Հայ-թուրքական հարաբերություններում նոր օրակարգի մասին կարելի է մտածել 2016 թվականից. թուրքագետ
«Հայ-թուրքական արձանագրությունները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ապագա փուլերում կունենան քաղաքական նշանակություն»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններն ԱԺ-ից հետ կանչելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը: Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ քայլը բխում է ստեղծված իրավիճակի տրամաբանությունից, որ արդեն գերիշխում էր մոտավորապես 6 տարի:
Ըստ նրա` խոսքը թուրքական կողմի ապակառուցողական մոտեցման մասին է: Ուստի, Մելքոնյանի կարծիքով, այսուհետ հայ-թուրքական հարաբերությունները դե յուրե կհամապատասխանեն ստեղծված դե ֆակտո վիճակին, երբ, ըստ էության, երկու երկրների միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ Թուրքիայի կողմից չկա քաղաքական կամք` հաստատել այդ հարաբերությունները:
«2015-ը, վստահ եմ, որ անցնելու է հայ-թուրքական միջպետական լարված հարաբերությունների մթնոլորտում: Թուրքիան իր քայլերով կեղծ տպավորություն է ստեղծել, թե հայ-թուրքական հարաբերությունների համար պատրաստ է քայլերի գնալ, այնինչ Թուրքիայի քայլերը պատմագիտության ասպարեզում միտված են կեղծարարությունը շարունակելուն, հովանավորելուն, թուրքական մաշված նախապայմանները կրկնելուն: Հայ-թուրքական հարաբերություններում նոր օրակարգի մասին կարելի է մտածել 2016 թվականից: Այդ ժամանակ հաշվի կառնենք այն փորձառությունը, որն ունեցանք այս տարիներին: Այս ամենում կա նաև դրականը` մենք շփվեցինք թուրքական դիվանագիտության հետ և ունեցանք անհրաժեշտ փորձառություն»,- մեկնաբանեց թուրքագետը:
Վերջինս ասաց, որ հայ-թուրքական արձանագրություններն ապրել էին իրենց կյանքը, իսկ պայմանագրերն ունեն այնքան կենսունակություն, որքան նրանց կյանք է տրված:
Ուստի, նրա խոսքով, երբ կլինի նոր իրավիճակ, երբ կձևավորվի հայ-թուրքական հերթական արձանագրություն և պայմանագիր, այդ ժամանակ, առկա իրողություններից ելնելով, կարվեն քայլեր, կձևավորվեն փաստաթղթեր: «Ինչ վերաբերում է այս արձանագրություններում առկա կետերին, ապա այն վիճելի կետերը, որոնք առկա էին, հաջորդ անգամ ավելի սրբագրված տեղ կգտնեն: Ես կարծում եմ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում, եթե այս արձանագրությունները չունենան իրավական կամ դե յուրե նշանակություն, անպայման կունենան քաղաքական նշանակություն, այսինքն` երկու կողմերն էլ որոշակի սրբագրումներ և վերախմբագրումներ կանեն` հիմնվելով դրանցից ստացված փորձառության վրա»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը: