«Մեր ուզած 10 բանից 8-ը արել են, դրա համար՝ դեռ բողոքի ակցիաներ չեն նախատեսվում». «Կասեցում» նախաձեռնության անդամ
Այսօր ԱԺ-ում արտահերթ նիստի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, խոսելով «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի մասին, նշեց, որ թեև օրենքում կան և՛ դրական, և՛ բացասական կետեր, իրենց համար շատ կարևոր է, թե ինչպես կարձագանքեն ՓՄՁ-ների ներկայացուցիչները այդ փոփոխություններին. «Եթե նրանք փողոց դուրս գան, նշանակում է՝ իսկապես նրանց համար ընդունելի չէ ու մենք աջակցելու ենք նրանց»:
Հիշեցնենք, որ «Շրջանառության հարկի մասին» օրինագծով առաջարկվում է ՓՄՁ համար շեմը 58,35 մլն դրամից բարձրացնել 113,4 մլն դրամ, փաստաթղթավորման դեպքում հարկել 1.5%-ով, իսկ ապրանքների այն հատվածը, որ ապահովված չի լինի փաստաթղթով՝ 5%-ով:
«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ պայքարող «Կասեցում» նախաձեռնության անդամ, ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ փոփոխությունը չի բավարարում, որովհետև փաստացի հարկային բեռը ծանրանում է.
«ՓՄՁ-ներն ի սկզբանե ասում էին, որ հնարավոր չէ փաստաթղթավորումը, քանի որ փաստացի ծանրանում է հարկային բեռը՝ 3.5%-ից դառնում է 5%»:
Մենք հետաքրքրվեցին, թե ի՞նչ են իրենք պատրաստվում անել՝ նորից պայքարի՞ են դուրս գալու, թե՞ ոչ: Նա պատասխանեց՝ քանի որ ինքը հիմա գտնվում է ինտենսիվ բուժման մեջ, դրա համար հստակ բան չի կարող ասել, բայց վստահ է, որ հետագա քայելր անպայման կլինեն:
Հիշեցնենք, որ Արտակ Խաչատրյանին շաբաթներ առաջ անհայտ անձինք առևանգել և ծեծի էին ենթարկել:
Մեզ հետ զրույցում «Կասեցում» նախաձեռնության մեկ այլ անդամ Սամսոն Գրիգորյանը ասաց, որ այս փոփոխությունները մի քանի հարցով բավարարում են իրենց, բայց մի քանի հարցով էլի խնդիր են տեսնում,բայց դրանք այնքան մեծ խնդիրներ չեն, որ դուրս գան պայքարի. «Մենք պրոբլեմ ենք տեսնում, որ էլի կոռուպցիոն ռիսկեր կան դրա հետ կապված: Մենք հորդորում ենք կառավարությանը, որ այդ 5%-ը դառնա 3.5%, ու հորդորում ենք, որ այն, որ 3 ամսվա մեջ պետք է այդ նվազեցումներն արվի, այդ 3 ամիսը դարձվի 6 ամիս, որ բոլորի համար հարմար լինի դա:
Բողոքի ոչ մի ակցիա դեռ չի նախատեսվում, որովհետև մեր ուզած 10 բանից 8-ը արել են: Եթե այդ 2 բանն էլ չբավարարվի, էլ դրա համար չենք հելնի ցույց անենք»:



