Բաժիններ՝

Սինգապուրի Չինական միջազգային դպրոցում հայերեն են դասավանդում. հարցազրույց. news.am

Սինգապուրը Հարավարեւելյան Ասիայի կղզիներից մեկի վրա գտնվող քաղաք-պետություն է՝ ավելի քան 5 մլն բնակչությամբ։

Սինգապուրն ընդգրկված է, այսպես կոչված, «ասիական վագրերի քառյակում» եւ համարվում է աշխարհի ամենազարգացած եւ հարուստ երկրներից մեկը:

Հայերը Սինգապուրում հաստատվել են 18-րդ դարի վերջին: Նրանք հիմնականում այստեղ են տեղափոխվել Մալայզիայից, Հնդկաստանից եւ Նոր Ջուղայից: Ներգաղթի երկրորդ ալիքը Սինգապուր է բերել հայերի փոքրիկ խմբի Պարսկաստանից եւ Կալկաթայից: Ներգաղթի երրորդ ալիքը 20-րդ դարի սկզբին էր, հիմնականում՝ Իսպահանից:

Չնայած փոքրաթիվ համայնքին, հայերին հաջողվել է զգալի հետք եւ դրական հիշողություններ թողնել Սինգապուրի պատմության մեջ:

NEWS.am-ն ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում Սինգապուրի Չինական միջազգային դպրոցի ավագ դպրոցի տնօրեն Վահագն Վարդանյանի հետ հարցազրույցը՝ ներկայում կղզում բնակվող հայերի կյանքի եւ գործունեության վերաբերյալ։

Սովորաբար հայերն արագ եւ հաջողությամբ ձուլվում են ընդունող երկրներում: Ի՞նչ կասեք դրա մասին:

Եթե դու որոշակի մշակույթի կրող ես, ապա նաեւ պատասխանատվության որոշակի բեռ ունես: Չէ՞ որ քեզանից առաջ այդ մշակույթն ու լեզուն նախնիներդ արյան գնով են փորձել պահպանել: Ունե՞ս արդյոք այսօր դա կորցնելու իրավունքն։ Երբ ամբողջությամբ ձուլվում ես, ազատվում ես այդ պատասխանատվությունից:

Որքա՞ն հայ է բնակվում Սինգապուրում: Նրանք հիմնականում զտարյուն հայե՞ր են, թե՞ խառնամուսնություններից ծնվածներ:

Կղզում բնակվող հայերին պայմանականորեն կարելի է 3 խմբի բաժանել։

Առաջին խումբն այն հայերն են, որոնք սերունդներով են այստեղ բնակվում: Նրանց հստակ թիվն ինձ հայտնի չէ, սակայն, կարծում եմ՝ 200-300 մարդ: Նրանց մեջ զտարյուն հայեր չկան: Ավելին, նրանք հայերեն չեն խոսում եւ չեն հաճախում հայկական եկեղեցի: Նրանց մեծ մասը կաթոլիկ կամ բողոքական է:

Երկրորդ խումբը սփյուռքից եկած հայերն են՝ 40-50 մարդ։ Ոմանք ժամանակավոր են բնակվում երկրում, իսկ մյուսների պարագայում կինը կամ ամուսինը Սինգապուրի քաղաքացի են:

Երրորդ խումբն էլ Հայաստանի քաղաքացիներն են՝ 25-30 մարդ: Նրանց Սինգապուր են գնացել աշխատանքային հրավերով եւ այնտեղ բնակվում են իրենց ընտանիքների հետ։

Ո՞ր ոլորտների մասնագետներ են նրանք:

Կա, օրինակ, ֆիզիկոս, շախմատի մարզիչ, ՏՏ ոլորտի մի քանի մասնագետներ բանկերում, ուսուցիչներ, գործարարներ: Ես միջազգային կրթության ոլորտում եմ աշխատում:

Երկրում հայկական դպրոց կա՞:

Դպրոց չկա, բայց կա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը Սինգապուրի առաջին եւ հնագույն եկեղեցին է: Հետաքրքիր է, որ եկեղեցի հաճախող հայերի թիվը չի գերազանցում եկեղեցում գոյություն ունեցող նստատեղերի թիվը։

Իսկ նստատեղերը քանի՞սն են:

Հարյուրից ոչ ավելի: Չնայած եկեղեցին արդեն շուրջ 80 տարի մշտապես չի գործում, տարին երկու-երեք անգամ Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներն այցելում եւ պատարագ են մատուցում:

Ո՞վ է հոգում եկեղեցու պահպանության ծախսերը:

Եկեղեցին ազգային հուշարձան է եւ պահպանվում է պետության կողմից: Ծախսերը հոգում են ինչպես Սինգապուրի հայերը, այնպես էլ հարուստ հայեր արտերկրից:

Մի փոքր պատմեք համայնքի մասին: Այն փոքրաթիվ է, իսկ քանի՞սն են ակտիվ:

Համայնքում 30-40 մարդ է ակտիվ: Մենք հավաքվում ենք տարեկան մի քանի անգամ, պատահում է՝ ավելի հաճախ: Համայնքի կազմը պարբերաբար փոխվում է, քանի որ հայերի մի մասը ժամանակավոր է բնակվում Սինգապուրում: Մի մասը մեկնում է, մյուսները՝ ժամանում: Սակայն եկեղեցին շարունակում է հայկական ինքնության կենտրոն մնալ:

Ժամանակին հայերը կարեւոր դեր են խաղացել երկրի զարգացման գործում: Աշխարհում ամենահայտնի հյուրանոցներից մեկը՝ Սինգապուրի «The Raffles Hotel»-ը, հիմնադրել են Սարգիս եղբայրները: «The Straits Times»-ը՝ ներկայում ամենազդեցիկ պարբերականը, հիմնել է Խաչիկ Մովսեսը: Աշխեն Հովակիմյանը ստացել է խոլորձի հայտնի տեսակը՝ «Վանդա միսս Ջոակիմը», որը Սինգապուրի ազգային ծաղիկն է: Բազմաթիվ հայեր նաեւ ոսկերչության ոլորտում են աշխատում: Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվել, որ հայ համայնքը չի աճել:

Բանն այն է, որ 1930-ականների Մեծ դեպրեսիայի ժամանակ որոշ հարուստ հայեր սնանկացան եւ չկարողացան վերականգնել նախկին ֆինանսական դիրքերը: Մյուսներն էլ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հեռացան տարածաշրջանից եւ հաստատվեցին աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ավստրալիայում:

Համայնքը հայերեն սովորելու հնարավորություն ունի՞:

Այդ հարցը քննարկվում է: Օրինակ՝ անցյալ տարվանից մեր կրթօջախի ավագ դպրոցում հայաստանցի ուսանողներին արդեն հայերեն են դասավանդում: Իսկ ընդհանրապես, ինչ վերաբերում է լեզվի պահպանմանը, շատ բան կախված է ընտանիքից: Ես կարծում եմ, որ եթե ծնողները տանը մայրենիով շփում ապահովեն, երեխաները չեն կտրվի ազգային մշակույթից:

Եկեք ընդհանուրից անհատականի անցնենք: Ձեր դուստրը շուրջ 7 տարի Ձեզ հետ միասին Սինգապուրում է ապրում: Ո՞ր լեզվով եք շփվում:

Տանը՝ բացառապես հայերեն:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս