Քաղաքական դաշտի գրագիտացումը` անցնցում
Ներհայաստանյան քաղաքական եւ հասարակական դաշտի թեժացման միտումները մտահոգիչ տեսք եւ տարողություն ստանալու նախադրյալներ են պարզում: Անառարկելի են քաղաքական դաշտի գրագիտացման համար հնչող կոչերը, ընդգծվող վճռակամությունը` հարստապետական կարգերին վերջ տալու եւ այդ նպատակով քաղաքականություն-հարստություն սերտաճման գործընթացը կասեցնելու:
Երեւույթը նոր չէ մեր երկրում եւ պայմանավորված չէ հասարակական մեկ ուժով եւ մի անձով: Երեւույթը առկա է ոչ միայն խորհրդարանական խմբակցություններում, այլ նաեւ ուղղակի հատկանշում է մեծամասնական ընտրակարգով խորհրդարանական դիրքեր գրաված, օրենսդիր կյանքի քննարկումներին եւ զարգացումներին համարյա չմասնակցող, բայց քաղաքական ներկայություն ապահոված համակարգը:
Մեծամասնական ընտրակարգի այսօրվա դրույթը քաղաքականության եւ գործարարության սերտաճելի համատեղման ամենից խոսուն նվիրականացումի եղանակն է: Ահա թե ինչու խորհրդարանական ընտրակարգի 100/100 համամասնականի անցումը պիտի հիմնովին նպաստած լիներ քաղաքական դաշտի գրագիտացման ձեւավորմանն ու կայացմանը:
Գործարարության տարանջատումը քաղաքական դաշտից կարեւոր ելակետ կարող է նկատվել հավելյալ ժողովրդավարացման, օրենսդիր կյանքի ճիշտ ուղիով զարգացման, քննարկումների աշխույժ մասնակցության:
Այս առաջադրանքը նոր չէ, իհարկե, եւ տեսականորեն հնչել է վաղուց։ Պարզ է, որ հիմա ցույց տրվող վճռակամությունը հանկարծակիության իրավիճակ է ստեղծել հայաստանյան ներքաղաքական դաշտում: Նման հանկարծակի վճռակամության եւ դրան հետեւող քայլերի հայտարարությունն ու իրականացման արագակշռույթ բնույթը բնականաբար անցնցում չեն կարող լինել:
Այս բոլորի պատճառների եւ շարժառիթների փնտրտուքը տեղի է տվել տարատեսակ մեկնաբանությունների եւ ենթադրությունների վրա հիմնված վերլուծումների: Սկսյալ ԲՀԿ առաջնորդի Մոսկվա կատարած այցելությունից, կազմակերպած խորհրդաժողովին բարձրաձայնած կարգախոսներից, անցնելով նույն կուսակցության անդամի դեմ իրականացված ծեծից, նման բռնարարքի պատվիրատուի մասին կատարված ենթադրություններից, հասնելու համար գերպետական մակարդակներից ներշնչված եւ ուղղակի կամ անուղղակի պատվիրված գործողությունների: Նման խորհրդածությունները չեն բացառում նույնիսկ ռուս-թուրքական պայմանավորվածությունների իբրեւ արդյունք ներհայաստանյան դաշտը բեւեռացնելու եւ դրանով իսկ Գալիպոլիի կողքին 100-ամյակի նշման չեզոքացման նոր միջոցառում հրամցրած լինելու կարելիությունը: Չմտնելով շարժառիթների փնտրտուքի ոլորապտույտի մեջ՝ փորձենք կենտրոնանալ ստեղծված իրավիճակի փաստի վրա, որոշ հետեւություններ անելու համար:
ԲՀԿ-ի առաջնորդը, նախքան Հանրապետության նախագահի ելույթը, որ ի դեպ հռետորաբանությամբ, ոճով եւ օգտագործված բառապաշարով աննախադեպ էր` համեմատած իր նախորդ բոլոր ելույթներին, արդեն կոչ էր արել համաժողովրդային շարժման համար երկրի տարածքում շտապների ձեւավորման:
Սա արդեն ենթադրում էր, որ ինքնուրույն կամ թելադրված, առանց 100-ամյակի հաշվարկն անելու, նա ներքաշվել էր ենթադրյալ առաջադրանքի մեջ` ներհասարակական լարվածություն ստեղծելու ծուղակը:
Նման հակազդեցությունը նախագահական մակարդակով կարող է բացատրվել 100-ամյակից առաջ երկրի անկայունացմանը միտող շարժման արգելակումի որոշմամբ: Այս վարկածը կարող է համոզիչ չթվալ, եթե հակափաստարկներն ավելի տիրական ձեւով ընդգծեն` օգտագործված եղանակից դուրս, այլ միջոցներով, ենթադրյալ անկայունությունը կանխելու անհրաժեշտությունը:
Այս դեպքում խնդիրը այն է, որ արդյոք կանխարգելման այս եղանակով կհաջողվի՞ երկիրը դուրս բերել լարվածությունից, թե՞ դուռ կբացվի այդ առումով թեժացման նոր մագլցողականության:
Եթե մի պահ ընդունենք, որ ներկա պատկերը բացատրվում է արտաքին ներշնչումներով եւ ծրագրված իրավիճակների առաջացմամբ, ապա պետք է սպասել նաեւ ներազգային պառակտման այլ քայլեր Սփյուռքում եւս: Սփյուռքյան որոշ շրջանակների հետ երկխոսություն սկսելու Անկարայի մոտեցումները կարող են այլատեսակ կերպով դրսեւորումներ ունենալ:
Զգոնության եւ սթափության հրամայականը չի վերաբերում միայն Հայաստանի Հանրապետությանը: Այս առումով Սփյուռքը եւս թիրախային կետի վրա կարող է հայտնված լինել հակաքայլեր եւ նման իրավիճակներ առաջադրող հակառակորդի կողմից:
Այժմ սակայն, ուշադրության կիզակետը Հայաստանի Հանրապետությունն է: Քաղաքական դաշտը պետք է գործարարազերծել եւ օժտել քաղաքական գրագիտությամբ: Առանց ցնցումների: Ցնցումները ոչ միայն անտեղի են ժամանակի առումով, այլ կարող են ծառայել հակառակորդին:
Ամեն պարագայի խնդիր կա թե՛ հայ հասարակության եւ թե՛ ընդհանրապես բոլորի առաջ փաստելու, որ տեղի ունեցածը քաղաքական հաշվեհարդար չէ ընդդիմադիր գործչի նկատմամբ: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ քաղաքական դաշտի քաղաքականացումը, գրագիտացումը եւ բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը ունենան համակարգային ու սկզբունքային բնույթ: Մյուս կողմից քաղաքական հաշվեհարդարի մտայնությունները ցրելու ճանապարհն այն է, որ ձեռնարկվելիք քայլերը տեղի ունենան իրավական հողի վրա եւ փաստարկված լինեն օրենքի տառի խստագույն պահպանման նախանձախնդրությամբ: Միաժամանակ հարգելով սեփական ճշմարտությունն ապացուցելու ընդդիմության իրավունքը, ներկա կարեւոր ժամանակահատվածում խիստ անհրաժեշտ է, որ քաղաքական գործընթացները չվերաճեն երկիրը անկայունության տանող ծայրահեղ դրսեւորումների:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր