Սերժ Սարգսյանն ընդունել է ֆրանսահայ հանրահայտ ավտոմրցավարորդ Նիկոլյա Մինասյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսահայ հանրահայտ ավտոմրցավարորդ, բազմաթիվ մրցավազքերի մրցանակակիր Նիկոլյա Մինասյանին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և նշել, որ Հայաստանում մշտապես հպարտանում են որևէ ոլորտում աշխարհում հաջողությունների հասած մեր հայրենակիցներով:

Սերժ Սարգսյանը կարևորել է, որ պարոն Մինասյանը ոչ միայն չի կորցրել կապը հայրենիքի հետ, այլև Հայաստան է այցելել իր գործունեությամբ մեր պետությանն ու ժողովրդին օգտակար լինելու պատրաստակամությամբ:

Նիկոլյա Մինասյանը նշել է, որ ուրախ է հայրենիք այցելելու և նաև Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի հետ արդյունավետ համագործակցություն սկսելու համար: Նա Նախագահին ներկայացրել է իր ծրագրերը, ընդգծելով, որ շուրջ 25 տարի է, ինչ զբաղվում է ավտոմոբիլային սպորտաձևով, և իր երազանքն է Հայաստանում հիմնել այդ սպորտաձևի դպրոց, մարզել երիտասարդներին, ինչպես նաև ստեղծել Հայաստանի դրոշի ներքո աշխարհում հանդես եկող ավտոմրցավարորդների լավ թիմ: Այդ սպորտաձևը, Նիկոլյա Մինասյանի հավաստմամբ, կծառայի բարեգործական նպատակների՝ աջակցություն ցուցաբերելով Հայաստանի կարիքավորներին:

Սերժ Սարգսյանը ողջունել է հանրաճանաչ ավտոմրցավարորդի ծրագրերը և պատրաստակամություն հայտնել, անհրաժեշտության դեպքում, աջակցել դրանց իրականացմանն ու Հայաստանում այդ սպորտաձևի զարգացմանը:

ՀՀ Նախագահի աշխատակազմ

Տեսանյութեր

Լրահոս