Ճգնաժամ՝ իշխանության և ընդդիմության դաշտում

Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին ԱԺ հայտարարության նախագիծը երեկ բավական բուռն քննարկումների, անգամ լեզվակռվի առիթ դարձավ Ազգային ժողովում:

Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին Նիկոլ Փաշինյանի նախագծին ԱԺ նիստում կողմ քվեարկեց ընդամենը 4 պատգամավոր, ՀԱԿ-ն այն բնորոշեց` որպես «թույլ փաստաթուղթ», որը միայն կաջակցի Ս.Սարգսյանին, ու չքվեարկեց, բայց ուժերի ներածին չափով լծվեց մեր երկրում կառավարման ճգնաժամի առկայության ապացուցմանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` նշելով, որ կոռուպցիան ու մենաշնորհները շարունակում են մնալ Հայաստանի տնտեսության և կառավարման համակարգի ամենամեծ չարիքը, ինչը հաստատել են մի շարք միջազգային ու տեղական հեղինակավոր կառույցներ, հայտարարեց, որ թեև փետրվարի 20-ի հանրահավաքը չստացվեց, մարտի 1-ին հրավիրում են Ազատութան հրապարակ:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տարակուսեց, թե Զուրաբյանը ներկայացնում է մի նախագիծ, որն օրակարգ է մտել պատգամավորների 1/3-ի ստորագրությամբ, որոնց մեծ մասը ԲՀԿ-ականներն են, սակայն նրանք չեն մասնակցում քննարկմանը: Նա Զուրաբյանի ելույթը որակեց` որպես «միտինգային լեզվով` խեղկատակություն», ու կանխատեսեց, թե ՀԱԿ-ի փորձերն անհաջողության են մատնվելու: Զուրաբյանը փորձեց պառլամենտարիզմի դասեր տալ Գ.Սահակյանին, որ ամեն ընդդիմադիրի ելույթին չարձագանքի, որ ԱԺ նախագահն ընդամենը նիստը վարողն է, ոչ թե ուսուցիչ ու հաթաթա տվող:

Կարդացեք նաև

Անդրադառնալով ԲՀԿ-ին՝ Զուրաբյանը նշեց, թե իշխանությունը ԲՀԿ-ի դեմ ահաբեկություն, շանտաժներ, հարձակումներ է գործել, հարյուրներով մարդ է տարել բաժանմունքներ, և այդքանից հետո ԱԺ նախագահը խոսում է, թե արդյոք ընդունելի՞ է առանց գործընկերների խոսել այդ մասին: Ըստ Զուրաբյանի` նրանց բացակայությունն ինքնին կառավարման ճգնաժամի արդյունք է: Սահակյան-Զուրաբյան լեզվակռիվը թեժացավ, ու մեկմեկու սկսեցին դասեր տալ, թե ով ինչ ասի: «Սերժ Սարգսյանը պայման է դրել Գագիկ Ծառուկյանի առաջ, որ քաղաքականությամբ չզբաղվի»,- բորբոքվեց Զուրաբյանը: «Կարճ կապեք, էսպես որ գնա, նիստը չի բավարարի»,- եզրափակեց Գ.Սահակյանը:

Այնուհետև ՀԱԿ-ՀՀԿ լեզվամարտում Սահակյանին փոխարինեց Խոսրով Հարությունյանը, ու Զուրաբյանի հետ սկսեցին փոխադարձ հագուստի թանկության, բիզնեսների առկայության ու կոռումպացվածության մեղադրանքներ տեղալ: Լ. Զուրաբյանը հայտարարեց, որ երկրում արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, որն իշխանությունը չի կարողանալու անել, որովհետև ժողովուրդը նրան չի հավատում, քանի որ նրան չի ընտրել: Ըստ նրա` բոլորը գիտեն, որ երկրի բարձրագույն ղեկավարությունը զբաղված է անձամբ իր սենյակում բիզնեսներից փող վերցնելով.

«Պատմե՞մ, ասե՞մ, թե ինչեր են խոսում: Պատմում են մարդիկ, որ անձամբ են փող տվել, ու գալիս մեր ականջներին են պատմում, բայց անուններ չեմ կարող նշել, որովհետև կհայտնվեն նույն Գագիկ Ծառուկյանի վիճակում»:

Դիմելով անձամբ Խ. Հարությունյանին` Զուրաբյանը նրան մեղադրեց հիվանդ իշխանության մաս լինելու համար ու ասաց. «Մի կոռուպցիոներ էլ դուք եք: Դուք չգիտե՞ք, որ Սահմանադրությունն արգելում է զբաղվել բիզնեսով: Իսկ կարո՞ղ է` մտածում եք, որ Երևանում կա մարդ, որ չգիտի, որ Խոսրով Հարությունյանը զբաղվում է բիզնեսով»:

«Կոռեկտ շարադրեք Ձեր մտքերը: Իմ կենսափորձը բավարար է ոչ միայն Ձեզ, այլև մի ամբողջ քաղաքական ուժի հասկացնելու համար»,- հակադարձեց Խ.Հարությունյանը:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նախագծի զեկուցող, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին համեմատեց Բուրբոնների հետ, որոնց մասին ասում են, որ` «ոչինչ չեն մոռացել ու ոչինչ չեն սովորել»: Ըստ նրա` ՀՀ-ում ոչ իշխանական ուժերի ու ընդդիմության ճգնաժամ է: Շարմազանովի խոսքով՝ փաստաթուղթը ՀԱԿ-ի հետ ստորագրել է մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը, բայց նրանք այստեղ չեն. «Բացակաների մասին խոսում են կամ լավը, կամ ոչինչ: Ընդդիմության դաշտում է քաղաքական ճգնաժամ: Քննադատում են ոչ թե երևույթները, այլ անձերը»: Շարմազանովը նշեց, որ ՀԱԿ-ը միացել է քաղաքական երկրորդ ուժի վերջին վագոնին, ու երբ այդ ուժը գերադասել է կառուցողական ճանապարհը, ցայտնոտի մեջ է ընկել, փորձում է Հռոմի պապից կաթոլիկ լինել. «7 հոգանոց ֆրակցիայով 9 երգ եք երգում: Ձեր ֆրակցիայի մեծամասնությունն այստեղ չի, սա խոսում է այն մասին, որ մտացածին, շինծու, արհեստական օրակարգ է: Ձեր մեջ խոսում է վիրավորանքը, որ դուք քաղաքական դաշտում այլևս անելիք չունեք»,- հայտարարեց Է.Շարմազանովը:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին խոսեց թվերով ու ներկայացրեց ՀՀ-ում տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային կառույցների գնահատականները: Ըստ նրա` մարդկային կապիտալի զեկույցում 122 երկրների շարքում ՀՀ-ն 73-րդ տեղն է զբաղեցնում, գործազուրկների թվով ԱՊՀ երկրների շարքում առաջինն է, մարդկային զարգացվածության առումով հետ է Ռուսաստանից և շատ այլ երկրներից, ՀՀ տնտեսությունը 13 կետով մեկ տարում զիջել է դիրքերը, զիջել է դիրքերն առողջապահության, կրթական, գենդերային հավասարության, սոցիալական կապիտալով, և այլն: «Միակ ոլորտը քաղաքացիական ազատություններն են, որի գծով առաջընթաց է գրանցել, մնացած կետերով կամ անփոփոխ է, կամ հետընթաց է գրանցել»,- արձանագրեց Ա.Մանուկյանը:

Իշխանական գործընկերներին միացավ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով հայտարարեց, որ ՀԱԿ-ն` իր ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ավելի լավ է հիմնավորել ԵՏՄ-ին Հայաստանի միանալը, քան իշխանությունը: Նա նշեց, որ ՀԱԿ-ը չունի այլընտրանքային զարգացման ծրագիր, և իր համար տարբերություն չկա` ՀԱ՞Կ-ն է ինտեգրում ՀՀ-ն ԵՏՄ-ին, թե՞ իշխանությունը: Ըստ նրա` դեռ կառավարության ծրագրում կետ կար, որ շարունակելու են ԵՄ-ի հետ համագործակցությունը, իսկ ՀԱԿ-ն ամեն ինչ արեց, որ ներքին ընդվզում չլինի: Մարուքյանը նշեց, որ ՀՅԴ-ն աջակցում էր ԵՏՄ-ի ինտեգրմանը, բայց այդ գաղափարի ընդդիմախոսներին «ջղաձգվողներ» չանվանեցին:

«ՀՀ քաղաքական համակարգում չենք կարողանում այնպիսի ընդդիմություն ձևավորել, որ չասի, թե ամեն ինչ շատ վատ է, ձևավորի ակնկալիքներ և հուսախաբ չանի: Դուք արտաքին նախաձեռնողական քաղաքականությանն աջակցել եք, ու մեղքերը նաև ձեր վրա են: Նաև որևէ քննադատական խոսք ունակ չեք լսել»,- հայտարարեց Է.Մարուքյանը` որպես լուծում ՀԱԿ-ին առաջարկելով քաղաքական դաշտը մաքրել` իշխանության հետ միասին հեռանալով բեմից:

Նիկոլ Փաշինյանն էլ համաձայնելով իր երբեմնի համախոհների հետ, որ Հայաստանում կա կառավարման ճգնաժամ, կանխատեսեց, թե ՀՀ-ում ևս 20 տարի չի լինի իշխանափոխություն, քանի դեռ երկրում չի ձևավորվել ինստիտուցիոնալ ընդդիմություն: Փաշինյանը վերջինիս բնորոշող 3 կետ նշեց. «Ինստիտուցիոնալ ընդդիմությունն ապագայի ծրագիր պետք է ունենա, որ կարողանա ներկայացնել, թե այսօրվա ծայրահեղ վատ վիճակն ինչպես է պատրաստվում փոխել, ինչ քայլերով և ինչ արդյունք է ստանալու: Երկրորդ՝ սուպերլիդերների ինստիտուտը պետք է փոխել սուպերթիմով, որովհետև վճռական պահին սուպերլիդերի ծնկները ծալվել են: Դու ո՞վ ես ընդհանրապես, ցար ի բո՞գ ես, էսօր հանրահավաք անում ես, վաղը չես անո՞ւմ»:

Ըստ Փաշինյանի` դա նույնն է, որ հարթակ դուրս եկածից սպասենք` 1000 կգ-անոց ծանրաքար բարձրացնի, ինչը մի մարդու ուժերից վեր է:

Փաշինյանը նշեց, որ ընդդիմությունը պետք է ունենա ստվերային կառավարություն, պետք է ունենալ ինստիտուցիոնալ կառույցներ ամբողջ հանրապետությունում: Երրորդ, ըստ Փաշինյանի, հանրապետության բոլոր ընտրատեղամասերում պետք է ունենա գոնե մեկ վստահված անձ, իսկ եթե չի կարողանում վստահված անձ ապահովել, ո՞նց է անելու իշխանափոխություն: «Նոյեմբերին չգիտեի՞ք, որ իշխանությունը համ բիրտ է, համ կոռումպացված է, համ հանցագործ է, համ մարդասպան է»,- ասաց Փաշինյանը` նշելով, որ այս քննադատությունն առաջին հերթին` իրեն է ուղղում: Նկատելով, որ առանց իմանալու, թե «էդ ատրճանակը ոնց են վերցնելու, որտեղ են մտցնելու», չպետք է ժողովրդին հուսադրեն:

Երեկ վերջին ելույթն ունենալու պատիվը բաժին ընկավ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանին, ով այս ամենը բնորոշեց` որպես «օժիտի կռիվ»: «Ձեր պայքարն այս ամպագոռգոռ, լացակումած, տարբեր գնահատումներով, շատ պարզ հասկանալի է»,- ասաց նա՝ հավելելով, որ օժիտը դեռ պետք է վաստակել:

Տեսանյութեր

Լրահոս