Ինչու է շտապում կառավարությունը՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխության հարցում
ՀՀ կառավարությունն անցած հինգշաբթի օրը հապճեպ կերպով օրակարգում լրացուցիչ ներառել էր և հավանության արժանացրեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխության նախագիծը: Սակայն ուշագրավն այն է, որ այդ նախագիծը կառավարության կայքում, որտեղ սովարաբար հասանելի են լինում քննարկվելիք նախագծերը, տեղադրված չէր, և ՓՄՁ ներկայացուցիչները պարզապես չեն կարող ծանոթանալ նրան, թե ի՞նչ է սպասվում իրենց կամ ինչքանով են բավարարվել իրենց պահանջները: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, ներկայացնելով նախագծում կատարված փոփոխությունները, նշեց միայն, որ «առաջարկվող կարգավորումներն առնչվում են առևտրական առուվաճառքի գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների ձեռքբերումների փաստաթղթավորմանը»:
«Փաթեթը քննարկվել է բավական երկար, խնդրի կարգավորման և հանգուցալուծման նպատակով կան մի քանի մոտեցումներ, այդ թվում նաև՝ խորհրդարանական ուժերի կողմից: Դեռևս չունենք փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների և հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկությունները»,- ասաց Վ.Միրումյանն ու խնդրեց օրինագիծը համարել անհետաձգելի, բայց մի քանի օր ժամանակ տալ՝ վերջնական լուծումները գտնելու համար:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ կարևորեց բոլոր կողմերի կարծիքներն ու համաձայնեց:
Ձեռնարկատերերի բուռն դժգոհությունը հարուցած օրենքի փոփոխությունների գործողությունը կասեցվեց մինչև այս տարվա հուլիսի 1-ը, և պարզ չէ, թե ինչո՞ւ է կառավարությունը շտապում, ինչո՞ւ չի բոլոր կողմերի հետ մանրակրկիտ քննարկում խնդիրը, լսում բոլորի կարծիքը և կրկին թերի նախագիծ է ներկայացնում Ազգային ժողով, որի հերթական քառօրյա նիստերը սկսվում են հաջորդ շաբաթ:
ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը 168.am-ի հետ զրույցում դժվարացավ բացատրություն գտնել կառավարության շտապողականությանը և համաձայնեց, որ կարելի էր նախագիծը ներկայացնել, ասենք, հաջորդ քառօրյային՝ վերջնական տեսքի բերելուց հետո միայն. «Միգուցե մտածում են՝ իրենց լուծումն ավելի լավն է, և հետո կհամաձայնեցնեն ՓՄՁ կառույցների, հ/կ-ների հետ»:
Նա նշեց, որ այժմ փորձում են կրկին բոլոր թիրախային խմբերով անցնել՝ տոնավաճառներ, բակային խանութներ, էլեկտրոնային խանութներ և այլն, իսկ Ֆիննախարարության մասնագետների հետ հանդիպումներ չեն եղել. «Մենք առաջարկել էինք վարչապետին, որ խմբերով գնանք հանդիպումների այս մեկամսյա ժամկետում, բայց դրան էլ դեռ արձագանք չկա: Ամեն դեպքում մենք փորձում ենք գնալ հանդիպումների: Միայն Էկոնոմիկայի նախարարությունից է արձագանք եղել, որ եկել են ոսկու շուկայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, իսկ Ֆիննախարարությունից պատասխան չկա»:
Հ.Ավագյանի կարծիքով՝ պետք չէ շտապել և տեղային կարկատան չանել, հարկավոր է հարցը բազմակողմանի քննարկել ու մի քանի տարվա համար որոշում կայացնել՝ շեմի, դրույքաչափի և այլ հարցերի հետ կապված. «Շտապողականությունը կարող է կրկին սխալ պատկեր բերել: Մեր խնդիրն այսօրվա իրական վիճակը ներկայացնելն է, իսկ կանխատեսումներով պետք է զբաղվեն համապատասխան նախարարությունները, որոնք հետագայում կրելու են պատասխանատվությունը»: