Բաժիններ՝

Կործանարար ֆիլոքսերա. ինչ անել

Անցյալ տարի Էջմիածնի տարածաշրջանի Աղավնատուն գյուղում հայտնաբերվել է ֆիլոքսերայով վարակված 12 հա խաղողի այգի (գյուղում հաշվառվում է 80-90 հա խաղողի այգի): Սա Արարատյան դաշում ֆիլոքսերայով վարակված այգու հայտնաբերման երկրորդ դեպքն է:  Այս մասին գրում է armef.com-ը:

Առաջին անգամ այն հայտնաբերվել է 2009թ. Էջմիածնի տարածաշրջանի Գայ համայնքում՝ 3.4 հա-ի վրա: Այն ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ֆիլոքսերա վնասատուի տարածման կապակցությամբ այս գյուղում կարանտին հայտարարեց: Կառավարությունն էլ նախարարությանը հատկացրեց գումար, որի մի մասը որպես փոխհատուցում տրվեց այգու տիրոջը` այն քանդելու և ոչնչացնելու համար (վերջինս հատկացված գումարից ավելին էր պահանջում, ինչի համար էլ գործընթացը մի քանի ամիս ձգձգվեց), 9 միլիոն դրամ էլ տրամադրվեց վնասատուի տարածման վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու նպատակով: Ստեղծվեց ներկայացուցչական հանձնաժողով` գիտնականների, պաշտոնյաների, գյուղատնտեսության մարզային կառույցների ընդգրկմամբ: Ֆիլոքսերայի մոնիթորինգի աշխատանքներն իրականացնում էին (և իրականացվում են) կարանտին ծառայության աշխատակիցները: Թեև այն ժամանակ գյուղնախարար Դավիթ Լոքյանը, ելնելով հարցի գերկարևորությունից, պատրաստվում էր ստեղծել միայն ֆիլոքսերայի դեմ պայքարի աշխատանքներով զբաղվող մշտական գործող վճարովի հանձնաժողով` տրամադրելով ոլորտում որոշակի վերահսկողական գործառույթներ (բնականաբար` ֆիլոքսերային առնչվող հարցերում) իրականացնելու լիզորություններ: Ցավոք, այդ ուղղությամբ հետագա քայլեր չարվեցին:

Ֆիլոքսերա

Եվ ահա` հերթական, շատ ավելի լուրջ դեպքը, որին հետևեց գյուղատնտեսության հերթական նախարարի հերթական հրամանը 2013թ. դեկտեմբերի 11-ին` քիչ այլ բովանդակությամբ. «ՀՀ գինեգործության ոլորտի զարգացման գործողությունների ծրագիրը ապահովելու նպատակով» հանձնաժողով ստեղծելու մասին: Հրամանի երկրորդ կետով հանձնարարվում էր մինչև 2013թ. դեկտեմբերի 15-ը ՀՀ կառավարությանը ներկայացնել մասնագիտական եզրակացություն` ՀՀ-ում ֆիլոքսերայի բռնկման դեպքում արագ արձագանքման մեխանիզմների և ֆիլոքսերազերծ շրջաններում ֆիլոքսերադիմացկուն տնկանյութի օգտագործման վերաբերյալ: 

Կարդացեք նաև

Հարցի առնչությամբ հերթական անգամ անհանգստություն է հայտնում հանրապետության խաղողագործության ոլորտում ամենաճանաչված և ամենափորձառու գիտնականը` Դերենիկ Սաֆարյանը, ով ընդգրկվել է և´ առաջին և´ երկրորդ հանձնաժողովում: Ընդգծելով, որ պետք է մանրակրկիտ հետազոտություններ կատարվեն հանրապետության խաղողագործական բոլոր շրջաններում, նա նշում է. «Եթե պարզվեց, որ այլ օջախներ էլ կան, ապա դրանք հնարավորինս արագ պետք է շրջափակվեն, արմատախիլ արվեն և ոչնչացվեն: Գուցե այդկերպ հնարավոր կլինի արգելակել ֆիլոքսերայի տարածումը ողջ Հայաստանում: Եթե տարածումը ծավալվեց, ուրեմն` հանրապետության խաղողագործությունը, հետևաբար և կոնյակագործությունն ու գինեգործությունը հայտնվելու են կործանարար փաստի առջև»:

Ֆիլոքսերա

Ոչ թե ֆիլոքսերադիմացկուն սորտեր

Պարոն Սաֆարյանի տեղեկացմամբ` հանրապետության հյուսիս-արևելքում ֆիլոքսերա կա, «և մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ տարածաշրջանի այգիների արտադրական օգտագործման ժամկետը կազմում է հազիվ 25, առավելագույնը` 30 տարի: Մինչդեռ Արարատյան դաշտում լարային եղանակով մշակելիս մեր այգիների արտադրական կյանքը տևում է 60-80 տարի: Մեր նախնիներից ժառանգած թմբային այգիները բերք էին տալիս ավելի քան 150-200 տարի: Եթե, այնուամենայնիվ, ֆիլոքսերան տարածվեց, և ստիպված եղանք մշակել ֆիլոքսերադիմացկուն սորտեր, այդ դեպքում տնկանյութի արտադրությունը դժվարանալու է, տնկանյութը թանկանալու է, այգու հիմնադրումից սկսած` ծախսերը մեծանալու են, արդյունավետությունը` նվազելու: Արդյունքում` կընկնի մեր այգիների շահագործման արդյունավետությունը, բերքատվությունը և խաղողի որակը, իսկ ստացվող խաղողի ինքնարժեքը կբարձրանա»:

ֆիլոքսերիա

Այլ` ֆիլոքսերադիմացկուն պատվաստակալների վրա պատվաստված տնկանյութ

Դերենիկ Սաֆարյանն առաջարկում է ֆիլոքսերայով վարակված տարածքներում խաղողի այգիները հիմնել ֆիլոքսերադիմացկուն պատվաստակալների վրա պատվաստված տնկանյութով: «Դրա համար,- պարզաբանում է նա,- անհրաժեշտ կլինի հիմնել տեղի բնակլիմայական պայմաններին համապատասխան ֆիլոքսերադիմացկուն պատվաստակալների մայրուտներ, ուսումնասիրությունների արդյունքում` հանրապետությունում եղած վայրի խաղողի ձևերից ֆիլոքսերադիմացկուն պատվաստակալների վրա պատվաստում իրականացնել, ստեղծել Արարատյան դաշտում խաղողագործության ժամանակակից պահանջներին համապատասխան տնկարանային տնտեսություն, ինչպես նաև սելեկցիայի միջոցով ֆիլոքսերադիմացկուն բարձրորակ սորտեր: Բացի այդ, պետք է վերջին տարիներին հանրապետության հյուսիս-արևելյան գոտի ներկրված ֆիլոքսերադիմացկուն պատվաստակալներից լավագույնները նույն եղանակով փորձարկման բերել Արարատյան դաշտ»: Այլապես, զգուշացնում է գիտնականը, կորուստները կարող են անդառնալի լինել: 

Նշենք, որ դեռս 2012-ից Երևանի կոնյակի գործարանը պատրաստակամություն է հայտնել և որոշակի գործնական քայլեր կատարել` դրսից ֆիլոքսերադիմացկուն սորտերի պատվաստներ ներկրելու և Հայաստանի գյուղացիներին պայմանագրով բաժանելու համար, որպեսզի դրանցով այգիներ հիմնեն: Հանրապետության գիտնականներն ակտիվորեն ընդդիմանում են, իսկ ոլորտի պատասխանատուները, առայժմ չկողմնորոշվելով «ինչ անելու» հարցում, դիտորդի դերում են:

Ֆիլոքսերա

Որպեսզի կանխվի միլիոնավոր դոլլարների վնասը

Եվրոպայում 30 տարվա ընթացքում ֆիլոքսերա վնասատուն ոչնչացրել է 6 մլն հա խաղողի այգի: Ողջ աշխարհում, այդ թվում և Եվրոպայում, ժամանակին էլ, այսօր էլ կիրառվել ու կիրառվում են կարանտինի խիստ կանոններ, բայց ֆիլոքսերայի ճանապարհը փակել չի հաջողվել, և այն հասել է մինչև Ավստրալիա: 

Հայաստանի հյուսիս-արևելքում և Լեռնային Ղարաբաղում ֆիլոքսերա վաղուց կար, բայց կարանտին հսկողության շնորհիվ ամբողջ 70-80 տարի արգելակվում էր դրա տարածումը Արարատյան դաշտ: Հայաստանի անկախացման առաջին իսկ օրերից, երբ կարանտին հսկողությունը որոշակիորեն թուլացավ, հանրապետության այս ոլորտի ներկայացուցիչները բարձրաձայնում էին մեր խաղողագործության համար ֆիլոքսերայի տարածման գերվտանգավոր լինելու մասին, ոլորտի ղեկավարներին կոչ անում առավել մեծ զգոնություն դրսևորել: 

Ինչևէ, ֆիլոքսերան արդեն Արարատյան դաշտում է, և երկրորդ դեպքի հայտնաբերումը փաստում է, որ այն տարածվում է: Հիմա մնում է արագ, որոշակի և հստակ գործողությունների իրականացում, այլապես, ինչպես նշում են գիտնականները. թանկ ենք վճարելու: 

Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը կոնկրետ հաշվել է, թե ֆիլոքսերայի տարածումը ինչ կարժենա Հայաստանի համար. «Հայաստանում ֆիլոքսերայի դեմ պայքարելու և խաղողի այգիները պահպանելու համար կպահանջվի 600 մլն դոլլար և 5 տարի: Խաղողի այգիները քանդելու և նորը հիմնելու համար գյուղացիներին անհրաժեշտ կլինի 280-290 մլն դոլլար: Վնասատուի տարածման դեպքում գինեգործները մի քանի տարվա ընթացքում կկրեն 140 մլն դոլլարի վնաս, կոնյակագործները` 170 մլն-ի, իսկ գյուղացիները` 140 մլն դոլլարի վնաս»:

Ֆիլոքսերա

Տեղեկանք

Ֆիլոքսերայի հայրենիքը ԱՄՆ-ն է, որտեղից 1860-ականներին տնկանյութի հետ Ֆրանսիա է բերվել և նկարագրվել է որպես խաղողի վազի վնասատու: Ներկայում տարածված է աշխարհի խաղողագործական գրեթե բոլոր երկրներում: Հայաստանում առաջին անգամ նկատվել է 1926թ.` նախկին Նոյեմբերյանի շրջանում: 

Ֆիլոքսերան խաղողի լվիճ է, անզեն աչքով դժվար տեսանելի: Հասուն թրթուրների երկարությունը 0.3-0.4 մմ է: Գույնը` կիտրոնադեղնավուն, կնճիթը բաղկացած է չորս ծակող խոզաններից: Մարմինը նարնջագույն է: Կա սրանց երկսեռ ձևը, որոնց արուների երկարությունը 0.2 մմ է, էգերինը` 0.4-0.45 մմ: Ապրում է վազի տերևների վրա և արմատներում: Ըստ վնասակարության էլ ֆիլոքսերան ունի երկու ձև` արմատային և տերևային: Եվրոպական սորտերի վրա զարգանում է միայն արմատային ձևը` ոչ լրիվ ցիկլով կուսածնությամբ: Ձմեռում են առաջին հասակի թրթուրները` վազի արմատների վրա, գարնանը դրանք արթնանում և ծծում են արմատների հյութը: Յուրաքանչյուր էգ դնում է 45-255 ձու և արմատների վրա տալիս է տարեկան 5-6 սերունդ: Հողից դուրս եկած թրթուրները տեղափոխվում են տերևների վրա ու բազմանում:

Ֆիլոքսերա

Ֆիլոքսերան սկսում է ծծել տերևի վերևի երեսից, որի հետևանքով տերևի բջիջները գերաճում են հակառակ կողմից` առաջացնելով գալեր, ուռուցքներ, որից հետագայում չորանում է տերևը: Խաղողի արմատների վրա եղած ֆիլոքսերան ծծում է արմատների հյութը, առաջացնում խոցեր, որոնք հետագայում ճեղքվում են ու նպաստում հողում ապրող զանազան մանրէների վնասակար գործունեությանը, իսկ արմատները սկսում են փտել և չորանալ: 

Ֆիլոքսերայի տարածման դինամիկայի վրա ազդում են բազմաթիվ գործոններ: Տարածվում է ուղղահայաց և հորիզոնական ուղղություններով: Զարգանում է հողի տարբեր շերտերում և խորություններում` 10 սանտիմետրից մինչև 4.5 մետր խորության վրա: Կախված խորությունից` զարգանում են տարբեր թվով գեներացիաներ:

Առաջին մեծ վնասը ֆիլոքսերայից կրել են ոչ թե Եվրոպայի խաղողագործները, այլ այն ամերիկացիները, ովքեր փորձել են Ատլանտիկ օվկիանոսի ափերին մշակել խաղողի եվրոպական սորտեր: Նրանք իրենց անհաջողության պատճառ են համարել կլիման, հողը և վնասատուները` գաղափար անգամ չունենալով այդ անտեսանելի վնասատուի մասին, որի նկատմամբ տեղական սորտերը ձեռք էին բերել դիմացկունություն: Իսկ Ամերիկայից Եվրոպա ֆիլոքսերան տեղափոխվել է շոգենավերով, որոնք զգալի կրճատել են ճանապարհի տևողությունը: Մինչ այդ, բազմաթիվ վնասատուներ կտրոնների հետ ընկնում էին նավերի վրա, սակայն ճանապարհի տևողությունը, որ հասնում էր շաբաթների, վնասատուին հնարավորություն չէր տալիս կենդանի հասնել եվրոպական ափ: Առաջին անգամ նավերը վնասատուին հասցրել են խաղողի այգիներով հայտնի Ռոնի ափերը:

Վնասակարության առաջին հետքերը նկատվել են Պրովանսում՝ 1863թ., որտեղից խաղողի այգիները տարածվում էին դեպի Ռոնի ափեր: Խաղողի վազի վրա տերևները թափվում էին, նոր ճյուղերը թույլ էին զարգանում, և մի քանի տարվա ընթացքում վազը մեռնում էր: Հողից հանված վազերում նկատվում էր տարօրինակ երևույթ` դրանք զուրկ էին արմատներից:

Հենց այդ ժամանակ էլ Փարիզի գիտությունների ակադեմիան ստեղծում է հանձնաժողով, որը պետք է զբաղվեր վնասատուի ուսումնասիրությամբ:

1866թ. բորսայի մակլեր Գաստոն Բազիլը, ով մեծ գումարներ էր ներդրել խաղողագործության մեջ, օգնության խնդրանքով դիմում է Ֆրանսիայի Մոնպելիեի համալսարանի պրոֆեսոր Ժյուլ Էմիլ Պլանշոնին, որպեսզի նա զբաղվի վազերը ոչնչացնող վնասատուի ուսումնասիրությամբ: Ի դեպ` հենց Գաստոն Բազիլն է առաջին անգամ առաջարկել խաղողի տեղական սորտերը պատվաստել ամերիկյան պատվաստակալների վրա: Այդ ժամանակ դեռևս ոչ ոք չէր կարող մտածել, որ վազերի ոչնչացման պատճառն Ամերիկայից բերված անտեսանելի վնասատուն է:

Պլանշոն

Որ ֆիլոքսերայի հայրենիքը Ամերիկան է` հաստատել է պրոֆեսոր Պլանշոնը: 1869թ. և 1873թ. նա փոխայցեր է կատարել ամերիկացի Չարլզ Ռիլի հետ, ով այդ ժամանակ արդեն հայտնի էր կոլորադյան բզեզի վերաբերյալ իր ուսումնասիրություններով: Վերջինս հաստատել է Պլանշոնի վարկածը:

Հյուսիսային Կոլորադոյից մինչև Օհայո այցերի և ուսումնասիրությունների ժամանակ Պլանշոնը բացահայտել է, որ վնասատուն սնվում է նաև ամերիկյան վազերի արմատներով, բայց դրանցից որոշ սորտեր ցուցաբերում են դիմացկունություն այդ վնասատուի նկատմամբ, մյուսները` միայն մասամբ, իսկ երրորդները` չունեն դիմացկունություն: Սակայն բոլոր դեպքերում արմատների վրա ուռուցքներ չէին ձևավորվում: 

Այդ ժամանակ ֆիլոքսերայի դեմ պայքարի միջոցառումների ուսումնասիրությունները գնում էին երկու` վնասատուի ոչնչացման և նոր դիմացկուն սորտերի ստեղծման ուղղությամբ: Վնասատուի ոչնչացման ուղին` այգիները ջրածածկ անելու և միայն հարթ տարածքներում ու ավազային հողերում այգիների հիմնումն էր: Իհարկե` այս միջոցառումները մեծածավալ չէին և ոչ էլ արդյունավետ: Իրականացվում էր նաև հողի ախտահանում (ածխածնի երկսուլֆիդով), որը շատ թունավոր էր և հաճախ դառնում էր մարդկանց թունավորման ու վազի չորացման պատճառ: Իրականացվում էր նաև վազերի ցողում` նատրիումի սուլֆոկարբոնատով:

Պայքարի շատ մեթոդների ու միջոցների կիրառումից հետո եզրակացրին, որ ֆիլոքսերան վերացնելու միակ ուղին` վնասատուի նկատմամբ կայունություն ունեցող մշակաբույսերի ստեղծումն էր: 1869թ. մի քանի գիտնականներ որոշեցին ամերիկյան վազը վերցնել որպես պատվաստակալ և պատվաստել: Նախքան եզրակացություներ անելը անհրաժեշտ էր պատասխանել շատ կարևոր հարցերի` արդյո՞ք ֆրանսիական վազերը կհամատեղվեն ամերիկյան պատվաստակալների հետ, դա ինչպե՞ս կազդի գինու համի վրա, ամերիկյան տեսակներից որո՞նք են, որ կգոյատևեն Եվրոպայի հողերում, քանի որ ամերիկյան հողերը հիմնականում թթու են, իսկ եվրոպականը` հիմնային և կրով հարուստ, վազերի ո՞ր տեսակներն ունեն արագ աճ, և կարելի է դրանք աճեցնել ու հասցնել մինչև արտադրական մակարդակի: Այդ ժամանակ շատ քչերն էին հավատում, որ վերջնարդյունքում պատվաստակալները, որոնք կստացվեն յուրաքանչյուր կոնկրետ տարածաշրջանի համար, հետագայում կտան գերազանց արդյունք:

9 տարի անց, երբ կառավարությունն ազատականացրեց ամերիկյան պատվաստակալները, արդեն երկրում առկա էին մաքսանենգ ճանապարհով ներկրված մեծ քանակությամբ ամերիկյան արմատակալներ: 

Այդ վնասատուի պատճառով Ֆրանսիայում ոչնչացվեց խաղողի այգիների մոտ 90.2%-ը: Ֆիլոքսերայի տված վնասի արդյունքում` գինու արտադրությունը մոտ երկու անգամ անկում ապրեց: Մինչև 1870թ. Ֆրանսիան յոթ անգամ ավելի շատ գինի էր արտահանում, քան ներկրում: Արդեն 1887թ. արտահանում էր 2 մլն, ներմուծում` 12 մլն հեկտալիտր գինի: Գինու արտադրության համար Ֆրանսիա էր ներկրվում միլիոնավոր տոննաներով չամիչ:

ՖԻԼՈՔՍԵՐԱ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս