Պետք չէ գերագնահատել ՌԴ-ի ազդեցությունը ԼՂՀ հակամարտությունում. Անդրեյ Եպիֆանցև
168.am-ի զրուցակիցն է Կովկասի հարցերով փորձագետ, գրող Անդրեյ Եպիֆանցևը:
– Պարոն Եպիֆանցև, օրերս Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ ասել էր, որ Ռուսաստանն ակտիվ դերակատարություն ունի Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում ոչ միայն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի մակարդակով, այլև՝ երկկողմ կապերի: Սակայն մենք տեսնում ենք, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական շփման գծում շարունակում է լարվել, ինչո՞ւ:
– Չէի փորձի գերագնահատել այն ազդեցությունը, որը կարող է ունենալ Ռուսաստանը կամ հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված մեկ այլ երկիր՝ հակամարտության կողմերի նկատմամբ: Փորձը ցույց է տալիս, որ առկա ձևաչափը` ԵԱՀԿ Մինսկի խումբը, արդյունավետ չէ, երկու կողմերին ձեռնտու կարգավորման հասնելը բանակցային այս ձևաչափի շրջանակում հնարավոր չէ, քանի որ Բաքվի և Երևանի դիրքորոշումները չափազանց հակադրվող են, ոչ մի կողմ չի գնում կոմպրոմիսի:
Վերջին 20 տարիների ընթացքում դիտարկվել են կոմպրոմիսային որոշման բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում՝ ամենաֆանտաստիկ` տարածքների վերադարձ, միասնական պետության ձևավորում, փոխանակումներ, և այլն, և այլն: Ոչ մի սցենար ձեռնտու չի եղել ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Հայաստանին: Կողմերը կանգնած են այնպիսի դիրքերի, որտեղ բանակցություններով ինչ-որ բանի հասնել հնարավոր չէ: Դա ակնհայտ է դարձել ամենաքիչը մի քանի տարի առաջ: Ու էլի առաջանում`է հետևյալ հարցը` ի՞նչ անել: Այլ ձևաչափ գոյություն չունի, այս ձևաչափից հրաժարվելը կամ այլընտրանք փնտրել նշանակում է՝ բանակցային գործընթացից դուրս գալ, իսկ դա իր հերթին՝ նշանակում է՝ պատերազմի վերսկսում: Սա այն իրավիճակն է, երբ հակամարտությունը կարգավորված չէ, և այս պահին որևէ կողմ չի կարող առաջարկել կարգավորում, որն ամենաքիչը կլինի փոխընդունելի:
Վերջին տարվա ընթացքում մենք հակամարտության ակնհայտ սրման ականատեսն ենք դարձել, այսինքն` լարվածությունը հասել է ամենաբարձր կետին, բայց պատերազմ չի սկսվում: Ակնհայտ է, որ Բաքուն ցանկանում է «ճոճել նավակը», որպեսզի ակտուալացնի հակամարտությունը: Ողջ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է այլ տարածաշրջանների վրա` Ուկրաինա, Սիրիա, Իրաք, Աֆղանստան, իսկ ԼՂ հակամարտությունը հեռացել է կարծես: Ադրբեջանի համար դա ձեռնտու չէ, քանի որ Ադրբեջանին պետք է անընդհատ ակտուալացնել հակամարտությունը, միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել Ղարաբաղում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում, իսկ դա հնարավոր է անել՝ «ճոճելով նավակը»:
Համապատասխանաբար սկսվում են ռազմական բախումներ, միջադեպեր սահմանին և շփման գծում: Ի դեպ, սա անխուսափելի է: Այս տարի մենք նույն լարվածության ականատեսն ենք լինելու: Սա Ադրբեջանի ռազմավարությունն է, ու սա նրա համար «անպարտելի» տարբերակ է:
Օրինակ` Ադրբեջանը ռազմական սադրանքի է գնում, եթե Հայաստանը պատասխանում է, Ադրբեջանը դա որակում է այսպես, որ՝ հայերը կրակում են վիճելի տարածքից` ՀՀ-ին ներկայացնելով ռազմական հանցագործ, իսկ եթե Հայաստանը չի կրակում, Ադրբեջանը դա օգտագործում է հասարակության ներսում ռազմական տրամադրությունների հրահրման նպատակով և ասում` տեսեք մենք այնքան ուժեղ ենք դարձել, որ մեզնից վախենում են:
Այսինքն` այս տակտիկայի միջոցով Ադրբեջանը լարում է իրավիճակը, երբ այն անվերահսկելի է դառնում, համաձայնում է հանդիպումների ՄԽ ձևաչափի շրջանակում: Սա կարճաժամկետ ապագայի համար անմրցունակ տակտիկա է, երկարաժամկետ ապագայում այս տակտիկան չի աշխատի, քանի որ հնարավոր չէ անվերջ հրահրել հասարակության շրջանում նման տրամադրություններ, անհնար է շարունակաբար մսխել ռազմական բյուջեն, անհնար է հասարակությանն անընդհատ ասել, որ, եթե հայերը չեն վերադարձնում տարածքները, պատերազմ կսկսեն, քանի որ ինչ-որ մի փուլում հասարակությունն Ալիևին կհարցնի, թե ինչո՞ւ դա չի արվում, եթե 20 տարի է՝ խոստումներ են տրվում այդ մասին:
Հայ հասարակությունը սիրում է լսել, որ ադրբեջանական կողմն է մեղավոր, որ այդ կողմն է հրահրում հակամարտության բռնկում, բայց ես ասել եմ ու կասեմ, որ հայկական կողմը ևս պետք է հայտնի կոմպրոմիսի գնալու իր պատրաստակամության մասին, անհրաժեշտ է դա ցույց տալ, քանի որ հակամարտության կարգավորման հիմքը կարող է լինել միայն կոմպրոմիսը: Եթե հակամարտող կողմերը չգնան կոմպրոմիսների, դա իրենց փոխարեն կանեն գերտերությունները, բայց արդեն այլ պայմանների հիման վրա, որոնք շահեկան կլինեն իրենց համար: Ուկրաինական հակամարտությունն էլի դիտարկենք՝ որպես օրինակ: Ակնհայտ էր, որ Կիևն ու Դոնբասը Լուգանսկի հետ չեն գալիս համաձայնության, համապատասխանաբար, երբ այդ հակամարտությունը սկսեց սպառնալ այլ երկրների շահերին, այդ երկրները հավաքվեցին և ըստ էության պարտադրեցին հակամարտության կարգավորում և՛ Կիևին, և՛ Դոնեցկին, Լուգանսկին: Եթե Ղարաբաղում իրավիճակը վերածվի ռազմական լայնածավալ գործողությունների, ապա Ռուսաստանի, Արևմուտքի շահերը միանգամից հարցականի տակ կդրվեն:
Օրինակ՝ հայկական կողմն Ադրբեջանին բազմիցս է սպառնացել, որ եթե սկսվեն ռազմական գործողություններ, կպայթեցնեն նավթամուղը, իսկ սա կասկածի տակ է դնում եվրոպացիների շահերը: Ուստի կողմերը նման պարագայում պետք է պարտադրեն Բաքվին և Երևանին՝ հակամարտությունը կարգավորել ոչ այն պայմանների հիման վրա, որոնք դուր են գալիս կողմերին, այլ այն, որոնք ձեռնտու են Արևմուտքին և Ռուսաստանին: Սրանում է վտանգը: Ես կարծում եմ, որ ավելի լավ է` կողմերն իրենք պայմանավորվեն և նստեն բանակցային սեղանի շուրջ: Ես կարծում եմ, որ եթե լարվածությունը շարունակվի, այն ապագայում վերաճելու է լայնածավալ պատերազմի:
– Հայաստանը միացավ ԵՏՄ-ին, դա, ենթադրվում է, որ պետք է ամրացներ հայ-ռուսական հարաբերությունները, պետք է ավելացներ Հայաստանի անվտանգությունը, այնինչ անվտանգությունը հայտնվել է էլ ավելի մեծ սպառնալիքի տակ, քան նախկինում: Իրականում ի՞նչ կարելի է սպասել Ռուսաստանից:
– Այն, ինչ պետք է սպասել, ամրագրված է հայ-ռուսական պայմանագրերում: Այստեղ երկիմաստություն չկա: Ռուսաստանը երաշխավորում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, անձեռնմխելիությունը, բայց դրա մեջ չի մտնում Լեռնային Ղարաբաղը: Եթե պատերազմ սկսվի շփման գծում, Ռուսաստանը կփորձի միջամտել դիվանագիտական մեթոդներով, բայց եթե պատերազմը տեղափոխվի Հայաստանի տարածք, ապա Ռուսաստանը պարտավոր կլինի մտնել ռազմական գործողությունների մեջ Հայաստանի կողմից: Ես, բնականաբար, ԵՏՄ-ն չէի կապի ԼՂ հակամարտության, անվտանգության խնդիրների հետ, քանի որ դա տնտեսական կառույց է: Սակայն Հայաստանի և ԼՂ-ի միջև մաքսակետ չի տեղադրվել և տեղադրվելու, ԼՂ ապրանքները մուտք կգործեն ԵՏՄ շուկա, և ԼՂ-ն կբարգավաճի, տնտեսությունը կմեծանա, որն էլ հավելյալ անվտանգություն կդառնա Ղարաբաղի համար, որից ևս Ադրբեջանը խորշում է, ցանկանում է ԼՂ-ն տապալել նաև տնտեսապես: Իսկ ԵՏՄ-ն հնարավորություն է Ղարաբաղի համար: