Եվրախորհրդարանը եվրոպական բոլոր երկրներին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Asbarez պարբերականի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանը երեկ հավանության է արժանացրել Աշխարհում մարդու իրավունքների ու ժողովրդավարության մասին իր տարեկան զեկույցը, որում նա համառորեն եվրոպական բոլոր երկրներին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Զեկույցի 77-րդ կետում նշված է. «Առջևում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, Եվրոպական խորհրդարանն անդամ բոլոր երկրներին կոչ է անում իրավական առումով ճանաչել այն և ԵՄ-ի անդամ երկրներին ու ինստիտուտներին կոչ է անում հետագայում ներդրում ունենալ դրա ճանաչման մեջ»:

Եվրոպայի հայկական (կազմակերպությունների) դաշնությունը ողջունել է այդ զեկույցը՝ արդարության ու ժողովրդավարության համար և հայտարարել է, որ ակնկալում է, որ ԵՄ-ը ճնշում կգործադրի Թուրքիայի վրա և համառորեն այդ երկրին կոչ կանի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

EAFJD-ն (Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական կազմակերպությունների դաշնությունը) նույնպես ողջունել է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որում մարդու իրավունքների հարցը դրվում է երրորդ երկրների ու կողմերի հետ գրեթե բոլոր բանակցությունների բարձրակետում:

EAFJD-ն ընդգծել է, որ մի քանի տարի սպասել են այդ զեկույցին, որի շրջանակներում պաշտպանության տակ են առնված բոլոր խոցելի խմբերը, փոքրամասնություններն ու ժողովուրդները:

Նախորդշաբաթ Եվրոպական խորհրդարանի խոշորագույն քաղաքական խմբի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական վեհաժողովը բանաձև էր, որում դատապարտել էր Հայոց ցեղասպանության իրագործումը և Թուրքիային կոչ է արել ճանաչել այն:

«Հայոց ցեղասպանություն, թուրքական պատասխանատվություն և եվրոպական արժեքներ» խորագրով բանաձևը հաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, դրանում նշված է, որ արևմտյան մի շարք երկրների՝ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի արխիվներում կան անհերքելի ապացույցներ երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության իրականացման մասին:

Բանաձևը նաև դատապարտում է Թուրքիայում հայկական հազարավոր մշակութային հուշարձանների ոչնչացումը: Բանաձևում Թուրքիային կոչ է արվում առերեսվել սեփական պատմության հետ և ի վերջո ճանաչել Հայոց ցեղասպանության իրողությունը, վճարել փոխհատուցում, ինչպես որ հարիր է եվրոպական երկրին, և առանց սահմանափակման ապահովել հայ ժողովրդի վերադարձի ու իրենց ազգային օջախի հետ անվտանգ վերամիավորման իրավունքը:

Տեսանյութեր

Լրահոս