Արծվիկ Մինասյան. «Անհրաժեշտություն կար, որ մեր առաջարկությունները քննարկվեն նաև ՀՀ նախագահի հետ»
«Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հրապարակվել է, մենք էլ հրապարակել ենք դրա վերաբերյալ մեր առարկությունները: Անհրաժեշտություն կար, որ մեր առաջարկությունները քննարկվեն նաև ՀՀ նախագահի հետ: Այժմ այդ քննարկումներն են տեղի ունեցել: Եվ գրեթե բոլոր կետերով կա փոխադարձ ընկալում: Ավելին՝ մեր առաջարկությունները գրեթե ամբողջությամբ իրացման ենթակա են»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ խոսելով Սերժ Սարգայանի հետ սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հանդիպումների մասին:
Նա նշեց, որ սահմանադրական բարեփոխումների ճանապարհային քարտեզը քննարկման փուլում է, բարեփոխումների կետերի հարցում լիակատար համաձայնություն է թե՛ անկախ դատական, թե՛ ՏԻՄ, թե՛ իշխանության թևերի փոխադարձ զսպումների, թե՛ ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերությունների հարցում դիրքորոշումները համընկնում են:
Ըստ նրա՝ սահմանադրական բարեփոխումների կոնկրետ տեքստը մասնագիտական մշակման և աշխատանքի արդյունք պետք է լինի: Ա.Մինասյանը նշեց, որ այս կոնսուլտացիաների արդյունքում, կախված մյուս ուժերի դիրքորոշումից և նախագահի որոշումից, կորոշվի սահմանադրական բարեփոխումների տեքստի մշակման փուլայնությունը:
Մինասյանի խոսքով՝ առարկություն չկա, որ ճիշտը համամասնական ընտրակարգն է, խնդիրը ժամկետներն են, որ վերջնական չեն: Նա նշեց, որ սահմանադրական փոփոխությունների երկրորդ հստակ ազդակն ու ասպեկտը վերաբերում է քաղաքական համակարգի առողջացմանը և խոսքը վերաբերում է թե՛ ընդդիմության, թե՛ քաղաքական ուժերի հզորացմանը, որը ենթադրում է նաև ֆինանսական հզորացում, քաղաքական ուժերի պատասխանատվության հստակ ամրագրում:
Ըստ նրա՝ մյուս կողմը մարդու իրավունքներին է վերաբերում, մարդու սոցիալական, տնտեսական, քաղաքական իրավունքների ամրագրմանը: Մինասյանը նկատեց, որ հաճախ շատ պրիմիտիվ մակարդակի վրա են դրվում սահմանադրական փոփոխությունները՝ խորհդարանակա՞ն, թե՞ նախագահական համակագ, մինչդեռ այն մեր կյանքն է, առօրյան է և դրա համար շատերը չեն պատկերացնում դրա կարևորությունը: Մինչդեռ, ըստ Մինասյանի, դրա ընդունումից հետո քաղաքացին ամենօրյա կյանքում կզգա փոփոխությունները և դրանց երաշխավորը կառավարման խորհրդարանական համակարգն է, որը շատ ավելի ժողովրդավար է:
168.am-ի հարցին, թե ո՞ր կետերի շուրջ չկա համաձայնություն, Ա.Մինասյանը հրաժարվեց նշել դրանք՝ հիմնավորելով, որ կոնսուլտացիաները դեռ շարունակվում են և միայն ավարտից հետո ավելի հստակ կարող են ասել: