ՀԷՑ-ը հոսանքի տատանումների արդյունքում տուժած բաժանորդին փոխհատուցում չի կատարում
Մալաթիա թաղամասի Բաբաջանյան փողոց 30 շենք 28 բն. ապրող բնակչուհին բողոքում է` Հայաստանի էլեկտրական ցանցը (ՀԷՑ) հրաժարվում է վերանորոգել իր սառնարանը, որն էլեկտրական հոսանքի տատանումների արդյունքում է շարքից դուրս եկել: Մասնագետները հաստատել են, որ լարման կտրուկ աճի պատճառով տվյալ պահին շարքից դուրս է եկել սարքի սնուցման բլոկը, որի վերանորոգման համար առհասարակ անհրաժեշտ է մոտ 70 հազար դրամ:
«Մի քանի օր առաջ հոսանքը տատանվեց՝ գիշերվանից սկսած, ցերեկն էլ` նույնը, կեսօրին մոտ զանգեցի 180` էլեկտրացանցի սպասարկման տեղը, ասում եմ` դուք տեղյա՞կ եք, որ այս շենքում լույսը գնում-գալիս է, եթե հիմա մեր տեխնիկան վնասվի` ի՞նչ ենք անելու, պատասխանեցին` այո, եթե ձեր տեխնիկան վնասվի, մենք պատասխանատվություն ենք կրում դրա համար, հեռախոսազանգն էլ ձայնագրված է իրենց մոտ (դե, մինչև իրենց հետ կապվելը, ասում է, չէ՞` Ձեր զանգը ձայնագրվում է)»,- ասում է բնակչուհին` Նաիրա Միրզոյանը:
Բնակչուհին մեզ հետ զրույցում նաև պատմեց, որ հեռախոսազանգից մոտ 15 րոպե հետո շենքի առաջին հարկում նկատել էլեկտրացանցի աշխատողին, որը փորձում էր վերանորոգել շենքի էլեկտրականությունը: Որոշ ժամանակ հետո տեղեկացրել է բնակիչներին` միացնել տան սարքավորումները, քանի որ ամեն ինչ կարգին է: «Ասեց` սարքեցի, վթարը վերացրեցի, միացրեք ձեր տեխնիկաները: Եկա տուն, սառնարանը չէր աշխատում արդեն»,- պատմում է Նաիրան:
Այս ամենից հետո Նաիրա Միրզոյանը հաջորդ օրը գնացել է ՀԷՑ-ի «Արևմուտք» մասնաճյուղ (ք. Երևան, Ֆուչիկի 1ա) ու մանրամասն ներկայացրել կատարվածը: Մասնաճյուղում բազմաթիվ հարցեր տալուց ու շատ դժվարությամբ վթարի փաստն ընդունելուց հետո բնակչուհուն ուղարկել են Կոմիտաս 37 հասցեում գտնվող արհեստանոց: Բնակչուհու խոսքով` այդ արհեստանոցի հետ ցանցը պայմանագիր ունի, որի համաձայն` այսպիսի դեպքերում արհեստանոցը վերանորոգում է էլեկտրական հոսանքի տատանումների արդյունքում տուժած բաժանորդների սարքերը, իսկ ցանցն էլ կատարում է փոխհատուցումը:
«Էնտեղ էլ մեզ նորմալ ընդունեցին, համոզվեցին, որ այն փչացել է հոսանքի տատանումների հետևանքով: Կարգի համաձայն` ասեցին՝ ակտը տարեք ՀԷՑ-ի «Արևմուտք» մասնաճյուղ, էնտեղի ինժեները պեչատի, եկեք, ու սարքենք: Գնացինք, դա էլ պեչատեցին, հիմա ակտը մեր ձեռքում ա` տնօրենի մակագրությամբ, ինժեների ստորագրությամբ, որ ապացուցում է` սարքը վնասվել է հոսանքի տատանման հետևանքով: Հետո զանգեցինք արհեստանոց, որ կանչ գրենք, ու մեզ պատասխանում են` էլեկտրացանցը սնանկ է, մեր գումարները չեն վճարում, չեն փոխհատուցում, մենք էլ պարտավոր չենք սարքելու, գնացեք դիմեք էլեկտրացանցին»:
Տվյալ օրը բնակչուհին նորից գնացել է ՀԷՑ-ի «Արևմուտք» մասնաճյուղ, որտեղ հաստատել են այդ միտքը, և ասել` այո, Էլեկտրացանցն այժմ սնանկ է, և չեն կարող փոխհատուցում կատարել: Առաջարկել են նաև` գնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, նամակ գրել գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին, միգուցե օգնեն: Բնակչուհին շատ բարկացած է, որ ընդամենը մեկ օրվա տարբերությամբ ստանում է իրարից շատ տարբեր պատասխաններ և դեռ չի հասկանում` ինչո՞ւ հենց սկզբում արհեստանոցում չհայտնեցին էլեկտրացանցի սնանկ լինելու փաստը: Այժմ Նաիրայի ձեռքին է Ռադիոէլեկտրասարքավորումների շարքից դուրս գալու պատճառի մասնագիտական եզրակացությունը (ստորագրություններով և կնիքով), որտեղ հստակ նշված է` լարման կտրուկ աճի պատճառով տվյալ պահին շարքից դուրս է եկել սնուցման բլոկը: Ինչքան էլ որ հրաժարվում են փոխհատուցումն իրականացնել, բնակչուհին ամենևին չի պատրաստվում էլեկտրացանցի սխալի պատճառով վերանորոգել սառնարանը և այս հարցի համար հստակ լուծում է պահանջում նրանցից: