Հայաստանյան բանկերը դեռ հեռու են ճգնաժամից, սակայն հեղինակության և կառավարման խնդիր ունեն
Հայաստանի տնտեսությունը հիմա, առավել քան երբևէ, կարիք ունի վարկավորման: Փոխարժեքի տատանումը, բնակչության գնողունակության անկումը և արտաքին մի շարք գործոններ այսօր տեղական շատ ընկերությունների դժվար կացության մեջ են դրել, քանի որ հետագա գոյությունը պահպանելու համար նրանք վարկավորման կարիք ունեն: Մինչդեռ հայաստանյան բանկերն ակնհայտորեն կրճատել են վարկավորման ծավալները: Այս իրավիճակում որոշ բանկերում սկսել են օպտիմալացումների գնալ՝ սկսելով աշխատակազմից:
Բանկային ոլորտի մասնագետ Արարատ Ավագյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով իրավիճակին՝ նշեց, որ բանկերը հիմնականում բիզնես վարկեր տրամադրում են այն ընկերություններին, որոնց հետ երեք և ավելի տարիների համագործակցության փորձ ունեն, ընդ որում, ռիսկերի գնահատման նոր՝ ավելի խիստ չափանիշերով:
«Ավելի մանրամասն են դիտարկվում հարկային հաշվետությունները, ընթացիկ ծախսերի պլանը, նոր պայմանագրերի առկայության փաստը: Այսինքն՝ բանկն ուզում է համոզված լինել, որ ընկերությունն աշխատող է, ծրագրեր կան, եկամուտների հոսք լինելու է: Նախկինում ևս այս կետերը կարևոր էին, սակայն այդքան էլ որոշիչ չէին, հիմա բանկն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում երաշխավորների և գրավադրվող գույքի վրա»,- հայտնեց Ավագյանը:
Նրա խոսքով՝ գույքը գրավադրվում է շուկայականից անհամեմատ ավելի էժան գներով և, ըստ էության, հենց այս փուլում բանկն իր ռիսկերը գրեթե զրոյացնում է: Այս վիճակը, ըստ մեր զրուցակցի, կարող է հանգեցնել նրան, որ որոշ բանկեր, չնայած իրենց կապիտալիզացիայի կայուն մակարդակին, սկսեն այլընտրանքային լուծումներ գտնել, որովհետև նրանք երկար չեն կարող անգործունակ մնալ: Ինչ վերաբերում է սպասվող բանկային ճգնաժամին, մասնագետը տեղեկացրեց, որ հիմա բանկերի մեծ մասի մոտ ոչ թե ֆինանսական ճգնաժամ է, այլ՝ հաճախորդների մոտ հեղինակության անկման, ճիշտ կառավարման, և այլն:
«Ի վերջո, բանկերը ծախսեր են անում, չեն կարող երկար ժամանակ, այսպես ասած, չաշխատել։ Այստեղ հիմնականում խնդիրը ժամկետների մեջ է, թե ինչքան ժամանակ կշարունակվեն տնտեսության վրա արտաքին գործոնների ծանր հետևանքները»,- նկատեց Ա. Ավագյանը՝ հավելելով, որ մինչև տարվա երկրորդ կես դրական փոփոխության միտված զարգացումներ չկան:
Global Ltd ներդրումային ընկերության տնօրեն Սամսոն Ավետյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին առկա վիճակը սխալ է դիտարկել՝ որպես բանկային ճգնաժամ, քանի որ յուրաքանչյուր տնտեսություն անցնում է զարգացման տարբեր ցիկլերով, որի ժամանակ բանկերը սկսում են ավելի քիչ ռիսկեր վերցնել իրենց վրա:
«Նման իրավիճակներում կազմակերպությունները սնանկանում են, որոշ բանկեր սկսում են չաշխատել, բանկերը ռիսկերը նվազեցնում են և վարկերի քանակը քչացնում: Սա բնական երևույթ է, իսկ Հայաստանի տնտեսությունը, ինչպես տեսնում եք, թույլ է ու շարունակում է թուլանալ»,- նշեց նա:
Ս. Ավետյանի խոսքով, Հայաստանում բանկային ոլորտը բավականին կայուն է եղել և դեռ հեռու է ճգնաժամից, իսկ ոլորտի և տնտեսության ամենամեծ խնդիրն արտարժույթի հետ է կապված. «Արժույթը լավացնելու համար արվող քայլերը երկարաժամկետ լավ լուծումներ չեն: Եթե դու ունենաս արտարժույթի պակասուրդ, տեղական արժույթն արժեզրկվելու է, չես կարող երկար այդպես աշխատել, անվերջ վարկեր վերցնել, պետք է արտահանումը զարգացնես, որ խնդիրն օպտիմալ լուծում ստանա»:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ 15 տարի է` փորձում են լուծել այս խնդիրը. այսօր ևս այդ ուղղությամբ քայլեր են տարվում, սակայն դրանք երկարաժամկետ չեն: