Սիլվա Համբարձումյան. «Արմեն Մովսիսյանի կարողությունները, տունը, Կիրովականի ՏԷՑ-ը գրավ են դրված բանկում, երևի, նաիրիտցիների գումարները վճարելու համար»
«Մեզ մոտ հարկային դաշտը պետք է հստակեցնեն, որովհետև ներդրողները չեն գալիս, որովհետև վստահ չեն օրենքի վրա, իրենք տեսնում են, որ օրենքը չի գործում բոլորի վրա»,- այսօրվա ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց գործարար Սիլվա Համբարձումյանը:
Նրա խոսքով՝ հիմա Հայաստանում զարգանում է ջերմոցային տնտեսությունը, կառուցվում են բազմաթիվ ջերմոցներ, ինչը շատ լավ է. «Ես վստահ եմ, որ եթե լավ բանակցային նախարար ունենանք, մեր գազի գինն էլ կիջնի»:
Հարցին՝ չունե՞նք «լավ բանակցային» նախարար՝ Ս. Համբարձումյանն այսպես պատասխանեց.
«Ես վերջերս ասացի՝ Արմեն Մովսիսյանին պետք է քրեական պատասխանատվության ենթարկեն: Հիմա են հասկանում, որ պետք է, որովհետև «Նաիրիտի» համար 200 միլիոն դոլարը օդ է ցնդել: Հիմա ինքը իր ամեն ինչը դրել է գրավ «Արդշինինվեստ» բանկում, փող է վերցնում, որ երևի նաիրիտցիների աշխատավարձը տա: Դա իմ կարծիքն է: Թե չէ, այդ ի՞նչ եղավ, որ միանգամից ամեն ինչ դրել է գրավ, փող է վերցնում: Իր կարողությունները, անգամ տունը, Կիրովականի ՏԷՑ-ը գրավ է դրված «Արդշինինվեստբանկում, կարող եք ստուգել: Դա գաղտնիք է, իհարկե, չեն ասի, բայց ինձ առաջարկեցին, որ ես գնեմ, ասաի՝ ինչի՞ս է պետք, բա՝ «գրավ է դրված, բան», ասացի՝ էդ Արմեն Մովսիսյա՞նն է դրել, ասացին՝ հա»: