Նոր Նորքում այրվածքներ ստացած 9-ամյա տղան տուժող է ճանաչվել. գործով մի շարք փորձաքննություններ են նշանակվել
2015թ. փետրվարի 9-ին Երևանի Գյուլիքևխյան փողոցի 23/1 շենքի թիվ 48 բնակարանում հրդեհի արդյունքում այրվածքներ ստացած 9-ամյա տղան տուժող է ճանաչվել, իսկ նրա հայրը՝ տուժողի ներկայացուցիչ: Այս մասին ի պատասխան 168.am-ի հարցման՝ հայտնել են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
9-ամյա տղային գանգուղեղային վնասվածքներ պատճառելու և բնակարանը հրկիզելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
«Նախքննության ընթացքում բժշկական կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ երեխայի մայրը՝ նշված հասցեից «ամբողջ մարմնի այրվածք 4-րդ աստիճանի» ախտորոշմամբ բժշկական կենտրոն տեղափոխված Աննա Բադալյանը, ստացած այրվածքներից մահացել է: Քրեական գործով որպես մեղադրյալ կամ կասկածյալ ներգրավված անձ չկա: Քրեական գործով նախաքննությունը շարունակում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Քրեական գործով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել»,- նշված է ՀՀ քննչական կոմիտեի պատասխանում:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի կողմից ավելի վաղ տարածված հաղորդագրության՝ դեպքի վայրում կատարված լրացուցիչ զննության, ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել, որ երեխային ծանր մարմնական վնասվածքներ է պատճառել մայրը։ «Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ Ա.Բադալյանը 2015թ. փետրվարի 9-ին՝ ժամը 04-ի սահմաններում, կողպել է իրենց բնակարանի մուտքի դուռը և պատուհանները, որից հետո, սպանելու դիտավորությամբ, մուրճով բազմաթիվ հարվածներ հասցրել դեռահաս որդու կենսական կարևոր օրգանի՝ գլխի շրջանում։
Հարվածների հետևանքով երեխային պատճառվել են գանգուղեղային բաց վնասվածքներ։ Սպանության դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով կինը հրկիզել է բնակարանը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանացագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ առաջացած հրդեհը մարելու նպատակով դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցները և Ա.Բադալյանին ու Ֆ.Նահապետյանին դուրս են բերել բնակարանից»,- նշված էր կոմիտեի պաշտոնական հաղորդագրության մեջ։
Տան հյուրասենյակի բազմոցին կիպ պատի վրա հայտնաբերվել է նաև երկտողանի հայատառ գրառում՝«մեր մահվան պատճառը էդ սրիկան է»: