Լիբիան ՄԱԿ ԱԽ-ին խնդրել է վերացնել զենքի բեռնարգելքը՝ ԻՊ-ի դեմ պայքարի համար
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լիբիան ՄԱԿ ԱԽ-ին խնդրել է կա՛մ ամբողջովին վերացնել զենքի բեռնարգելքը, կա՛մ էլ բացառություն անել դրա համար, որպեսզի բանակը կարողանա մարտնչել «Իսլամական պետության» և մյուս խմբավորումների դեմ:
ՄԱԿ-ում Լիբիայի ներկայացուցիչ Իբարահիմ Դաբաշին հայտարարել է, որ լիբիացիները կարծում են, թե միջազգային հանրության լռությունն ահաբեկչական խմբավորումներին թույլ է տվել ակտիվանալ: Դաբաշին զգուշացրել է, որ իր երկիրը կկասեցնի զինյալների հետ համագործակցող երկրների հետ հարաբերությունները:
Նա չի մանրամասնել, թե որ երկրներին նկատի ունի: Դաբաշին ընդգծել է, որ Լիբիան պատրաստ է ընդունել միջազգային դիտորդներին, որոնք կվերահսկեն զենքի մատակարարումները, որ դրանք չեն հայտնվի զինյալների ձեռքում:
Այսօր ՄԱԿ-ի միջնորդությամբ Մարոկկոյում կշարունակվեն լիբիական մրցակցող կառավարությունների միջև բանակցությունները՝ միասնական կառավարություն ձևավորելու համար: Ներկայումս Լիբիայում երկիշխանություն է. խորհրդարաններից մեկը գործում է երկրի արևելքում գտնվող Թոբրուքում, իսկ երկրորդը՝ իսլամամետ Համընդհանուր ազգային կոնգրեսը՝ Տրիպոլիում: