Եղեսպակի թուրմը և հարթ, տափակ որովայնը
Եղեսպակը (шалфей) շատ օգտակար բույս է։ Դեռևս մանկության տարիներից մենք եղեսպակն օգտագործում ենք հազը և կոկորդի ցավը բուժելու նպատակով։
Բայց իրականում այս բուսատեսակն օգնում է նաև հարթ, տափակ որովայն ունենալ։
Ի՞նչ պետք է իմանալ եղեսպակի մասին
Եղեսպակը միջերկրածովյան ծագում ունեցող բույս է, անանուխի ազգակիցներից։
Եղեսպակի տերևները կանաչ գույնի են, օվալաձև, իսկ ծաղիկները՝ կարմիր, վարդագույն և սպիտակ։
Հնագույն ժամանակներից այն օգտագործում են՝ որպես դեղաբույս։ Եղեսպակը կարելի է տարբեր կերպ օգտագործել։ Նրա գործածության ոլորտները տարածվում են խոհարարական արվեստից՝ մինչև կոսմետոլոգիա։ Շնորհիվ նրա բույրի՝ եղեսպակը հաճախ օգտագործվում է լոսյոնների և քսուքների, ինչպես նաև՝ մազերի խնամքի միջոցների բաղադրության մեջ։
Եղեսպակի օգտակար հատկությունները
Եղեսպակի օգտակար հատկություններից է նրա հակաբորբոքային ազդեցությունը, ինչի շնորհիվ էլ եղեսպակն օգնում է մկանային ցավերի, արթրիտի և ռևմատիզմի դեպքում։
Չափազանց մեծ է նաև եղեսպակի հակասեպտիկ ազդեցությունը։ Հենց այդ պատճառով այն այդքան էֆեկտիվ կերպով օգնում է կոկորդի ցավի դեպքում։
Եղեսպակն օգտագործում են նաև ստամոքսի և մկանների սպազմերի դեպքում, այն հակազդում է վարակներին և բակտերիաներին։
Եղեսպակը հարուստ է A և C վիտամիններով։
Այն թեթևացնում է շնչուղիների և մարսողական համակարգի հիվանդությունների սիմպտոմները, օգնում է վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը, բարձրացնում է քրտնարտադրության մակարդակը, ինչի պատճառով էլ շատ օգտակար է բարձր ջերմության ժամանակ՝ կատարելով ջերմիջեցնող միջոցի դեր։
Եղեսպակն էֆեկտիվ է կանանց մենստրուալ ցիկլի ժամանակ՝ հանդիսանալով որպես ցավազրկող։
Հանգստացնում է նաև ստամոքսի ցավերը և գլխացավը, կանխում է օրգանիզմում հեղուկների կուտակումը, նպաստում վերքերի և կտրվածքների արագ բուժմանը։
Պետք է նկատի ունենալ, որ եղեսպակն ունի հակացուցումներ։
Այն չի կարելի օգտագործել կրծքով կերակրելու շրջանում, ինչպես նաև երիկամային անբավարարության կամ վեգետատիվ նյարդային խանգարումների ժամանակ։
Դա կապված է այն բանի հետ, որ եղեսպակը պարունակում է տույոն, իսկ դա մեծ չափաբաժիններով օգտագործելու դեպքում նեյրոտոքսիկ է և կարող է հանգեցնել ցնցումների։
Բացի դրանից, եղեսպակ օգտագործել խորհուրդ չի տրվում հղիության շրջանում, քանի որ կարող է վնասել և սադրել պտղի կորուստ։
Եղեսպակն ու քաշի կորուստը
Եղեսպակը շատ օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են կարճ ժամանակում հարթ, տափակ որովայն ունենալ։
Այն կատարյալ մթերք է դիետայի հետևող յուրաքանչյուր մարդու համար, քանի որ այս բույսն ի վիճակի է կարգավորել մարսողական համակարգի աշխատանքը։
Եղեսպակի եփուկը կամ թուրմն ի զորու է կանխել ստամոքսի հետ կապված խնդիրները, եթե, ասենք, դու չափազանց շատ սնունդ ես ընդունել կամ կերել ես մի բան, որին քո ստամոքսը սովոր չէ։ Եղեսպակի թուրմն օգնում է մաքրել օրգանիզմը և այնտեղից դուրս բերել վնասակար թույները։
Բացի այդ, եղեսպակը խթանում է լեղուղու աշխատանքը, օգնում աղիների խցանումների դեպքում, նպաստում աղիների առողջությանը, ազատում ստամոքսի փքվածության պատճառ հանդիսացող ավելորդ գազերի կուտակումից և օրգանիզմում հավաքված հեղուկների դուրսբերումը հեշտացնելով՝ կանխում վերջույթների այտուցները։
Ինչպե՞ս պատրաստել եղեսպակի թուրմ
Պետք է վերցնել 15 գրամ եղեսպակի տերևներ (այն վաճառվում է բոլոր դեղատներում), կարևոր չէ՝ թա՞րմ, թե՞ չորացրած, և վրան լցնել 1 լիտր եռման ջուր։ Թողնել՝ 3 րոպե թրմվի։ Ապա պետք է ավելացնել կիտրոնի հյութ՝ ըստ ճաշակի, և ցանկության դեպքում՝ նաև մեղր։
1 լիտր եղեսպակի թուրմը բավականացնում է 3-4 օր։
Պետք է հիշել, որ ոչ մի դեղաբույս միայնակ ոչինչ անել չի կարող։ Պետք է առողջ սնունդ ընդունել և վարել ակտիվ կենսակերպ։ Մեր սննդակարգում պարտադիր պետք է ընդգրկվեն մրգեր և բանջարեղեն։
Եղեսպակի թուրմը կարելի է խմել ինչպես՝ սառը, այնպես էլ՝ տաք վիճակում։
Ցանկալի է խմել առավոտյան, մինչև նախաճաշը։ Այդ դեպքում մարսողական համակարգը, ինչպես կարգն է, կաշխատի ողջ օրվա ընթացքում, իսկ ճարպերից և թույներից ազատվելու գործընթացն ավելի արդյունավետ կլինի։
Եղեսպակի թուրմը պետք է պահել սառնարանում՝ անպայման փակվող բերանով սովորական շշի մեջ։
Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ