Բաժիններ՝

Գողական կրքեր Հունաստանում

Ինչպես գրում է «Прайм Крайм»-ը, նախորդ շաբաթվա վերջին Հունաստանում տեղի ունեցած գողական հավաքի ժամանակ դադարեցվել են վերջերս «օրենքով գողի» կարգավիճակ ստացած 39-ամյա Գեորգի Մոդեբաձեի (Գիգա Օզուգեթսկի) լիազորությունները։ Գիգային կոչումից զրկելու հարցում մեծ դեր են խաղացել 80-ականների սերնդի քութայիսցի «օրենքով գողերը»՝ Շոթա Թևդորաձեն (Շոթիկո) և Գեորգի Էնդելաձեն (Տավա)։ Այս քայլով նրանք կասկածի տակ են դրել նաև Վաժա Բիգանիշվիլիի հեղինակությունը, ում նախաձեռնությամբ Գիգան «օրենքով գող» էր ճանաչվել։

Գործակալության տեղեկություններով՝ Գիգայի հակամարտությունը Տավայի և Շոթիկոյի հետ սկսվել է այս տարվա հունվարին։ Բանն այն է, որ գողական օրենքների համաձայն, որևէ մեկին «օրենքով գող» կնքելուց առաջ անհրաժեշտ է հարցնել այդ պահին հասանելի քրեական հեղինակությունների կարծիքը, կամ էլ կնքելուց հետո տեղյակ պահել նրանց։ Չնայած այն հանգամանքին, որ Շոթիկոն և Տավան այդ ժամանակ գտնվել են Հունաստանում, նրանց ոչ կանչել են, ոչ էլ տեղեկացրել այդ մասին։ Արդյունքում՝ Հունաստանում Գիգային հանդիպելով՝ այս երկուսը հայտարարել են, որ Գիգան «օրենքով գող» չէ, ծեծի են ենթարկել նրան և նրա միջոցով ողջույններ են փոխանցել Վաժային՝ դրդելով նրան պատասխան գործողությունների։

Գիգայի հետ խնդիրներ ունի նաև մեկ այլ «օրենքով գող»՝ Վալիկո Մժավիան (Վալո)։ Գիգային «օրենքով գող» ճանաչելու ժամանակ Վալոն նույնպես տեղյակ չի պահվել, թեկուզ նրան պարտավոր էին տեղյակ պահել, քանի որ Գիգային ուղղված հարցեր ուներ։ Փոխարենը, գողական կարգավիճակ ստանալուց անմիջապես հետո Գիգան՝ Դաթո Սեբիսկվերաձեի հետ միասին, հայտարարել էր, որ Վալոյին զրկել են գողական լիազորություններից։ Ըստ գործակալության, սակայն, փաստն այն է, որ այս պահին Վալիկոն «օրենքով գող» է, իսկ Գիգան՝ ոչ։

Վաժա Բիգանիշվիլին, իր գործելաոճին հավատարիմ մնալով, նախընտրել է չսրել կոնֆլիկտը և հարցերը լուծել խաղաղ ճանապարհով։ Սակայն Շոթիոկն և Տավան, տեսնելով, որ Վաժան տատանվում է, իրենք են որոշել հստակություն մտցնել և այս հարցը քննարկման են դրել նշված հավաքի ժամանակ։ Արդյունքում՝ Գիգային՝ առանց գողական կոչումի, ուղարկել են Վալոյի հետ հաշիվները պարզելու։ Իսկ Վաժային կշտամբել են հովանավորյալների հարցում ոչ հետևողական գտնվելու համար։ Նրան նաև ասել են, որ Սանդրիկ Կուրասբեդիանին, ում հետ Վաժան շփվում է հավասարի պես, «օրենքով գող» չէ, քանի որ չի կարողացել արդարացնել իր այն պահվածքը, որի համար պատառաքաղով հարված էր ստացել Սուլխանից։

Գաղտնիք չէ, որ Վաժա Բիգանիշվիլին հանդիսանում է Հունաստանում ձևավորված գողական երկու խմբավորումներից մեկի՝ թբիլիսյան կլանի ղեկավարը։ Մյուս՝ քութայիսյան կլանը, գլխավորում է Դաթո Սեբիսկվերաձեն։ Այս կլանները չեն հակամարտում, սակայն Հունաստանում հաստատված «օրենքով գողերը» ձգտում են դրանցից որևէ մեկի մաս կազմել։ Միայն Տավան և Շոթիկոն են ամեն կերպ ձգտում ապացուցել իրենց անկախությունը։ Իսկ Վաժայի նկատմամբ տարած այս հաղթանակը այս երկու քրեական հեղինակություններին լրացուցիչ դիվիդենտներ է բերելու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս