Բաժիններ՝

«Համայնքների խոշորացման գործընթացը պետական հատուկ ծրագիր չէ. սա հերթական բարեփոխման ծրագրերից մեկն է». Վահան Մովսիսյան

«Համայնքների ֆինանսիստների միավորում» կազմակերպության նախագահ Վահան Մովսիսյանի կարծիքով` համայնքների խոշորացման գործընթացը, որի փորձնական փուլը մեկնարկել է հունվարից, դրական փոփոխություններ կգրանցի: Նրա խոսքով` այսօր Հայաստանում կատարվող վարչատարածքային բարեփոխումները շատ անհրաժեշտ են մեզ համար, քանի որ մենք հիմա ունենք 999 բնակավայր, որից 915-ը համայնքներն են կազմում, իսկ մեր բնակչության համար, ըստ նրա, դա անհամեմատելի մեծ թիվ է, և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնական սկզբունքներն այդ համայնքներում լիովին չեն իրականացվում:

«Այս պահին մեզ համար շատ կարևոր է` կարողանալ յուրաքանչյուր բնակչին հասկացնել, թե ուր ենք գնում, և բացատրել, որ սա պետական հատուկ ծրագիր չէ. սա հերթական բարեփոխման ծրագրերից մեկն է, որն ունի բավականին խորը փորձագիտական հիմնավորում: Հարկ է նշել, որ այդ ճանապարհով անցել են եվրոպական գրեթե բոլոր երկրները. այս պահին միայն խոշորացման գործընթացի մասին չի մտածում Ադրբեջանի Հանրապետությունը»,- ասում է Վահան Մովսիսյանը:

Այսօր ՀՀ տարածքը բաժանված է 10 մարզի և 915 համայնքի, մարզերում իրականացվում է տարածքային կառավարում, համայնքներում՝ տեղական ինքնակառավարում։ 915 համայնքներից մոտ 400-ն ունեն 1000 հոգուց քիչ բնակչություն, շուրջ 200 համայնք` 300-ից պակաս բնակչություն, և շուրջ 100-ին մոտ համայնքներ` մինչև 100 հոգի բնակչություն: Բնակչության թվերն ակնհայտ տարբերվում են իրարից, և, ըստ Վահան Մովսիսյանի՝ փոքր բնակչությամբ համայնքներում չեն իրականացվում տեղական ինքնակառավարման մարմինների հիմնական սկզբունքները: Նրա խոսքով` այսօր գյուղապետերից շատերը որոշակի դժգոհություններ են հայտնել բարեփոխումների վերաբերյալ, և նրանց արտահայտած դժգոհությունները հետևյալ բնույթի են` մենք վստահ ենք, որ մեր համայնքը կքանդվի:

«Վատ անելու դեպքում կարող է՝ գյուղը քանդվի էլ, որովհետև այդ գյուղապետարանում գոնե 4-5 աշխատող կա, հիմա, երբ մենք խոշորացնենք, այդ աշխատողներից մեկն է մնալու, սա նշանակում է` այդ մարդիկ աշխատանքից զրկվում են: Ասել, որ դա այդ ընտանիքների գլխավոր եկամտի աղբյուրն է` այդպես էլ չէ, որովհետև տեղական ինքնակառավարման համակարգում բարձր աշխատավարձեր, ցավոք սրտի, չունենք, դրանք բոլորը մինիմալ աշխատավարձի չափով են` 50 հազար դրամի կարգի: Այստեղ հարկավոր է հասկանալ` այդ գյուղում 4 համայնքային աշխատո՞ղ է պետք, թե՞ իրենց գումարի հաշվին կարելի է ունենալ մեկ գյուղատնտես, կամ ունենալ մանկապարտեզ, կամ մեկ ավտոբուս, որը երեխաներին կտանի կողքի լավ մանկապարտեզը… Այսինքն` սա համայնքի ընտրության խնդիրն է, և հիմա այն իր հանրաքվեով դա պիտի մեզ ասի, որովհետև հարկ հավաքել համայնքից ու ասե՞լ` ժողովուրդ, ձեր հարկերը տվեք, որ այն 5 հոգին աշխատավարձ ստանան` հաստատ իմանալով, որ աշխատանքային ծանրաբեռնվածության տեսանկյունից` ոչ մի գյուղապետարանում, ոչ մի աշխատող 100 % ծանրաբեռնվածություն չունի…»,- ասում է Վ. Մովսիսյանը:

Կարդացեք նաև

Վահան Մովսիսյանի խոսքով` համայնքի բյուջեն բաղկացած է ֆոնդային, կապիտալ և վարչական ծախսերից: Վարչական ծախսերն ամենօրյա ապարատի պահպանման և նմանատիպ ծախսերն են, ֆոնդային և կապիտալ ծախսերը` ներդրումային ծախսերն են: Հիմա նրանք, վարչական ծախսը կրճատելով, հնարավորություն են ստանում կամ նոր ծառայություններ մատուցել, կամ կապիտալ ներդրումներ իրականացնել: «Այդ իմաստով` փողն ընդհանուր համայնքի տարածքից դուրս չի գալիս, ասենք` եթե 5 համայնքում կա 100 միլիոն դրամ, այն շարունակում է գտնվել այդ 5 համայնքում: Հնարավոր է` ուրիշ տեղ խնդիր առաջանա, օրինակ, մի համայնքի փողը, այսպես ասած` նախկին փողը, ծախսվի մյուս համայնքի վրա, և այստեղ է, որ շատերը մտահոգություն են հայտնում՝ ասելով` փոքր համայնքներին բանի տեղ չեն դնի: Հիմա քննարկման մեջ հետևյալ գաղափարն է`առաջին 5 տարում մենք համամասնությունը պահելու ենք նախկին ծախսերի համաձայն, այսինքն` առաջին 5 տարին այդ համայնքն ինչքան փող ստանում էր, այդքան էլ հիմա կունենա, ներառյալ՝ վարչական ղեկավարի ծախսը: Իսկ հետագայում համայնքն ինքնուրույն պետք է կողմնորոշվի, համախմբվի ու ինքը տնօրինի իր ընդհանուր ֆինանսները: Այս իմաստով տնտեսական օգուտները բավականին մեծ են լինում»,- ասում է Վ. Մովսիսյանը:

Նա նաև նշում է, որ խոշորացման գործընթացին զուգահեռ՝ լուրջ կապիտալ ներդրումներ են լինելու, որովհետև խոշորացման գործընթացի հայեցակարգում, որը մշակվել է ու արդեն ընդունվել է Կառավարության կողմից, կետերից մեկն այդ համայնքներում կապիտալ ներդրումներ անելու անհրաժեշտությունն է լինելու. «Ի դեպ, ամբողջ աշխարհն է այդպես անում, և խոշորացումը համարվում է ցավոտ գործընթաց, ու այդ գործն ինչ-որ չափով մեղմելու համար` պետությունն այդ նոր ձևավորված համայնքին կամ բյուջեին փող է տալիս կամ կապիտալ ծրագիր է իրականացնում, որպեսզի ինչ-որ մի ձևով սփոփի կամ շահագրգռի հանրաքվեի «այո» ստանալը»:

Ի պատասխան գյուղացիների արտահայտած մտահոգության` Վահան Մովսիսյանը հավատացնում է, որ ոչ մի բան չի քանդվելու, և բնակավայրի անունը չի փոխվելու. նախկին համայնքները շարունակելու են կրել իրենց նախկին անունը, բայց, օրինակ, հնարավոր է` ունենանք ընդհանուր «Տաթև» համայնք, ու դրա կենտրոնը գտնվի Շինուհայ գյուղում, հետևաբար` համայնքի անունը կարող է չհամընկնել գյուղի անվան հետ: Համայնք և գյուղ հասկացությունները, ըստ Վահան Մովսիսյանի, պետք է տարբերակենք, համայնքը վարչատարածքային միավոր է, որի կազմի մեջ կարող է լինել մի քանի գյուղ:

Մեր հարցին` չկա՞ն այնպիսի համայնքներ կամ գյուղեր, որոնք հիմա այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չեն իրար հետ, ու նրանք այսօր չեն ցանկանում միանալ և ընդհանուր մեկ համայնք կազմել ու մեկ անունի տակ հանդես գալ, Վահան Մովսիսյանը պատասխանեց. «Չափորոշիչների մեջ ունենք այդպիսի կետ, որ նման համայնքները, որոնք ենթադրյալ պատկերացնում ենք, որ իրար հետ «լավ չեն», այս առաջին պիլոտային ծրագրում չեն դիտարկվում, բայց նրանց նկատմամբ հատուկ մոտեցում կլինի հետագայում` ինչպես այդպիսի համանքներին, այնպես էլ՝ այլ ազգերով բնակեցված համայնքներին: Ռուսական բնակավայրերը, ասորական կամ եզդիական համայնքներն առայժմ թողնում ենք առանձին` փնջերից ոչ մեկում ներառված չեն, դրանց նկատմամբ վերաբերմունքը կդրսևորվի իրենց անձնական ընդհանուր ձևավորված կարծիքից հետո` կուզե՞ն միավորվեն, թե՞ ոչ»:

«Համայնքների ֆինանսիստների միավորում» կազմակերպության նախագահ Վահան Մովսիսյանն ամփոփելով իր խոսքը՝ նշեց, որ չափորոշիչներն ու մշակումները բոլորը դոգմատիկ չեն, յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար անհրաժեշտ է անհատական մոտեցում ցույց տալ. դա կարող է աշխարհագրական դիրքի հետ կապված լինել, կարող է տնտեսականի հետ կապված լինել, ամեն մի փաստ հարկավոր է հաշվի առնել, և ամենակարևորը` նրանք անց ենք կացնելու հանրաքվե, և ժողովրդի կարծիքը որոշում կայացնելու համար լինելու է պարտադիր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս