«Լևոն Տեր-Պետրոսյանը, նամակը գրելով Սերժ Սարգսյանին, մեկ նպատակ է ունեցել…». քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի համար շատ նորմալ է, երբ Հանրապետության առաջին և երրորդ նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը, գոնե պահպանում են կոռեկտությունը և հարաբերվում են գոնե նամակագրական տեսքով: 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով առաջին և երրորդ նախագահների վերջին բաց նամակագրությանը՝ քաղաքագետը միաժամանակ նշեց, որ նորմալ չէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նախ առաջարկում է հանդիպել, հետո մերժում է երրորդ նախագահի՝ հանդիպելու պատրաստակամությունը.

«Իհարկե, ամեն մարդ ունի իր սեփական կարծիքը: Լևոն Տեր-Պետրոսյանը որպես գիտակ անձնավորություն, որպես արևելագետ, որպես կոնկրետ Հայոց ցեղասպանության հարցին բավական ծանոթ մարդ, ինքն ունի իր սեփական տեսակետները, ինքն իր կարծիքն է հայտնում: Ինքնըստինքան Հանրապետության երրորդ նախագահն էլ ունի իր սեփական տեսակետը: Այնպես որ, ես այդ նամակագրական կապը շատ նորմալ եմ համարում, բայց միևնույն ժամանակ շատ աննորմալ եմ համարում, երբ մարդ ցանկանում է հանդիպել, իսկ հետագայում հրաժարվում է հանդիպումից: Դա արդեն նորմալ չէ նույնիսկ այն դեպքում, եթե նրանք իրար հետ այս հարցով համագործակցության եզրեր չունեն, դա չէր նշանակում, որ կարելի էր մերժել, դա նշանակում էր կարելի էր հանդիպել և բացեիբաց սեփական կարծիքը հայտնել նախագահին»:

Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ նպատակ էր հետապնդում Լ. Տեր-Պետրոսյանը նամակը՝ ուղղված Սերժ Սարգսյանին, եթե հետո մերժելու էր հանդիպել, քաղաքագետն այսպես պատասխանեց.

«Ես հենց դա եմ ասում, որ մի քիչ անհեթեթություն է ստացվում, երբ հենց ինքն է առաջարկում հանդիպել, և գործող նախագահը հայտնում է, որ կհանդիպի ու դրա դիմաց պատասխան է ստանում, որ առաջին նախագահը չի ուզում հանդիպել իր հետ: Ինձ համար դա շատ զարմանալի է, և կարելի է ասել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկ նպատակ է ունեցել՝ այդ նամակը գրելով՝ կա՛մ նախագահը պետք է ընդունի Լ. Տեր Պետրոսյանի տեսակետները, կամ եթե չի ընդունում, ինքը համաձայն չէ համագործակցել, հանդիպել գործող նախագահի հետ»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ ՀՀ բախագահ Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին, ասել էր. «…Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը ստեղծման պահից գործել է բոլորին միավորելու, բոլոր կարծիքները հաշվի առնելու առաջնային սկզբունքով: Թե՛ մինչև ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածում, թե՛ դրանից հետո դեռ հնչելու են բազմաթիվ ուղերձներ, մշակվելու են բազմաթիվ հայտարարություններ, գրվելու են բազմաթիվ նամակներ և իրականացվելու են ամենատարբեր նախաձեռնություններ: Եթե դեռևս կան կարծիքներ ու առաջարկներ, որոնք այս կամ այն պատճառով ժամանակին չեն դրվել միասնական քննարկումների սեղանին, ապա, միևնույն է, չպետք է դուրս թողնվեն միասնականության այդ հարթակից և պետք է հաշվի առնվեն: Այս առումով համարում եմ, որ Ձեր առաջարկները ևս պետք է քննարկվեն: Դուք նշում եք, որ դրա համար դեմ առ դեմ հանդիպման կարիք կա: Խնդիր չեմ տեսնում: Ավելին, կարծում եմ, որ իբրև նման հանդիպման անհնարինության փաստարկ Ձեր կողմից բերված պատճառաբանություններն ամենևին տեղին չեն: Երբ համարեք, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շուրջ առանձնազրույցի կարիք և ցանկություն այնուամենայնիվ ունեք, պատրաստ եմ համապատասխան հրավեր ուղարկել»:

Ս. Սարգսյանի արձագանքին այսօր հետևեց ՀԱԿ խոսնակի պատասխանը, որտեղ ասվում է. «Լեւոն Տեր-Պետրոսյանը լիովին բավարարված է Սերժ Սարգսյանի պատասխանով` գնահատելով այն հանգամանքը, որ նրանում հստակորեն շարադրված է վերջինիս տեսակետը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» վերաբերյալ: Սարգսյանը համարում է, որ հռչակագիրը հրաշալի փաստաթուղթ է և արտահայտում է համայն հայության կամքը: Մինչդեռ Տեր-Պետրոսյանը համարում է, որ հռչակագիրը Հայաստանի և Ղարաբաղի համար վտանգներով հղի փաստաթուղթ է, և որ առանց հանրաքվեի այն չի կարող արտահայտել համայն հայության կամքը: Մնացյալը հասարակության ու սերունդների դատելիքն է: Ըստ այդմ, քանի որ բանավեճը հրապարակային է, Տեր-Պետրոսյանն այլևս Սարգսյանի հետ առանձնազրույցի անհրաժեշտություն չի տեսնում»:

Տեսանյութեր

Լրահոս