Լեռնային Ղարաբաղ. Կրակոցները բիզնեսին չեն խանգարում

Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով այնպես է ստացվել, որ Արցախի մասին լսելով` հասկանում ենք միայն սահմանային լարվածություն, կրակոցներ, դիվերսիաներ։ Բայց դա սխալ է։

Իրենք` արցախցիները, չեն ուզում միայն այդ կողմով ներկայանալ աշխարհին։ Այստեղ կյանքն ընթանում է բնականոն հունով, մշակութային միջոցառումներ են լինում, զբոսաշրջիկներ են գալիս, գործարարներ… Տնտեսություն են զարգացնում, թեկուզ մասշտաբները մեծ չեն։

Կարծրատիպը, թե այստեղ, պատերազմելուց բացի, ուրիշ ոչինչ չի կարելի անել, կարծես հենց իրենց` արցախցիների մոտ էլ է արմատավորվել ու խնդիր դարձել։ ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մեզ հետ մասնավոր զրույցում ասաց` մերոնք կռվող են, «վոյակ», բայց պետք է կամաց-կամաց ներարկել, որ վոյակ լինելուն զուգահեռ` պետք է աշխատող լինել։

Վոյակ լինելը բնական է։ Այստեղ բոլորը կռվողներ են` զինվորականի մասնագիտությունն ամենատարածվածն է։ Ասում են` երբ մեզ հարցնում են, թե բանակում քանի ծառայող կա, պատասխանում ենք` 140 հազար։ Այսինքն` այնքան, որքան բնակիչների թիվը։ Ինչ խոսք, բանակը պահել է պետք։ Ծախս է։ Բայց մյուս կողմից` բանակն ինքը կարող է խթանել տնտեսությունը։ Բնակչության թվի համեմատ բավականին մեծ զինված ուժերը նաև մեծ շուկա են արտադրողների համար` թե՛ սննդի, թե՛ հագուստի և այլ մատակարարումների առումով։

LXH (6)

LXH (5)

Նախկինում ամեն ինչը ներկրվում էր դրսից։ Ինչպես մեր զրուցակիցն է ասում` դա ոչ միայն արդյունավետ չէ, այլև ամոթալի է։ Եթե մսի պահածոն տեղում չի արտադրվում, դա նաև անվտանգության հարց է։ Փաստացի պատերազմի մեջ գտնվող երկիրը պետք է ամեն պահի պատրաստ լինի լայնամասշտաբ գործողությունների և ունենա անհրաժեշտ պարենի պաշարը։ Ռեսուրսները կան։ Հատկապես գյուղմթերքների արտադրության համար Արցախում հիանալի պայմաններ են։ Նաև` տարածքի խնդիր չկա։ 140 հազար բնակչությանը բաժին է ընկնում ավելի քան 11 հազար քկմ տարածք։ Հենց դրա համար էր մեր զրուցակիցն ասում, որ վոյակ լինելուց բացի՝ պետք է նաև աշխատել։

LXH (2)

Հիմա կարծես տեղաշարժ կա։ Արցախին հաջողվում է հետաքրքիր նախագծերով կամաց-կամաց ներդրումներ ներգրավել։

Ամենահաջողված նախաձեռնություններից մեկը փոքր ու միջին ձեռնարկատիրության խթանման ծրագիրն է, որը կապված է ղարաբաղյան թեթև արդյունաբերության նախկին հսկայի` «Ղարմետաքսկոմբինատի» հետ։ ԼՂՀ կառավարությունն այն իր միջոցներով վերանորոգել է և խորհրդանշական վարձավճարով հանձնել մի քանի ընկերությունների։ Այսինքն` պետությունը գրեթե անվճար տրամադրում է արտադրական տարածք, ինչն էապես կրճատում է սկզբնական կապիտալ ծախսերը։ Իսկ գործունեության ընթացքում ամեն կերպ աջակցում է ընկերություններին` ռեսուրսների ներգրավման և այլ հարցերում։

LXH (4)

Տարածքում արդեն գործում է 5 ընկերություն։ Վերը նշվածի համատեքստում առավել ուշագրավ է «Գև Գրուպ» ընկերությունը, որը զբաղվում է տեքստիլ արտադրությամբ։

Ընկերության սպառողը ԼՂ պաշտպանության բանակն է։ Բանակի համար կարում են շապիկներ և վարտիքներ։ Ընկերությունն Արցախում նորեկ է` 1 տարուց քիչ ավելի երկար են այստեղ։ Գործունեության առաջին տարվա արդյունքներով` արդեն շուրջ 13 միլիոն դրամի հարկեր են վճարել Արցախի պետական բյուջե։

Ընկերության հիմնադիր Արման Մալխասյանը վստահ է, որ այս տարի հարկերի ծավալն առնվազն կկրկնապատկվի։ Նաև ասում է, որ շուտով նաև քաղաքացիական արտադրանք կթողարկեն։ Կտորն առայժմ ներմուծվում է, սակայն չի բացառվում, որ առաջիկայում այն կմատակարարվի նույն շենքի առաջին հարկում գործող մեկ այլ ընկերությունից, որը զբաղվում է կտորեղենի արտադրությամբ։ Խոսքը վերաբերում է «Սանդերք» ընկերությանը, որը զբաղվում է կտորեղենի արտադրությամբ։ Այստեղ ամսական արտադրվում է 5 տեսակի մոտ 10 տոննա բամբակյա կտորեղեն։ Մի քանի տասնյակ աշխատող ունեցող ընկերության հիմնական պատվիրատուն ԼՂՀ Պաշտպանության բանակն է, սակայն կարում են նաև բանվորական արտահագուստներ տեղական տարբեր կազմակերպությունների համար։

LXH (3)

Կատարում են պատվերներ նաև Առողջապահության նախարարության համար։ Ընկերությանը հաջողվել է ընդլայնել շուկան և երևանյան որոշ ընկերությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում` արտադրանքի զգալի մասն իրացնել Հայաստանում։

Նույն տարածքում գործող մյուս ընկերությունը բրդից թել է ստանում։ Այսինքն` մեկ հարկի տակ հավաքված մի քանի տարբեր ընկերություններ ապահովում են արտադրության մի ամբողջական ցիկլ, ամենասկզբնական հումքից` մինչև վերջնական արտադրանք։

«Ղարմետաքսկոմբինատի» տարածքում գործում է նաև «Ղարաբաղ կարպետ» ընկերությունը, որը նույնպես նորեկ է այստեղ. գործում է 2013 թվականի հուլիսից։ Գորգագործությամբ գործընթացն ամբողջությամբ կազմակերպվում է տեղում` բրդյա թելի ներկման աշխատանքներից՝ մինչև գորգերի ավարտուն տեսքի բերելը։ Այս պահին ընկերությունն ապահովում է շուրջ 150 աշխատատեղ։

Եվ վերջապես, այս տարածքում է գործում «Գրեյթ փարթներս» ընկերությունը, որը զբաղվում է իտալական ապրանքանիշերի հագուստի արտադրությամբ։ Այո, դուք ճիշտ հասկացաք` այստեղ կարվում է իտալական հայտնի բրենդերի հագուստ։ Հումքը ներկրվում է Իտալիայից, իսկ իտալացի մասնագետները հետևում են արտադրության պրոցեսին և վերահսկում որակը։ Արտադրանքն ամբողջությամբ արտահանվում է. առաջին խմբաքանակն արտահանվել է նախորդ տարվա վերջին։

«Գրեյթ փարթներսն» աշխատանքով ապահովում է ավելի քան 200 հոգու, սակայն այս տարվա ընթացքում նախատեսվում է կրկնապատկել այդ թիվը։ Ի տարբերություն մյուս ընկերությունների` այս ընկերությունում արված լուսանկարները չենք հրապարակում։ Մեր հարևան երկրներից մեկը չափազանց զգայուն է նման հարցերում և խոշորացույցի տակ հետևում է Արցախին վերաբերող հրապարակումներին։

LXH (1)

Այսինքն` բավական է որևէ կոնկրետ բրենդի մասին փաստ ունենան, ողջ արտաքին գերատեսչության ռեսուրսները գործի դնելով` կարող են այնպիսի վայնասուն բարձրացնել, որ ձախողեն գործը։ Մեր տեղեկություններով, նման մի նախադեպ արդեն եղել է, և լրագրողական անզգուշության պատճառով վտանգի տակ է հայտնվել ճանաչված բրենդերից մեկի հետ համագործակցությունը։ Ինչևէ, ընկերությունը լավատեսորեն է տրամադրված և մտադիր է ընդլայնել հեղինակավոր գործընկերների շրջանակը։ Այս 5 ընկերությունները միասին այսօր աշխատանք են ապահովում մի քանի հարյուր արցախցիների համար։ Գործարանից եկող աշխույժ աղմուկն արդեն խոսում է այն մասին, որ նախկին հսկան` «Ղարմետաքսկոմբինատը» (կամ, ինչպես տեղացիներն են ասում` «Կարշոլկը») վերածնվում է։

Մտադրություն կա` հաջողված փորձը զարգացնել ու ներգրավել նաև այլ ընկերությունների։ Հարցնում եմ` իսկ սահմանային լարվածությունը, կիսապատերազմական վիճակը չե՞ն խանգարում։ Վստահ պատասխանում են` ոչ։ Նաև հերքում են այն խոսակցությունները, որ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելն անուղղակի խնդիրներ է ստեղծել իրենց համար։

Հարցնում եմ` լավ, իսկ ի՞նչ խնդիրներ կան։ Ասում են` միայն կադրերի պակասը։ Ու մեկ էլ այն, ինչի մասին ամենասկզբից խոսվեց. արցախցիների մեջ արմատավորել, որ պատերազմելուց ու կռվելուց զատ` կարելի է նաև աշխատել ու տնտեսություն զարգացնել։ Սկիզբը կարծես դրվել է։

Տեսանյութեր

Լրահոս