Վրաստանի հետ մաքսային համաձայնագիրը չի խաթարում Աբխազիայի ու Հարավային Օսիայի կարգավիճակը. Լավրով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, որ 2011 թվականի նոյեմբերի 9-ին Ժնևում Ռուսաստանի ու Վրաստանի միջև ստորագրված մաքսային վարչարարության ու ապրանքների առևտրային մոնիթորինգի մասին կնքված համաձայնագիրը չի խաթարում Աբխազիայի ու Հարավային Օսիայի կարգավիճակը՝ որպես անկախ երկրներ.
«Այդ համաձայնագիրը չի խաթարում Աբխազիայի ու Հարավային Օսիայի կարգավիճակը՝ որպես նորանկախ երկրներ, և այն թե՛ Սուխումի, թե՛ Ցխինվալի համար չի առաջացնում որևէ պարտավորություն, և նրա գործունեությունը չի տարածվում Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքների վրա: Այն առնչվում է 2008 թվականի օգոստոսից հետո Ռուսաստանի ու Վրաստանի սահմաններում գտնվող տարածքներին»:
Լավրովն այս հայտարարությունն արել է Աբխազիայի արտգործնախարար Վյաչեսլավ Չիրիկբայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Լավրովն ընդգծել է, որ ներկայումս կա ձգտում, որ այդ համաձայնագիրն արդեն սկսի գործել: