Սամվել Կարապետյանի հաջողության գաղտնիքը. Forbes
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և ռուսաստանյան անշարժ գույքի արքաների վարկանիշային ցուցակի առաջատարներից Սամվել Կարապետյանը Forbes պարբերականի ռուսական բաժնի հետ զրույցում խոսել է ճգնաժամի և նոր նախագծերի մասին:
Սամվել Կարապետյանը Forbes-ի ցանկում առաջին անգամ հայտնվեց 2010 թվականին՝ 750 միլիոն դոլար կարողությամբ: Այն ժամանակ նա ռուսաստանյան Forbes-ում 91-րդն էր, այսօր՝ 26-րդը: 2010 թվականից ի վեր Սամվել Կարապետյանին հաջողվել է բազմապատկել իր կարողությունը, իսկ 2014 թվականին Forbes-ն այս գործարարի կարողությունը գնահատել է 4.3 միլիարդ դոլար: Ո՞րն է Կարապետյանի հաջողության գաղտնիքը: Եթե կարճ ձևակերպենք՝ բանկերից վարկ չվերցնել, շեշտը դնել ոչ թե ծավալների, այլ՝ շահութաբերության վրա, և բոլոր որոշումներն ընդունել միանձնյա:
Ձեզ ենք ներկայացնում Forbes-ի հարցազրույցը Սամվել Կարապետյանի հետ:
* * *
– Ի՞նչ կանխատեսում ունեք 2015 թվականին անշարժ գույքի շուկայի համար:
– Տարին ծանր կլինի, սակայն միանշանակ ճգնաժամն իր դրական կողմերն ունի. մրցակիցները հեռանում են: Իսկ ով մնում է, դառնում է ավելի ուժեղ: Մենք ճգնաժամը միշտ ընկալել ենք՝ որպես նոր հնարավորությունների ժամանակահատված, մենք մնում ենք, և մեզ մոտ ամեն ինչ լավ է լինելու:
– 2008 թվականի ճգնաժամից հետո շուկայից հեռացան մի քանի խոշոր դևելոփերներ: Նրանք ինչ-որ համակարգային սխա՞լ էին թույլ տվել:
– Առաջին պատճառը գերվարկավորված լինելն է, երկրորդը՝ ոչ արդյունավետ կառավարումը, երբ որոշումներ ընդունելու պատասխանատվությունը թողնում են մենեջերների վրա: «Տաշիրում» ամեն ինչ այլ կերպ է: Իհարկե, վարկեր վերցնելը շատ հաճելի է, դրանք ամենահեշտ փողերն են, սակայն վերադարձնելն է ծանր: Մեր ընկերությունում նույնպես մարդիկ կան, ովքեր ցանկանում են դրանով տարվել: Սակայն ես շատ կոշտ ձևով կանխում եմ նրանց, որովհետև հասկանում եմ՝ ինչ է նշանակում՝ այդ փողերը վերադարձնել՝ իրենց տոկոսներով: Մեզ մոտ մեկ մոտեցում է կիրառվում՝ մենք զարգանում ենք առաջին հերթին՝ շահույթից: Եթե չի բավականացնում, կարող ենք վարկ վերցնել, սակայն դա չնչին կշիռ կունենա, որը բացարձակապես ազդեցություն չի ունենա նախագծի վրա (առավելագույնը՝ դրա արժեքի 10%-ը): Իմ սկզբունքը հետևյալն է՝ վարկավորվել կարող են մեր օբյեկտների առավելագույնը մեկ հինգերորդը: Այսօր մեզ պատկանող առևտրային նշանակության 30 օբյեկտներից վարկային պարտավորություններն ունեն միայն 5-ը: Մենք բավականին հարմարավետ դոլարային վարկ ունենք ռուսական բանկերից մեկում՝ 700 միլիոն դոլարի չափով: Բացի այդ, միշտ ունենք անվտանգության բարձիկ՝ ազատ միջոցներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող ենք օգտագործել: Հենց այդ պատճառով մենք որևէ մեկից կախված չենք եղել և չենք, ոչ մեկին հաշվետու չենք, վարկային վերակառուցում չենք խնդրում, այլ հանգիստ և վստահ աշխատում ենք: Ռիսկերը նվազագույն են, վատագույն տարբերակի դեպքում կստանանք նվազագույն շահույթ: Մենք այդպիսի բիզնես-մոտեցում ենք որդեգրել 2008 թվականին, և վստահ եմ, որ այն արդիական է նաև այսօր:
– Դուք կարծում եք, որ 2008 թվականի իրավիճակը կկրկնվի՞:
– Այո, կկրկնվի: Միակ տարբերությունն այն է, որ այս անգամվա ճգնաժամը լոկալ բնույթ է կրում և, իմ համոզմամբ, ավելի կարճ կտևի:
– Սակայն Ռուսաստանն այժմ պատժամիջոցների տակ է:
– Ես առավել քան վստահ եմ, որ պատժամիջոցները չեն կարող խանգարել Ռուսաստանի զարգացմանը: Այդ բոլոր սահմանափակումները ժամանակավոր երևույթներ են. դրանք մտցնում են, հետո՝ չեղյալ են հայտարարում: Կարծում եմ՝ պետք է քիչ տրվել խուճապային տրամադրություններին և անհանգստանալ: Փոխարենը՝ պետք է ավելի շատ աշխատել: Յուրաքանչյուրը պետք է իր գործով զբաղվի: Մենք մեզ վրա չենք զգում պատժամիջոցների ազդեցությունը:
– Սակայն դուք վակուումային տարածքում չեք ապրում. նավթն էժանանում է, ռուբլին թուլանում է…
– Դրան պետք է համակերպվել և վերադասավորվել՝ ընթացիկ տնտեսական իրավիճակին համապատասխան՝ լինել ավելի աչալուրջ և շարունակել առաջ շարժվել: Ռուբլու արժեզրկում մենք մի քանի անգամ տեսել ենք: Լավ, արժեզրկվել է ռուբլին: Եվ ի՞նչ:
– Ինչպե՞ս թե՝ ինչ: Չէ՞ որ հաշվարկները ռուբլով են:
– Ես այդտեղ ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում: Կա ժամանակավոր խուճապ, որը կանցնի: Հետո կսկսվի գնաճը, որը, ի դեպ, բիզնեսի համար նույնպես նոր խթան է:
– Դուք ինչ–որ «պլան B» ունեք այն սցենարի համար, եթե ճգնաժամը երկարի և ազդի նաև Ձեզ վրա:
– Իհարկե, մենք տարբեր կանխատեսումներ ենք կառուցում և հասկանում ենք, թե ինչ կկատարվի մեզ հետ, եթե դոլարն արժենա, օրինակ, 100 ռուբլի: Ու պատրաստ ենք նաև այդ իրավիճակին: Այդ դեպքում մենք ռուբլով ավելի շատ կաշխատենք, դոլարով՝ ավելի քիչ:
– Ձեր վարձակալներն արդեն խնդրո՞ւմ են նվազեցնել դրույքաչափերը:
– Այո: Որոշ դեպքերում գնում ենք զիջումների, որոշ դեպքերում՝ ոչ: Բոլորը պետք է վերաֆորմատավորվեն: Եթե հասկանանք, որ ճգնաժամը տևելու է տարիներ, ապա այլ ռեժիմի կանցնենք՝ կնվազեցնենք վարձավճարները:
– Ո՞ր դեպքերում եք զիջումների գնում:
– «Տաշիրի» պորտֆելում այսօր մոտ 30 առևտրային կենտրոններ կան: 20 առավել հաջող աշխատող կենտրոններում դրույքաչափերը չեն իջել: Այդ գերհաջող կենտրոններում վարձակալներն ի վիճակի են վճարել անգամ դոլարի՝ 100 ռուբլի փոխարժեքի դեպքում: Մյուսների հետ բանակցություններ են ընթանում: Տարբերակներից մեկը դրույքաչափը փոխարժեքի տարբեր մակարդակներին կապելն է: Սակայն, իմ անձնական դիտարկմամբ, դրույքաչափի նվազեցման մասին խնդրող վարձակալների կեսն է, որ դրա կարիքն օբյեկտիվորեն ունի: Մյուս դեպքերում դա սովորական շանտաժ է:
– Ինչպե՞ս եք կարողանում հասկանալ՝ որն է շանտաժ, որը՝ ոչ:
– Դա բավականին հեշտ է հասկանալ՝ ընկերության հասույթին նայելով: Գործնականում առևտրի գրեթե բոլոր ոլորտներում «Տաշիրն» իր խանութներն ունի, դրա համար էլ մենք շատ լավ հասկանում ենք՝ որն ինչ հասույթ ու շահույթ կարող է ունենալ: Այդ տեղեկատվությունն օգնում է մեզ բանակցությունների ժամանակ:
– Վարձակալած տարածքներից հրաժարվողներ արդեն եղե՞լ են:
– Ճգնաժամի պատճառով դեռ ոչ ոք չի գնացել, դեռևս ընթանում են կոշտ բանակցություններ: Թեպետ կա վար՚ձակալների բնական ռոտացիա (փոփոխություն). Որոշ խանութներ փակվում են, նրանց փոխարեն՝ բացվում են ուրիշ խանութներ: Այդպես եղել է միշտ, անգամ վերելքի տարիներին:
– Ովքե՞ր են ամենախոցելի վարձակալները:
– Առաջին հերթին՝ fashion ռիթեյլով զբաղվողները: Նրանց բաժին է ընկնում միջին վիճակագրական առևտրի կենտրոնի եկամտի 80%-ը: Բոլոր ճգնաժամերի դեպքում այս սեգմենտն է ստանում առաջին հարվածը, քանի որ ճգնաժամի ժամանակ մարդիկ ավելի քիչ են ծախսում հագուստի վրա: Ուզում եմ նաև ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ռուսական բրենդերի հագուստ վաճառողների շրջանառությունն այս տարվա սկզբից նվազել է, իսկ արտասահմանյան բրենդերինը՝ հակառակը՝ աճել: Հագուստի խանութներից հետո խնդիրները, որպես կանոն, սկսվում են էլեկտրոնիկայի վաճառքով զբաղվողների մոտ:
– Ձեզ հետաքրքրո՞ւմ են այն մրցակիցների նախագծերը, որոնք կարող են դժվարին իրավիճակում հայտնվել:
– Բնականաբար, մենք շատ ուշադիր ուսումնասիրում ենք շուկան: Այսօր վրիպումներ թույլ տալ չի կարելի, հարկավոր է գոլեր խփել: Խոսելով մեր նախագծերի մասին՝ կարող եմ ասել, որ այսօր հյուրանոցների և գրասենյակային սեգմենտը չենք դիտարկում՝ որպես առանցքային: Ընդհանուր առմամբ մեր հետաքրքրությունները չեն փոխվել. կոմերցիոն անշարժ գույք՝ լավ տեղանքում: Մտադիր ենք շարունակել զարգացումը «բիզնես» և «բիզնես պլյուս» կարգի բնակելի անշարժ գույքի ոլորտում:
– Ինչո՞ւ չսկսեցիք զբաղվել էկոնոմ կարգի անշարժ գույքով: Չէ՞ որ դրանք ավելի լավ են վաճառվում:
– Էկոնոմ կարգի անշարժ գույքը վաճառվում է առանց մարժայի, իսկ «բիզնես» և «բիզնես պլյուս» սեգմենտում մարժան բավականին բարձր է: Բացի այդ, ճգնաժամերի ժամանակ էկոնոմ կարգի գույքն ավելի շուտ է տուժում: Մեր մոտեցումն այլ է՝ թող ծավալները փոքր լինեն, բայց լինի շահույթ: Բիզնեսի արդյունավետության գլխավոր ցուցանիշը մեզ համար ոչ թե շրջանառությունն է, այլ՝ շահութաբերությունը: Մեր մարժան անձեռնմխելի է:
– Ընդհանրապես՝ ինչպե՞ս սկսեցիք հետաքրքրվել բնակելի անշարժ գույքով:
– Մենք երբեք էլ դրանից չենք հրաժարվել: Ներկայում մենք ունենք մոտ 500 000 քմ բնակմակերես և կշարունակենք մեծացնել մեր կշիռն այդ շուկայում: Առաջին հերթին՝ մենք ունենք ներդրումային միջոցներ, որոնք այդպիսի ծավալով կոմերցիոն անշարժ գույքի մեջ ներդնելն ուղղակի անհնար է: Երկրորդ՝ մեզ անհրաժեշտ է փողի արագ շրջանառություն, իսկ դա կարող է ապահովել միայն բնակելի անշարժ գույքը:
– Տնտեսական անկումը Ձեզ չի՞ վախեցնում: Ճշգրտելո՞ւ եք Ձեր պլանները բնակշինարարության ոորտում, նախկինի պես մտադիր եք 1.5 միլիարդ դոլար ներդնել «Սկոլկովոյի» շինարարության մե՞ջ:
– Ոչ, չի վախեցնում: Ոչ մի նախագիծ չենք պատրաստվում սառեցնել: Հակառակը՝ տեմպերն արագացնելու ենք: Ճգնաժամի ժամանակ կարելի է կառուցել ավելի էժան. մենք ցանկանում ենք օգտվել այս իրավիճակից և կյանքի կոչել ավելի շատ նախագծեր: «Սկոլկովոյում» պլանները մի փոքր փոխվել են. նախատեսել էինք կառուցել շուրջ 700000քմ, սակայն ստացել ենք 400 հազար քմ-ի թույլտվություն: Այդ իսկ պատճառով ներդրումները երկու անգամ քիչ կլինեն՝ 700-800 միլիոն դոլար:
Բացի այդ, հետաքրքիր նախագիծ ունենք՝ կապված Մոսկվայում 1.7հա-ի վրա էլիտար բնակելի անշարժ գույքի շինարարության հետ: Ներդնելու ենք մոտ 250 միլիոն դոլար: Կկառուցապատվի 45000քմ տարածք, ևս 15000քմ կվերականգնվի: Կարծում եմ՝ 2 տարվա ընթացքում կհաջողվի ավարտել:
– Ուրիշ ի՞նչ նախագծեր եք մտադիր սկսել ճգնաժամի ընթացքում:
– Այսօր պետք են կարճ պրոյեկտներ: Երկար ժամանակահատվածի դեպքում սկսվում են խնդիրները, կրկին առաջ են գալիս 5 կամ 10 տարով վարկերը, արդյունքում՝ ամբողջ շահույթը գնում է բանկերին: Եթե շինարարությունը պետք է տևի 3 տարուց ավելի, ապա մենք նման նախագծերի մեջ չենք մտնում:
– Այլ ոլորտներում Ձեզ ո՞ր նախագծերն են հետաքրքրում:
– Մենք ստացել ենք, այսպես ասած, «կանաչ միջանցք»՝ Չինաստան ապրանքներ ներմուծելու առումով: Դա շատ մեծ նախագիծ էր, որի վրա աշխատել ենք 3 տարի: Մեր գործընկերները չինական պետական կորպորացիաներն են: Այժմ առաջին փորձարկումն է: Մարտից կսկսենք մեծացնել ծավալները:
– Ի՞նչ եք տեղափոխելու:
– Այն ամենը, ինչ հնարավոր է: Մենք ունենք մանրածախ առևտրի «Մեր տունը» ձևաչափը: Դրա հիման վրա էլ չինական այս նախագիծը կզարգացնենք ամբողջ Ռուսաստանով: Բացի այդ, ապրանքներ կտեղափոխենք նաև այլ ներկրողների համար, կապահովենք լոգիստիկան և էլեկտրոնային մաքսազերծումը, որն օպերատիվ է և ամբողջությամբ բացառում է ապօրինի սխեմաները:
– Ինչպե՞ս եք ներդրումային որոշումներ ընդունում: Ո՞ւմ հետ եք խորհրդակցում:
– Բոլոր նախագծերի հետ կապված որոշումներն ընդունում եմ ինքս՝ միայնակ: Դա անգամ չի էլ քննարկվում որևէ մեկի հետ: Կարող եմ լսել կարծիքներ, երբ ինձ նախագիծ են ներկայացնում, սակայն որոշում ընդունում եմ միայն ես:
– Սխալներ եղե՞լ են:
– Մինչ օրս ամեն ինչ անսխալ է եղել (ժպտում է.- խմբ.): Չգիտեմ՝ հետո ինչպես կլինի: Ես շատ արագ եմ կողմնորոշվում: Նայում եմ և միանգամից հասկանում՝ մե՞րն է, թե՞ մերը չէ, պե՞տք է, թե՞ պետք չէ: Երկար բանակցությունների վրա ժամանակ չեմ ծախսում: Այդ իսկ պատճառով՝ գործընկերներ էլ չունենք: Առանձին նախագծերի դեպքում, այսպես ասած, հնարավոր է՝ կետային գործընկերներ լինեն: Սակայն ընդհանուր խմբի մասով՝ երբեք չի եղել, ու նման մտադրություն էլ չունենք: Ես հակված չեմ երկար ամիսներ ծախսել գործընկերների հետ ինչ-որ հարցեր համաձայնեցնելու վրա: Դա արգելակում է պրոցեսը: Իմ այս մոտեցման արդյունքում խմբի ներսում բոլոր բիզնես-պրոցեսները՝ մաքսիմալ օպերատիվ, և, որ գլխավորն է՝ արդյունավետ են ընթանում: Որոշումն ընդունեցի՝ սկսում ենք զարգացնել պրոյեկտը: Այդ մոտեցումն օգնել է ոչ միայն ոտքի վրա մնալ 2008-ին, այլև՝ ճգնաժամից օգուտով դուրս գալ: Վստահ եմ, այն այժմ նույնպես աշխատում է:
– Դուք 100%-ով խորասուզված եք ընկերության գործերում:
– Այո, առանց բացառության՝ բոլոր ուղղություններով: Մեզ մոտ ձեռքի կառավարում է:
– Որքանո՞վ է կայուն ընկերությունը, եթե այն, ըստ էության, կախված է մեկ մարդուց:
– Դրա մասին դատելու համար բավարար է այն փաստը, որ «Տաշիրը» վերածվել է հսկայական բազմապրոֆիլ խմբի և շարունակում է զարգանալ: Որոշակի ժամանակահատվածներում, հատկապես՝ ճգնաժամային, միանձնյա կառավարումը շատ կարևոր է: Իսկ երբ ամեն ինչ լավ է ընթանում, top-manager-ներին կարելի է անգամ թույլ տալ ինքնուրույն որոշումներ ընդունել:
– Պետությունը Ձեր կողմից իրականացվող շինարարության գլխավոր պատվիրատուներից է: Որքա՞ն է պետպետվերի կշիռը ձեր համախառն հասույթի մեջ:
– Մոտավորապես 30%, եթե հաշվենք «Գազպրոմը»: Բնականաբար, մենք մտադիր ենք մեծացնել այս ծավալները: Այս տարիների ընթացքում լավ հեղինակություն ենք ստեղծել:
– Հայտնի են դեպքեր, երբ պետական օբյեկտների շինարարության կապալառուները հայտնվել են բանտում: Պետության հետ աշխատելը վտանգավոր չէ՞:
– Եկեք տեսնենք, թե ովքեր են բանտում հայտնվել: Մարդիկ պետությունից կանխավճարներ են վերցնում, ծախսում, ամենայն հավանականությամբ, սեփական կարիքների վրա, իսկ հետո չեն կարողանում կատարել պատվերը: Մեզ մոտ նման բան պարզապես չի կարող լինել. մենք միշտ կատարում ենք մեր պարտավորությունները ոչ միայն՝ պետության, այլ՝ անգամ ամենափոքր գործարարի նկատմամբ: Չի կարելի գողանալ պետությունից: Եթե չգողանաս, քեզ ոչ ոք բանտ չի նստեցնի:
– Ինչպե՞ս բիզնեսը կարող է իշխանության հետ հարաբերություններ ստեղծել՝ դաշնային և մունիցիպալ մակարդակներում:
– Գիտեք ինչ, պետք չէ չափից մեծ ջանքեր գործադրել նման հարաբերություններ ստեղծելու համար: Պետք է զբաղվես քո գործով, և պահանջված կլինես: Եթե քո ընկերությունը վստահելի գործընկերոջ համբավ ունի, ապա նրանք իրենք քեզ կդիմեն: Ինքներդ դատեք, եթե պետական ծառայողը հնարավորություն ունի ընտրություն կատարել վստահելի և անվստահելի մարդկանց միջև, ապա պարզ է, թե ում վրա կանգ կառնի ընտրությունը: Պետք է խոսքի արժեքն իմանալ ու կատարել խոստումները: Կարևոր է նաև մարդկանց չծանրաբեռնել ավելորդ խնդրանքներով: Ահա ամենը:
– Այսինքն՝ կարևոր ծանոթություններն այստեղ կարևոր չե՞ն: Երբ ինչ-որ մեկն ինչ-որ մեկին ծանոթացնում է ինչ-որ երրորդ մեկի հետ, ձեռքից բռնած բերում, ներկայացնում… Անձնական կապերը, համակրանքն ու հակակրանքը դեր չե՞ն խաղում:
– Անիմաստ է հերքել, որ անձնական վերաբերմունքը կարևոր դեր է խաղում: Հասկանալի է, որ եթե մարդուն դուր չեկար, նա քեզ հետ չի ցանկանա գործ ունենալ: Երբեմն բավարար է ասել երեք սխալ բառ, և վերջ՝ հարցը փակված է:
– Իսկ որո՞նք են այդ սխալ բառերը:
– Դրանք այն բառերն են, որոնք արտասանում ես՝ քո ուռճացված կարևորությունն ի ցույց դնելու համար:
– Համե՞ստ է պետք լինել:
– Այո: Ոչ միայն համեստ, այլև վստահելի մարդ:
Շարունակելի