այսօր տեղի ուենցած ասուլիսի ժամանակ նշեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ մի փորք բանավեճ է տեղի ունեցել նախագահի և խորհրդի անդամների միջև:

Հիշեցնենք, որ մարտի 14-ին նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել էր Հանրային խորհրդի անդամների հետ, որի ժամանակ նաև հակիրճ ներկայացրել էր ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացը, տեղեկություններ հաղորդել օրերս հանրապետության մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ կայացած իր հանդիպումների և դրանց ընթացքում տեղի ունեցած քննարկումների մասին:

168.am-ը Կ. Դանիելյանին խնդրեց մանրամասնել, թե կոնկրետ ի՞նչ է տեղի ունեցել: Նա պատմեց, որ տնտեսական ենթահանձնաժողովների նախագահներից մեկը հարց է բարձրացրել, որ Սահմանադրության մեջ պետք է առանձին կետ մտցնել այն մասին, որ եթե սեփականաշորհվել է որևէ տնտեսական օբյեկտ և այն չի գործում, ապա պետությունն իրավունք ունի այն ազգայնացնելու: Նախագահը պատասխանել է, որ դա ոչ թե Սահմանադրության, այլ օրենքի խնդիր է և հիմանակում չեն գործում այն օբյեկտները, որոնք շահավետ չեն, և սեփականատերն ի վիճակի չէ դա աշխատեցնելու և դրա համար չի կարողանում աշխատեցնել, այսինքն՝ այն մրցունակ չէ շուկայում:

Կ. Դանիելյանը միացել է բանավեճին՝ ասելով, որ միշտ չէ, որ դա ոչ շահավետ է և ոչ մրցունակ, լինում են դեպքեր, երբ շինությունն ուղղակի պահում են ապագայի համար. «Օրինակ բերեցի «Դվինի» շենքը, որ քանի տարի քաղաքի կենտրոնում որպես աղբավայր էր՝ քանդված վիճակում: Նախագահն ասաց՝ «դուք ինչպես միշտ բերում եք անհաջող օրինակներ», և որ արդեն «Դվինի» շենքը վերակառուցվում է: Դա իրոք այդպես է, բայց քանի տարի դա մնացել է որպես աղբավայր: Նախագահը նաև ասաց, որ Սահմանադրության մեջ, հակառակը, պետք է ֆիքսվի, որ մասնավոր սեփականությունը անձեռնմխելի է, այն հիմա կա և էլի կլինի: Ես դրա մասին չեմ խոսել, բայց, իհարկե, մի կողմից անձեռնմխելի է, մյուս կողմից՝ 1995-ից, 1994-ից սկսած մենք այդ հարցերը բարձրացրել ենք, որ ուղղակի ծանոթ-բարեկամ կամ ուղղակի կոռուպցիոն սկզբունքով սեփականաշնորհումը տեղի ունեցավ, և կաթվածահար եղավ ամբողջ երկրի տնտեսությունը, և միշտ չէ, որ դա մրցունակ չի եղել, ինչպես ասում էր Համաշխարհային բանկը կամ այն ժամանակվա կառավարությունը: Շատ հաճախ ավելի շահավետ է միանգամից ամբողջ եղած գույքը, տեխնիկան վաճառել որպես մետալալոն, հետո ներդրում իրականացնել»:

Կարդացեք նաև

Մեր հարցին՝ ինչո՞ւ է նախագահը ասել՝ «ինչպես միշտ վատ օրինակ եք բերում», նախկինում է՞լ եք բանավիճել ինչ-որ հարցի շուրջ, Կ.Դանիելյանն այսպես պատասխանեց.

««Փակ շուկայի» հարցի քննարկման ժամանակ էր: Դե, այնտեղ ուզում էին մի 14 հարկանի էլ հյուրանոց կառուցեին, ես ասացի, որ երևանցիները շատ ծանր են ընկալում կորուստները, որովհետև անկախության տարիներին պատմամշակութային ժառանգությունն ուղղակի ոչնչացվում է: Օրինակ բերեցի Ջամփոլադյանների թատրոնը, որը հետո սպայի տուն էր դարձել: Նախագահին դա բալորովին դուր չեկավ, ինքը չհամաձայվեց, ու շատ բացասական արտահայտվեց այդ շենքի և իմ բերած օրինակների վերաբերյալ»:

Կ. Դանիելյանը խոսել է նաև կայուն զարգացման գաղափարը Սահմանադրության մեջ ներառելու մասին:

Մենք նաև հետաքրքրվեցին՝ թե այդ մասով ի՞նչ է ասել նախագահը: Կ.Դանիելյանը պատասխանեց՝ նախագահը ոչինչ չի ասել. «Բայց հանձաժողովի հետ մենք խոսել են դրա մասին, հանձնաժողովը եկել է ԱԺ, մենք խոսել ենք դրա մասին: Հանձնաժողովի համար ընդունելի էր, բայց դա բանավոր ասացին: Հիմա տեսնենք՝ տեքստում ինչպես կընդգրկվի, որովհետև առանձին կետերով մենք ունենք էկոլոգիական կետեր նշված, բայց դա քիչ է, ընհանուր գաղափարախոսությունը պետք է լինի, որ երևա, որ իրոք Սահմանադրությունը սոցիալական, էկոլոգիական ուղղվածություն ունի, և դա հենց ապահովում է կայուն զարգացման սկզբունքները»:

Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք, կընդունե՞ն Ձեր առաջարկը, Կ. Դանիելյանը պատասխանեց, որ չի կարող հստակ ասել. «Դեռ սպասենք, տեսնենք, դեռ այնքան ժամանակ կա անցնելու, որ կարող է առհասարակ չընդունվի, կարող է ընդունվի՝ առանց համապատասխան փոփոխությունների, կարող է ընդունվել այն փոփոխություններով, որ մենք ենք առաջարկել»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս