Բաժիններ՝

«Հայաստանը չի դատարկվի»

Միգրացիան ներկայումս Հայաստանում և աշխարհում ամենաշատ քննարկվող ու նաև մտահոգություններ հարուցող խնդիրներից է: Ի՞նչ է միգրացիան, ո՞րն է դրա դերը, որո՞նք են պատճառները: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցեցինք ՀՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող ԱԼԻՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:

– Իբրև սկիզբ` ո՞րն է միգրացիայի դերն ու էությունը:

– Ընդհանրացված կարելի է ասել` միգրացիան մարդկանց տեղափոխությունն է մի տեղից մյուսը: Եվ հենց այս ձևակերպումը տալիս ենք, հարց է առաջանում. իսկ ի՞նչ են միգրացիայի այդ բաղկացուցիչները` տեղը, տեղափոխությունը, մարդիկ: Կախված այս երեք հասկացությունների ձևակերպումից` միգրացիայի պատկերը փոխվում է, ու փոխվում են նաև մոտեցումները:

Տեղը պետական սահմաններով գծված ինչ-որ մի վայր է կամ ռեգիոն: Քաղաքական տեսությունների մեջ այդ սահմանները հստակ գծված են: Բայց մշակույթի ոլորտում տեղը սահմանագծված չէ պետական սահմաններով. տեղը` մշակութային ու սոցիալական միջավայրն է: Այն տեսությունները, որոնք տեղ ասելով` նկատի է ունենում պետությունը, միգրացիային նայում են` որպես պետական սահմանը հատելու, քաղաքացու պաշտպանվածությունն ապահովելու, օրենքը խախտելու կամ չխախտելու գործընթաց:

Կարդացեք նաև

Իսկ այն տեսությունները, որոնք տեղը դիտարկում են` որպես մշակութային ու սոցիալական հարթության մեջ, այն քննարկում են մոդեռնիզացիայի, տրանսնացիոնալիզմի, մշակութային տարբեր փոխակերպումների օրինակով: Ու այս դեպքում խնդիրը երկրի սահմանները չեն, սահմանը հատելը չէ, այս դեպքում քննում են, թե ոնց եղավ, որ մարդը, օրինակ, գյուղական միջավայրը թողեց ու գնաց մեծ քաղաք` մեգապոլիս:

Տեղափոխություն. ի՞նչն է տեղափոխվում: Տեղափոխվում են ոչ միայն մարդիկ, այլև մտքերը, նորարարությունները, մշակույթի որոշ տարրեր: Հիմա շատ նորաձև են տրանսնացիոնալիզմի մասին տեսությունները, որոնք պնդում են, թե մարդը միաժամանակ լինում է մի քանի տարածություններում: Օրինակ` մարդը, որն ապրում է Գլենդելում, skype-ի միջոցով ամբողջ առօրյան անցկացնում է Գյումրիում:

– Ի՞նչ կասեք օրինական միգրացիայի մասին:

– Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) տարբեր փաստաթղթերում, քաղաքականության մեջ կա ոչ օրինական (ապօրինի-illegal) միգրանտ հասկացությունը, բայց շատ գիտական շրջանակներ կան, որ օգտագործում են չկարգավորված (irregular) տերմինը: Գիտությունը փորձում է շատ խնդիրների հումանիստական մոտեցում ցուցաբերել` ասելով, որ միգրանտների վրա պետք չէ ոչ լեգալի կնիք դնել, քանի որ դա ասոցիացվում է հանցագործության հետ, միգրանտ ընդունող հասարակությունում բացասական կարծիք է առաջանում, կոնֆլիկտներ են լինում, ու այս ամեն ինչից խուսափելու համար ասում են ոչ թե` օրինազանցներ, այլ` մարդիկ, որոնց կարգավիճակը դեռ կարգավորված չէ: Փորձում են քաղաքականապես կոռեկտ լինել:

Մյուս կողմից` դրան զուգահեռ աշխարհում մարդիկ բանտարկվում են, տույժերի են ենթարկվում այն պատճառով, որ օրենսդրության համաձայն` համարվում են միգրացիայի որևէ օրենք խախտածներ` ապօրինի, ոչ լեգալ միգրանտներ:

– Միգրացիան քաղաքական ազդեցությո՞ւն է, թե՞ ժամանակակից հոգեբանություն:

– Չէ, միգրացիան ավելի շատ քաղաքական կարգավորման հարց է: Հոգեբանությունը կապ չունի: Մարդուն դրդում են տեղաշարժվել ավելի շատ սոցիալական, մշակութային քաղաքական գործոններ, քան հոգեբանությունը, առավել ևս` էթնիկական հատկանիշով հոգեբանությունը (այսպես ասած` հայկական հոգեբանությունը): Կարելի է այս հարցը հոգեբանության հարթություն տանել զուտ այնքանով, որքանով այդ որոշումներ կայացնողը մարդիկ են, և տեսնել, թե ինչպես է մարդը որոշում կայացնում, բայց դա էլ էթնիկություն չունի, չես կարող ասել` հատուկ է հայերին:

– Հայաստանն արտագաղթի՞, թե՞ ներգաղթի երկիր է:

– Միշտ ընդունված է ասել, որ Հայաստանն արտագաղթի երկիր է, հիմա իմիգրացիոն շատ հոսքեր ենք ունենում, սահմանների բաց լինելը թույլ է տալիս: Այն վտանգը, որ Հայաստանը կդատարկվի, չկա, քանի որ պատմության մեջ դեռ չի եղել մի երկիր, որ դատարկվի միգրացիայի պատճառով: Արտագաղթի հետևանքով ոչ թե Հայաստանը կդատարկվի, այլ սոցիալ-դեմոգրաֆիական, էթնիկական կազմը կփոխվի:

– Որո՞նք են արտագաղթի հիմնական պատճառները, շարժառիթները:

– Մարդիկ հնարավորություն են տեսնում ավելի լավ ապրելու, ու այդ ավելի լավը միշտ չէ, որ տնտեսական հիմքեր ունի: Այսօր էլ ոչ թե տնտեսական հիմքերն են միգրացիայի պատճառը, այլ ինքնադրսևորվելու հնարավորությունը, մասնագիտական ավելի մեծ աճ ունենալու, երեխաներին մշակութային ու կրթական ավելի լավ պայմաններով ապահովելու հեռանկարը: Իներցիայով շատ ժամանակ ասում են, որ արտագաղթում են, քանի որ աշխատատեղեր չկան, տնտեսական վիճակը լավ չի, բավարար աշխատավարձ չեն տալիս:

Իրականում արդեն մի քանի տարի է, ինչ պատճառները փոխվել են: Հիմա գնում է մարդկանց այն խումբը, որը ոչ թե աշխատանք չունի, այլ գիտի, որ դրսում կարող է ավելի լավ աշխատանք գտնել: Նրանք միջին տարիքի, լավ կրթություն ունեցող մարդիկ են, երիտասարդ ընտանիքները: Չպաշտպանվածության զգացումն էլ է պատճառ. ոչ թե ֆիզիկական պաշտպանվածությունը, այլ անկայունությունը, սոցիալական ինստիտուտների չկայացվածությունը:

– Իսկ 20 տարվա մեջ որքանո՞վ են փոխվել այդ պատճառները:

– 20 տարի առաջ պատերազմը նոր էր ավարտվել: Այն ժամանակ մարդիկ ուղղակի փախչում էին վտանգից, տուն չունեին, մի քանի տարի առաջ երկրաշարժն էր եղել, շրջափակումը դեռ շարունակվում էր: Կեցությունը ապահովող պայմաններ չկային, և մարդիկ ուղղակի գնում էին, որ կարողանային ապրել: Հիմա գնում են, որ լավ ապրեն: Վերջին տարիներին միգրացիան դիտվում է` որպես դրսում ավելի լավ հնարավորություններ ունենալու միտում: Դա միշտ լինելու է: Չի կարող այնպես լինել, որ աշխարհի բոլոր երկրներում կյանքը նույն մակարդակի վրա լինի:
Մարդիկ ուզում են ազատ լինել: Դա միգուցե մեր երկրի փոքրությունից է, մեծ երկիր, քաղաք են ուզում, որտեղ իրենց արած ամեն քայլը չի տեսնի իրենց հարևանը:

– Միգրացիան ինչպե՞ս է նպաստում զարգացմանը:

– Հիմա շատ տարածված է այն տեսակետը, թե միգրացիան նպաստում է զարգացմանը: Ես անձամբ չեմ կարծում, որ էականորեն նպաստում է: Տնտեսական առումով ոչ թե նպաստում է զարգացմանը, այլ օգնում է «յոլա գնալուն»: Յոլա գնալու ստրատեգիան չի կարող զարգացում համարվել: Եթե միգրացիան ինչ-որ առումով նպաստում է զարգացմանը, ապա միայն արտասահմանում կրթություն ստանալու հնարավորությամբ: Մարդիկ մեկնում են Հայաստանից, կրթություն ստանում, բայց այստեղ վերադառնալով` հասկանում են, որ չեն կարողանում սովորածը լիովին ներդնել: Մյուս կողմից էլ` այն մարդիկ, որոնք որոշ ժամանակ ապրել ու սովորել են արտասահմանում, վերադառնալով Հայաստան` ուրիշ վերաբերմունք են ունենում իրենց անձի, մարդկանց և ազգի, հասարակության զարգացման գործում մարդկանց դերը գնահատելու նկատմամբ: Նրանց մեջ լինում են անհատներ, ովքեր կարևորում են իրենց անձնական ներդրումը Հայաստանի զարգացման գործընթացում և հնարավորության դեպքում փորձում են ինչ-որ ներդրում ունենալ:

– Ավելի լավ մասնագետ դառնում են արտերկրո՞ւմ կրթվածները, թե՞ Հայաստանում:

– Իհարկե, կրթությունը Եվրոպայի և ԱՄՆ-ի շատ համալսարաններում անհամեմատ ավելի լավ է, քան Հայաստանում: Հասարակական ոլորտում, հասարակագիտությունը Հայաստանում շատ վատ վիճակում է, և, առավել ևս այն, ինչ մարդիկ ստանում են բուհում, այդ գիտելիքը ոչ մի կապ չունի աշխատաշուկայի պահանջարկի հետ: Բուհն ավարտած ուսանողը շատ երկար պիտի աշխատի իր վրա, դես ու դեն ընկնի, մի տեղ փորձարկի, մինչև հասկանա, թե ինչ է իրենից ուզում շուկան: Եվ այն մարդիկ, որոնք ավելի համառ են, ավելի աշխատասեր են, ավելի հարմարվող են, ավելի լավ մասնագետ են դառնում:

Միգուցե մասնագետ չէ, քանի որ բակալավրիատի կրթությամբ մասնագետ չեն դառնում, և ընդհանրապես, մասնագետ դառնալը շատ բարդ է: Արևմուտքի համալսարաններում շատ կարևոր սոցիալական հմտություններ են սովորեցնում, օրինակ` պատասխանատվություն, հաղորդակցության, թիմային աշխատանքի հմտություններ և այլն: Հայաստանում կրթությունը միշտ արժևորվել է: Թե ինչ անել դրա հետ` շատերը չեն իմացել, բայց արժևորել են: Այն խավը, որ շատ փող ունի, կարողանում է իր երեխաներին արտասահմանում բարձր կրթությամբ ապահովել: Բայց երբ այդ երեխաները վերադառնում են, իրենց նույն կոռումպացված վերնախավը վերարտադրելու են գալիս:

– Ինչպե՞ս է ազդել և ինչպե՞ս կազդի միգրացիան մշակութային առումով:

– Այսօր այն, որ հնարավորություն կա ավելի շարժուն լինելու, մի տեղից մյուսը գնալու, տարբեր մշակութային ոլորտներում լինելու, տարբեր մարդկանց հետ շփվելու, շատ բան է փոխում: Ընդ որում, փոխում է և այն առումով, որ նորարարություններ են գալիս, և հակառակ ուղղությամբ էլ շատ տեղերում պահպանողականություն է մտնում:

– Հայաստանում կա՞ն այնպիսի կազմակերպություններ, որ նախապես տեղեկացնեն միգրացիայի հնարավոր հետևանքների մասին:

– Կան կազմակերպություններ, որոնք Եվրամիության կամ այլ միջազգային դոնորների ֆինանսավորմամբ իրականացնում են միգրանտներին և վերադարձածներին ուղղված ծրագրեր: Հայաստանում 7-8 կազմակերպություն կա, որ նման ծրագրեր են իրականացնում: Այդ կազմակերպությունները Հայաստան վերադառնալ ցանկացողներին օգնություն են հատկացնում` փոքր բիզնեսի դրամաշնորհ: ԵՄ երկրների ապաստան հայցողների ճամբարներում տեղակայված են ՄՄԿ գրասենյակները, որոնք կամավոր վերադառնալ ցանկացողներին որոշակի ֆինանսական աջակցություն են տրամադրում: Հայաստանում կան 7 միգրացիոն ռեսուրս կենտրոններ, որոնք շատ մեծ ռեսուրսներ չունեն, կամ բնակչության տեղեկացվածությունը մեծ չէ այդ կենտրոնների մասին:

ԱՆԻ ԹՈՐՈՍՅԱՆ
ՍՅՈՒԶԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լուսանկարը` Ալինա Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Հրապարակումը՝ «168 Ժամ» թերթում տպագրված «Միգրացիա. Լույս և ստվեր» ներդիրից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս