Բելառուսը պատրաստ է Ադրբեջանի հետ համագործակցել բոլոր ուղղություններով. Լուկաշենկո
Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսը պատրաստ է Ադրբեջանի հետ համագործակցել բոլոր ուղղություններով: Այս մասին Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն.
«Մենք շատ ենք վստահում ձեզ, ձեր երկրին, ղեկավարությանը, և մենք պատրաստ ենք ձեզ հետ համագործակցել բոլոր ուղղություններով: Փակ թեմաներ չկան բացարձակապես»: Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ Բելառուսն ու Ադրբեջանը մշտապես հաջողությամբ լուծել են ծագած բոլոր խնդիրները:
Լուկաշենկոն հայտարարել է, որ նախորդ տարի աճել է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը. «Մեզ համար շատ շահավետ է Ադրբեջանի հետ առևտուր անելը: Մենք պատրաստ ենք արտադրություն հիմնել այնտեղ, պատրաստ ենք ձեր ներդրումներն ընդունել այստեղ, երաշխիքներն այստեղ բացարձակ են»:
Լուկաշենկոն հիշեցրել է, որ Ադրբեջանում գործում է բելառուսական տրակտորների, բեռնատար ավտոմեքենաների, վերելակների և այլնի համատեղ արտադրություն: Լուկաշենկոն գոհունակությամբ նկատել է, որ մի շարք ուղղություններով արտադրության տեղայնացումն արդեն իսկ հասել է մոտ կեսին.
«40 տոկոսն արդեն կա, դա շատ լավ տեմպ է: Նշանակում է՝ դուք ստանում եք տեխնոլոգիաներ, ինչպես որ մենք ենք խոստացել ձեզ, ինչպես որ ես եմ խոստացել Իլհամ Ալիևին, և ձեր տարածքում ստեղծվում է նորմալ արտադրություն»: Լուկաշենկոն ընդգծել է, որ երրորդ քայլը լինելու է համատեղ արտադրանքով երրրորդ երկրներ, Կովկասի տարածաշրջան դուրս գալը:
Լուկաշենկոն աջակցության համար շնորհակալության է հայտնել ադրբեջանական կողմին. «Դուք մշտապես ընդառաջ եք գնացել մեզ, մշտապես աջակցել եք մեզ, մենք էլ նույն կերպ կվերաբերվենք մեր ադրբեջանցի եղբայրներին»: