ԲՀԿ-ն սպասում է ՓՄՁ-ների փողոց դուրս գալուն. «Եթե փողոց դուրս գան…»
«Բազմաչարչար է և՛ օրինագիծը, և՛ այն խավը, որ պայքարեց նախնական տարբերակի դեմ: ԲՀԿ-ն ևս պայքարեց, և արդյունքում այսօր բերվել է մի տարբերակ, որ էապես տարբերվում է նախնականից: Փոքր ու միջին տնտեսվարողները ամենախոցելին են ՀՀ տնտեսության մեջ, որովհետև շարքից հանելը հեշտ է, բայց անգամ ջերմոցային պամաններում շատ դժվար կլինի վերականգնելը»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ խմբակցության անունից ելույթ ունենալով «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների հետ կապված:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, հիշեցնենք, ԱԺ արտահերթ նիստի իր բոյկոտը դադարեցրեց և որոշեց արտահերթ նիստին մասնակցել հենց այս օրինագծի պատճառով:
Ըստ Ս.Մարգարյանի՝ օրինագծում կան լավ ու վատ բաներ, լավ է կամավորության սկզբունքը, շեմի բարձրացումը, ստվերից դուրս գալու տնտեսական շահը, իսկ բացասականն այն է, որ հակային տոկոսադրույքի բարձրացում է տեղի ունեցել:
Պատգամավորը նշեց, որ թեև համարում են, որ բավականին առաջընթաց կա նախագծում, բայց վերջնական վերաբերմունքը կարտահայտեն վաղը. «Մեզ համար շատ կարևոր է՝ ինչպես կարձագանքեն ՓՄՁ-ի ներկայացուցիչները: Եթե նրանք փողոց դուրս գան, նշանակում է՝ իսկապես նրանց համար ընդունելի չէ ու մենք աջակցելու ենք նրանց»:
Հիշեցնենք, որ «Շրջանառության հարկի մասին» օրինագծով առաջարկվում է ՓՄՁ համար շեմը 58,35 մլն դրամից բարձրացնել 113,4 մլն դրամ, փաստաթղթավորման դեպքում հարկել 1.5%-ով, իսկ ապրանքների այն հատվածը, որ ապահովված չի լինի փաստաթղթով՝ 5%-ով:



