Սերժ Սարգսյանի հերթական «վրիպակը»
Սլովակիայի հայկական համայնքի նախագահությունը օրեր առաջ մամուլից տեղեկացավ, որ ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետեր Պրիպուտենը (նստավայրը՝ Մոսկվա):
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին ու հեռանկարին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Այնուհետև հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Սլովակիայի խորհրդարանին՝ 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչման համար, և դեսպան Պետեր Պրիպուտենին ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 2015թ-ին անցկացվելիք միջոցառումների ծրագիրը:
Սլովակիայի հայկական համայնքի համար սույն պաշտոնական հաղորդագրությունից այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչն էր պատճառը, որ Սլովակիայի դեսպանին շնորհակալություն հայտնելիս ՀՀ նախագահը մոռացել է նշել, որ Սլովակիան, 2009 թվականին առաջինն է ԵՄ կազմում ընդունել Ցեղասպանությունների (այդ թվում Հայոց Ցեղասպանության) ժխտողականության դեմ քրեական պատասխանատվության ենթարկող օրենք: Արդյոք տգիտությունն էր պատճառը, թե Սլովակիայում Հայաստանի դեսպան կոչվածի անգրագիտությունը կամ ՀՀ ԱԳՆ նախարարի «հատուկ» մոտեցումն է այս հարցի վերաբերյալ, թե ՀՀ նախագահի թուրքերին հերթական անգամ սիրաշահելու աններելի պրակտիկան:
Հայկական «պետական այրերի» պահվածքն այս հարցում դարձել է զավեշտալի, քանի որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 2015թ. անցկացվելիք միջոցառումներին հրավեր չեն ուղարկել 2004 և 2009 թվականներին Սլովակիայի Պառլամենտի կողմից ընդունված Հայոց Ցեղասպանության փաստի վերաբերյալ բանաձևի և դրա ժխտողականության դեմ քրեական պատասխանատվության ենթարկելու օրենք ընդունելու համար մեծ աշխատանք կատարծ խոշոր քաղաքական և հասարակական գործիչներ: Նույնիսկ Սլովակիայի հայկական համայնքի ջանքերն ուղղված հայկական կողմի սխալները վերացնելուն անարդյունավետ են դառնում, քանի որ Հայկական հարցի վերաբերյալ մեծ վաստակ ունեցող մի շարք պետական-քաղաքական գործիչներ այլևս հրաժարվում են ապրիլի 24-ին Հայաստան ժամանելու ցանկությունից:
Սլովակիայի հայկական համայնքի նախագահություն
10.03.2015թ.