Մինչև հղիանալը պետք է դիմել բժշկի. «Կյանքի Ծաղիկը» կօգնի մայրանալու խնդիր ունեցող ընտանիքներին՝ զգալ երեխայի բերկրանքը

Փետրվարի 25-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Կյանքի Ծաղիկ» բարեգործական ակցիայի պաշտոնական մեկնարկը, որի նպատակն է «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի միջոցով օգնություն ցուցաբերել մայրանալու խնդիր ունեցող ընտանիքներին: Նախաձեռնողների կարծիքով՝ այսօր ցանկացած բարեգործական հիմնադրամ որոշակի նպատակ է հետապնդում, և, բնականաբար, դրանք նույնիսկ այնքան շատ են այսօր, որ երբեմն շփոթության են մատնում քաղաքացիներին, բայց այս դեպքում, ըստ կազմակերպիչների՝ գաղափարն այնքան լուսավոր է և կարևոր, որ կարծում են՝ չմասնակցելը բավականին դժվար կլինի քաղաքացիների համար:

Համահայկական այս նախաձեռնությանը միանալու համար բավական է այցելել Flowersoflife.am կայքը և գնել ընդամենը 500 դրամ արժողությամբ «Կյանքի Ծաղիկ»: Նախաձեռնության հեղինակ-ղեկավար Քրիստինե Հարությունյանի խոսքով՝ Եղեռնի հետևանքների դեմ պետք է պայքարել գործնական քայլերով և օգնել այն բազմաթիվ ընտանիքներին, որոնք խնդիր ունեն հղիանալու հարցում և ֆինանսական սղության պատճառով չեն կարողանում վերարտադրողական բժշկության ծառայություններից օգտվել. դրանց թիվը ՀՀ-ում կազմում է շուրջ 9000 զույգ: Իր տեսակով բացառիկ այս նախաձեռնության նպատակն է Մեծ եղեռնից 100 տարի անց գործնական քայլերով պայքարել հետևանքների դեմ: Ակցիան տևելու է մինչև ապրիլի 24-ը: Ակցիայի նշանաբանն է՝ «Կյանք տուր նոր Հայի»:

Դահլիճում ներկա էին նաև այն ընտանիքները, որոնց արդեն օգնել էր «Արագիլ» հիմնադրամը՝ երեխա ունենալու բերկրանքը զգալու հարցում: Ծնողների մեջ էր նաև առաջին եռյակի մայրը՝ Քնարիկ Վարդանյանը, որը լույս աշխարհ էր բերել միանգամից երեք երեխայի՝ Էլենին, Աննային, Դիաննային: Նրանք համարվում են առաջին եռյակը, որոնք ծնվել են «Արագիլ» հիմնադրամի օգնությամբ, «Մոր և մանկան» առողջության կենտրոնում: «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը գործում է 2011 թ. ապրիլից:

Նախաձեռնության մասնակիցների խոսքով՝ հիմա նրանց նշաձողը 15 միլիոն «Կյանքի Ծաղիկ» հավաքելն է, որը կօգնի մոտ 6 հազար զույգի ստանալ որակյալ բժշկական օգնություն: Նրանց խոսքով՝ սա նաև լավ ազդակ է, որպեսզի հետագայում նման ակցիաներ ևս իրագործվեն: Նշվեց նաև, որ յուրաքանչյուր զույգին տրամադրվող գումարի չափը կկազմի մոտ 4-5 հազար դոլարին համարժեք դրամ՝ հաշվի առնելով անհրաժեշտ դեղորայքը և բժշկական ծառայությունների արժեքը:

168 am-ի հարցին՝ նախքան ամուսնությունն ապագա մայրերը դիմո՞ւմ են բժիշկներին, որքա՞ն է նրանց դիմելու հաճախականությունը, «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» տնօրեն Գեորգի Օկոևը պատասխանեց. «Հազվագյուտ, բայց ցանկալի կլիներ, որ դիմեին»: Հարցին՝ իսկ ի՞նչն է պատճառը, որ կանայք մինչև հղիանալը չեն դիմում բժիշկներին, Գեորգի Օկոևը պատասխանեց. «Հավանաբար՝ իրենք պետք է որոշ չափով տեղեկացված լինեն, կարդան, համացանց էլ կա, գրքեր կան, նաև պետք է աղջիկներին տեղեկացնել հենց դպրոցներում, որ իրենք հասկանան՝ առողջ հղիությունը լինում է առողջ օրգանիզմի մեջ: Իհարկե, եթե կան որոշակի խնդիրներ, ճիշտ է՝ մինչև հղիությունն այդ պրոբլեմներն ուղղել, որ երեխան առողջ պայմաններում լինի:

Դրա համար ես կոչ եմ անում բոլոր կանանց, որոնք ուզում են հղիանալ, մինչ այդ կարևոր քայլին գնալը դիմեն բժշկին և տեսնեն՝ ինչ պրոբլեմներ ունեն: Հաճախ բժիշկների հետ զրուցելն էլ բավականին հարցերի պատասխան կտա, նույնիսկ պարտադիր չեն հատուկ հետազոտությունները: Առհասարակ մինչև 35 տարեկան հասակը, 1 տարվա ընթացքում, եթե կանոնավոր սեռական հարաբերությունների դեպքում երեխա չկա, պետք է զույգերը դիմեն բժշկի, եթե որևէ խանգարում կա, էլի պետք է դիմել, իսկ եթե տարիքը 35-ից անցնում է, ու էլի երեխա չկա, ապա այս դեպքում 6 ամսից հետո բժշկի դիմելն անհրաժեշտ է»:

Մենք նաև զրուցեցինք Վերարտադրողական հայկական ասոցիացիայի նախագահ, մանկաբարձ-գինեկոլոգ Էդուարդ Համբարձումյանի հետ: Մեր հարցին՝ մինչ այս նախագիծն իրականացնելը Հայաստանում գործո՞ւմ էին այսպիսի բարեգործական ծրագրեր, որոնք օգնում էին հղիության հետ կապված խնդիրներ ունեցող կանանց, նա պատասխանեց. «Ոչ, անպտուղ զույգերին օգնող ծրագրեր չեն եղել մինչ այս. երբ երկար տարիներ ԱՄՆ-ում աշխատելուց հետո եկա Հայաստան, ու այստեղ տեսա այս վիճակը, շատ զարմացա, ու նաև այն ինձ շատ տխրեցրեց:

Հազարավոր զույգեր ոչ մի հնարավորություն չունեին օգնություն ստանալու՝ այն դեպքում, երբ տեխնոլոգիաներն ամբողջ աշխարհում, նաև՝ Հայաստանում, գործում են, բայց զույգերը, պարզապես ֆինանսական հնարավորություն չունենալով, հայտնվել էին վատ վիճակում: Եվ սա էր, որ մեզ դրդեց զբաղվել այս հարցով, և իմ Փարիզի ուսուցիչը՝ պրոֆեսոր Ռենե Ֆրիդմանը, երբ Հայաստան էր եկել, Ռիտա Սարգսյանը հրավիրեց մեզ իր մոտ, և այս հարցի շուրջ երկար զրույց ունենալուց հետո «Արագիլ» ծրագիրը ստեղծեցինք, և, ինչպես տեսնում եք՝ այն արդեն ճախրում է»:

Մեր հարցին՝ արդյոք Հայաստանում կա՞ն բոլոր անհրաժեշտ սարքավորումները, որոնք կիրառվում են եվրոպական երկրներում, Էդուարդ Համբարձումյանը պատասխանեց. «Այն ամենը, ինչ հարկավոր է, մենք Հայաստանում ունենք: Շատ քիչ սարքավորումներ կան, որոնք հիմա Հայաստանում չկան, բայց դրանք այնքան թանկ են, որ շատ քիչ երկրներ հնարավորություն ունեն ձեռք բերել, բայց ընդհանուր առմամբ՝ Հայաստանում այս գործընթացը բավականին ակտիվ գնում է առաջ, և մենք հիմա 5 կենտրոն ունենք, որոնք այսօր շատ լրջորեն զբաղվում են այս խնդիրներով»:

 

Տեսանյութեր

Լրահոս