Հյուսիսային պողոտայի հնդկացի երաժիշտներին սկզբում տեռորիստների տեղ են դրել
Երևանի Հյուսիսային պողոտայով քայլելիս՝ հավանաբար լսած կլինեք ճանապարհորդ էկվադորցիների յուրահատուկ գործիքներից արձակած երաժշտությունը: Հեռվից ականջդ շոյում են նոր երաժտության ռիթմերը, հետո հետևում ես այդ երաժտությանը, տեսնում ես մի խումբ մարդկանց` շրջապատած 3 կարճահասակ տղամարդկանց` սևահեր, միանման սանրվածքով` երկար հյուսքերով, ու տարօրինակ երաժշտական գործիքներով: Ոտքերդ կանգ են առնում, ու դու էլ անգիտակցաբար դառնում ես նրանց հանդիսատեսի մի մասը. անհնար է, չես կարող առաջին անգամ նրանց տեսնելիս կանգ չառնել ու մի քանի րոպե չվայելել ոչ հայկական նոր ու արտասովոր երաժշտությունը` նույնը նաև երկրորդ ու երրորդ անգամ…
Հյուսիսայինի հնդկացի երաժիշտները Հարավային Ամերիկայից են եկել` Էկվադորից, բնիկ հնդկացիներ են` Էդվին Մորանը, Ալեքս Կորդովան և Պատրիսիո Կորդովան: Նրանք մի ընտանիք են` միմյանց հարևանությամբ են ապրել, ավելի ճիշտ` Ալեքսն ու Պատրիսիոն եղբայրներ են, իսկ Էդվինի հետ հարևաններ են եղել, բայց նրանք մի ընտանիքի նման են հիմա` երեք լավ եղբայրներ: Տղաները հիմա որպես խումբ են հանդես գալիս` «Ինկա Սոլ» (Inca Sol) են կոչում նրանց բենդը:
Հնդկացի երաժիշտները սիրահարվեցին համաշխարհային ճանաչում ձեռք բերած մեր ազգային գործիքին` դուդուկին, ու եկան Հայաստան: Մի օր Էդվինը հեռուստացույցով Յաննիի (Yanni) համեգը դիտելիս՝ դուդուկի ձայնը լսեց ու համացանցում անմիջապես փորձեց գտնել այդ գործիքը: Բացահայտեց Հայաստանն ու որոշեց` մյուս երկիրը, որտեղ նրանք կայցելեն, կլինի Դուդուկի հայրենիքը:
«Էկվադորցի եղբայրները» հնդկացիներ են ու հպարտանում են իրենց արմատներով. նրանք ունեն իրենց մշակույթը, ավանդույթները, լեզուն և ազգային սովորությունները: Դարեր շարունակ հնդկացիները ճանապարհորդել են աշխարհով մեկ ու տարածել են իրենց մշակույթն ու ներկայացրել ազգային երաժշտությունը. հիմա էլ իրենց նախահայրերի գործը շարունակում են Հայաստան եկած երաժիշտները: Նրանք շատ երկրներում են եղել` Հարավային Կորեա, Հյուսիսային Ամերիկա, Կանադա, Հոնկոնգ, Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան… «Երեք եղբայրներն» այսպիսին են` որոշ ժամանակ ճանապարհորդում են, հետո վերադառնում իրենց հարազատ հայրենիքը, դադար տալիս, «նորմալ» կյանքի վերադառնում, ապա նորից սկսում են թափառել աշխարհով մեկ ու ներկայացնել իրենց երաժշտությունը:
Հայաստան անցած ամառ են ժամանել, հեշտ չէր այստեղ հաստատվել ու համոզել հայ ոստիկաններին, որ իրենք պարզապես անհատներ են, որոնց գործը միայն նվագելն ու երգելն է: «Առաջին ամիսն այստեղի Ոստիկանությունը շատ ագրեսիվ վերաբերմունք էր ցուցաբերում մեր նկատմամբ, նրանք կարծում էին` մենք տեռորիստներ ենք, ինչը շատ վատ էր մեզ համար: Երևի մոտ մի տասն անգամ գնացել ենք Երևանի քաղաքապետարան ու խնդրել` թողնեն այստեղ երգենք, համոզել ենք, որ մենք միայն ուզում ենք մեր երաժշտությունը ներկայացնել, բայց նրանք ասացին` ոչ: Հետո մի լավ ընկեր գտանք` Կառավարությունում էր աշխատում, ու ինքն օգնեց մեզ»,- պատմում են հնդկացի երաժիշտները:
Բարեսիրտ հայ ընկերոջ շնորհիվ է, որ նրանք դեռ մինչև հիմա Հայաստանում կարողանում են իրենց համերգները ներկայացնել, բայց դեռ չգիտեն` որքա՞ն կշարունակեն ապրել այստեղ: «Դա, իհարկե, կախված է ոստիկաներից ու առհասարակ այստեղի մարդկանցից, եթե շատ խնդիրներ ունեցանք՝ ստիպված կլինենք հեռանալ»,- ասում է Էդվինը:
Մեզ՝ հայերիս, հնդկացի երաժիշտները հասցրել են սիրել ու նույնիսկ հարևան երկրների հետ համեմատելու դեպքում` ավելի շատ են մեզ գնահատում ու սիրում: Այստեղ նրանց շատ է դուր գալիս, ազատ են իրենց զգում. իրենք էլ քրիստոնյա են, ու քրիստոնյաների կողքին ապրելը նրանց ավելի հոգեհարազատ է: Խտրականություն չեն դնում առհասարակ կրոնների միջև, բայց մինչև Հայաստան այցելելը պատմեցին, որ եղել են մեր հարևան երկրներում ու այդքան էլ տպավորված չեն նրանցից: «Թուրքերն էլ վատը չէին, բայց նրանց մասին կասեմ, որ ավելի շատ ագրեսիվ էին, նրանք մի տեսակ կոպիտ են: Բաքվում էլ ենք եղել, այնքան ահավոր էր այնտեղ, իրենց լրիվ թվում էր, որ մենք տեռորիստներ ենք, մի 20 ոստիկան շրջապատում էին մեզ, իսկ մենք ընդամենը երեքն ենք: Ադրբեջանից հետո գնացինք Վրաստան, այնտեղ մեծ համերգ կազմակերպեցինք, հեռուստատեսությունում էլ ելույթ ունեցանք, այդ երկրում մենք ասես աստղեր լինեինք, մեզ համար մեծ փորձ ձեռք բերեցինք Վրաստանում»,- պատմում է Էդվինը:
Հայասեր հնդկացիների կարծիքով` մենք շատ ընկերասեր ժողովուրդ ենք, հասարակ ու նաև կրթված, որն ամենակարևորն է «էկվադորցի եղբայրների» համար: Էդվինը պատմում է. «Գիտեք, օրինակ, ձեր հարևան երկրներում ենք եղել` Վրաստանում, Թուրքիայում, Ադրբեջանում, ինչպես ասեմ, իրենք այդքան էլ կրթված ժողովուրդ չեն: Օրինակ` այնտեղ հենց երգում էինք՝ ուզում էին ձեռք տալ մեր գործիքներին, մեզ շատ էին խանգարում»:
Էդվինը 28 տարեկան է, եղբայրները` մեկը՝ 28, մյուսը` 31, երեքն էլ ավարտել են իրենց քաղաքի Կոնսերվատորիան, ու ամեն մեկը մի մասնագիտացում ունի, բայց Էդվինը որոշել է նորից ուսանող դառնալ`ուզում է Սանկտ Պետերբուրգում շարունակել կրթությունը: Հիմա նրանք երեք լեզուների են տիրապետում` իրենց մայր լեզուն` քիչուան, իսպաներեն, նաև անգլերեն, ու դե, «բարև-հաջող»-ը գիտեն բոլոր այն լեզուներով, որ երկրներում ապրել են: Հիմա էլ դուդուկ նվագել են սովորում, գործիքն արդեն ունեն, ու իրենց տասնյակ ազգային գործիքների հետ միասին՝ նաև դուդուկով են պատրաստվում ներկայանալ հանդիսատեսին:
Հայաստանից հետո, որոշել են` գնալու են Ստեփանակերտ. այնտեղից հիմա շատ ընկերներ ունեն ու առաջարկ են ստացել` գնալ Արցախ ու այնտեղ էլ համերգների շարքեր ունենալ: Հետո էլ Սոչի են գնալու, իսկ դրանից հետո` ո՞ւր կգնան, դեռ չեն պլանավորել:
Չնայած, որ իրենց «բեմահարթակում» տուփ են դրել, ու անցորդներն իրենց ներկայացրածը հավանելու դեպքում այնտեղ գումար են գցում, բայց նրանք փողի համար չէ, որ այս գործով են զբաղվում. ինքնաթիռի տոմսի համար են շատ մտահոգվում ու այդ գումարները հիմնականում դրա համար են պահպանում: Համերգների ընթացքում էլ երեքից մեկը դուրս է գալիս «բեմահարթակից» ու, ժողովրդի մեջ քայլելով, իրենց ձայնասկավառակներն ու պատրաստած աքսեսուարներն է առաջարկում հանդիսատեսին: Շատերն են հավանում իրենց երաժշտությունը ու գնում են ձայնասկավառակները:
Ի դեպ, Հյուսիսային պողոտայի մեր էկվադորցի երաժիշտները կորցրել են իրենց երաժշտական գործիքների մեծ մասը. հաճելի զրույցի վերջում մեզ խնդրեցին օգնել իրենց ու հայտնել, որ դեկտեմբերին տաքսիով «Բանգլադեշ» թաղամասից Հյուսիսային պողոտա գալիս իրենց ամենաթանկագին գործիքներից շատերը մոռացել են տաքսու բեռնախցիկում: Շատ են տխրել այդ պատճառով. իրենց ամենալավ գործիքներն են եղել այդ ավտոմեքենայում: Դեռ մեծ հույս ունեն, որ կգտնեն դրանք: Վստահ են` չէ՞ որ հայ տաքսիստին դրանք հաստատ պետք չեն գալու: