Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանում է արտաքին առևտրի անկումը
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանություններ է ներկայացրել 2015 թվականի հունվար ամսվա արտաքին առևտրի ցուցանիշների վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալներով՝ 2015թ. հունվարին արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014 թվականի հունվարի համեմատ կրճատվել է 30.4%-ով։ Այդ թվում՝ արտահանման ծավալը նվազել է 21.9%-ով, ներմուծման ծավալը՝ 33.2%-ով:
Այս անկման հետ կապված՝ Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է
* * *
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակած ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հունվար ամսվա ցուցանիշների համաձայն առկա է անկում ՀՀ արտաքին առևտրաշրջանառության (արտահանման և ներմուծման) մասով:
Վերոնշյալ ցուցանիշները դիտարկելիս, հարկ է նկատի ունենալ մասնավորապես հետևյալը.
Ինչպես նշվում է նաև ՀՀ ԱՎԾ կողմից, 2015 թվականի հունվար ամսվա արտաքին առևտրի ցուցանիշներն ամբողջական չեն` պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ: Հետևաբար, ներկայացված թվային տվյալները դեռևս չեն արտահայտում հունվար ամսվա առևտրաշրջանառության ամբողջ պատկերը: Հարկ է հատկապես հաշվի առնել, որ, պայմանավորված ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությամբ (որն ուժի մեջ է մտել ս.թ հունվարի 2-ից), ՀՀ և ԵՏՄ այլ անդամ երկրների հետ արտաքին առևտրի ընթացակարգերը, հետևաբար նաև վիճակագրության վրա ազդեցություն ունեցող գործընթացները, կրել են որոշակի փոփոխություններ:
2015 թվականի արտաքին առևտրի վիճակագրության հետագա ճշգրտումից հետո այդ ցուցանիշները քննարկելիս պետք է նկատի ունենալ հետևյալը.
Հունվար ամսվա ընթացքում գործարար հանրության մոտ դեռևս առկա էին ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված որոշակի անորոշություններ և սպասողական տրամադրություններ` կապված նոր պայմաններում արտաքին առևտրային գործունություն ծավալելու ընթացակարգերի հետ (մասնավորապես` մաքսային ձևակերպումներ, մաքսային վարչարարություն, անհրաժեշտ փաստաթղթեր և այլն):
2014 թվականի տարեվերջի և 2015 թվականի հունվար ամսվա ընթացքում ռուսական ռուբլու էական արժեզրկման և ընթացիկ տատանումների հետևանքով, մասնավորապես դեպի Ռուսաստանի Դաշնություն տեղական ապրանք արտահանողների համար, անհրաժեշտություն էր առաջացել կատարել արտահանվող ապրանքի գնի լրացուցիչ ճշգրտումներ, քանի որ, ԱՄՆ դոլարային արտահայտությամբ կնքված պայմանագրերի պարագայում, արտահանվող ապրանքներն էապես թանկանում են ռուսական ներմուծողի համար, իսկ ՌԴ ռուբլով կնքված պայմանագրերի պարագայում` արտահանվող ապրանքի գինն էժանանում է հայկական արտահանողի համար:
Արտահանման ծավալների առնվազն գումարային արտահայտության նվազմանը նպաստող էական գործոն կարող է համարվել նաև միջազգային շուկայում հանքահումքային արտադրանքի գների նվազումը (մասնավորապես` պղինձ, մոլիբդեն և այլն):
2014 թվականի հունվարը 2015-ի հունվարի հետ համեմատելու պարագայում, պետք է ընդհանուր առմամբ նկատի ունենալ նաև, որ այս տարվա հունվար ամսին փաստացի սահմանված աշխատանքային օրերն ավելի պակաս են եղել, քան նախորդ տարվա հունվարին, ինչը միգուցե ոչ էական, սակայն նույնպս կարող է որոշակի ազդեցություն ունեցող գործոն դիտարկվել: