Անշարժ գույքի գների «հանելուկը»
Պաշտոնական վիճակագրությանը ծանոթանալով` մարդ երբեմն լուրջ տարակուսանքների մեջ կարող է ընկնել։ Ներկայացված պատկերն իրականությունից կարող է այնքան տարբերվել, որ չհասկանա` ի՞նքը Հայաստանում չի ապրում, թե՞ տվյալները կազմողներն ու ներկայացնողները։
Կոնկրետ այս անգամ մեզ զարմացրեցին անշարժ գույքի վերաբերյալ տվյալները։ Ավելի ճիշտ կլինի ասել` անշարժ գույքի գները։
Ներկայացված աղյուսակը վերցրել ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։ Վիճակագրական ծառայությունն էլ իր հերթին` այս տվյալները վերցրել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից։
Առանձնացրել ենք միայն Երևան քաղաքը` ըստ վարչական շրջանների։
Տեղեկանքում Երևանի 12 վարչական շրջաններից ներկայացված են 11-ը։ Նորք-Մարաշի տվյալները մեզ անհայտ պատճառով բացակայում են, սակայն ընդհանուր պատկերացում կազմելու համար դա չի խանգարում։
Առաջինը, որ աչքի է զարնում, հետևյալն է` Երևան քաղաքում անշարժ գույքի գները մեկ տարվա կտրվածքով գրեթե չեն փոխվել կամ չնչին փոփոխություն են կրել։ Իսկ, օրինակ, Կենտրոնում կամ Արաբկիրում գները անգամ մեկ դրամով չեն փոխվել։ Ասենք, Կենտրոնում 2013 թվականի դեկտեմբերին բազմաբնակարան շենքում բնակարանի 1 քառակուսի մետրն արժեցել է 428 հազար դրամ, մեկ տարի անց` 2014 թվականի դեկտեմբերին, նույն 428 հազար դրամն է։ Արաբկիրում 356 600 դրամ գինը նույնպես մեկ տարվա ընթացքում մնացել է անփոփոխ։
Ընդհանուր առմամբ, Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1քմ-ի գինը տարվա կտրվածքով թանկացել է 482 դրամով կամ 0.18%-ով։ Այսինքն` գները չեն փոխվել։ Բնակարանների ամենամեծ թանկացումը գրանցվել է Նուբարաշենում, այն էլ` ընդամենը 1.03%-ի չափով։
Նույն պատկերն է նաև առանձնատների, ինչպես նաև` մարզերի բնակարանների և տների դեպքում։
Մի կողմ թողնենք այն, որ այս տվյալները խիստ կասկածելի են։ Օրինակ, ըստ այս տվյալների` Կենտրոնում 1քմ-ի գինը 900 դոլարից էլ ցածր է, մինչդեռ անշարժ գույքի շուկայի մասնակիցները հավաստիացնում են, որ միջին գինը 1100-1200 դոլարից պակաս չէ։
Առավել զարմանալի է ոչ թե ներկայացված թվերի բացարձակ մեծությունը, այլ դրանց փոփոխության բացակայությունը։ Առավել զարմանալի է` հաշվի առնելով 2014 թվականի վերջում դրամի կտրուկ արժեզրկումը։
Ինչպես բազմիցս նշել ենք, չնայած ՀՀ ազգային դրամն արդեն 2 տասնամյակ գոյություն ունի, սակայն խոշոր գնումներ կամ վաճառք կատարելու դեպքում մարդիկ մտածում են դոլարով` հիմք են վերցնում դոլարային գինը։ Դա այդպես է` հատկապես անշարժ գույքի դեպքում։ Ու դա նորմալ է մեր երկրի համար, որտեղ դոլարայնացման մակարդակը շուրջ 70% է։
Հիմա տեսեք` ինչ հետաքրքիր եզրահանգման կարելի է գալ այս թվերից։
2013թ. դեկտեմբերին 1 ԱՄՆ դոլարն արժեր 411 դրամ, 2014 թվականի դեկտեմբերին` 480 դրամ։ Ըստ այդմ` Երևանում բնակարանների 1քմ-ի գինը 2013-ի դեկտեմբերին արժեր 665 դոլար, 2014-ի դեկտեմբերին` 570 դոլար։ Ստացվում է` Երևան քաղաքում բնակարանների գները դոլարային արտահայտությամբ 1 տարվա ընթացքում էժանացել են 14%-ով։ Ու քանի որ, ինչպես նշեցինք, Հայաստանում ապրող հայերն անշարժ գույքի շուկայում հիմնվում են դոլարի վրա, ապա միանշանակ կարող ենք պնդել` անշարժ գույքը Հայաստանում էժանացել է։
Իսկ գիտե՞ք` դա ինչ է նշանակում` տնտեսական ակտիվության թուլացում։ Անշարժ գույքի գները համարվում են տնտեսության վիճակի կարևորագույն ինդիկատորներից մեկը, ու դրանց նվազումը խոսում է տնտեսության լճացման կամ անկման մասին։
Իհարկե, այս տարբերակը ոլորտի պատասխանատուների սրտով չէ, սակայն միակ տրամաբանական բացատրությունը դա է։ Թեպետգ կա նաև մեկ այլ բացատրություն` անշարժ գույքի գները դոլարային արտահայտությամբ չեն նվազել, սակայն ինչ-ինչ պատճառներով` այս տվյալները կազմողները «մոռացել» են ճշգրտել անշարժ գույքի գները` ըստ փոխարժեքի։
Այդ դեպքում աղյուսակում դրամով արտահայտված անշարժ գույքի գները պետք է 14-15%-ով ավելի բարձր լինեին ներկայացվածից։ Կարճ ասած` այս տարբերակի դեպքում գործ ունենք միտումնավոր կամ ոչ միտումնավոր անփութության հետ։ Ընդ որում, այս դեպքում մեղավորը ոչ թե Ազգային վիճակագրական ծառայությունն է, այլ Կադաստրի կոմիտեն, որը ներկայացրել է այդ տվյալները։
Թե այս երկու տարբերակներից ո՞րն է իրականությանը համապատասխանում` դժվար է ասել։ Միանշանակ է միայն այն, որ անշարժ գույքին վերաբերող 35 էջանոց տեղեկանքը, որի վրա աշխատել է, թերևս, մի ամբողջ բաժին, դադարում է արժանահավատ լինել ու կորցնում է իմաստը։