Բաժիններ՝

Հանրությանը որևէ անգամ չի հաջողվում իմանալ, թե ՀԷՑ-ի ծրագիրը ինչ չափով է կատարվել

ՀԷՑ-ը բերում է մշտապես նույն ծավալի ու նույն մակարդակի ներդրումային ծրագիր, այնուհետև հանրությանը որևէ անգամ չի հաջողվում իմանալ, թե դա որքան ու ինչ չափով է կատարվել: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Հասարակական պաշտպանների միություն» ԻԱՄ նախագահ Արամ Գրիգորյանը՝ խոսելով ՀԷՑ-ի 2015 թվականի ներդրումային ծարգրի մասին, որով նախատեսվում է 8 մլրդ դրամից ավելի ներդրում կատարել:

Ըստ նրա՝ ընդհանրապես ծրագրերի հաստատման կամ դրանց կատարողականի հետ կապված հարցերում հասարակական կազմակերպությունները իմիտացիոն դերակատարում ունեն և հենց այդ պատճառով իրենց միությունը ձեռնպահ է մնում լսումներին մասնակից լինելուց: Ա.Գրիգորյանը նշեց, որ ժամանակն այնքան կարճ է լինում ու տեղեկատվությունն այնքան քիչ, որ դժվարանում են խորը վերլուծություն անել:

«ՀԷՑ-ն ունի խոշոր խնդիր՝ իր՝ որպես կազմակերպություն կառավարման արդյունավետությունն է: Եթե կազմակերպությունը կառավարման արդյունավետության մեջ խնդիր ունի, նրա իրականացրած ներդրումների մասին խոսելը մի քիչ դժվար է: Այնտեղ ամեն ինչ ուռճացված է՝ թե´ նյութերի, թե´ աշխատավարձերի թե´ կատարված աշխատանքների մասով, որովհետև վերահսկողությունն է բացակայում կատարված աշխատանքների վերաբերյալ: Հանրային ծառայությունների բնագավառներում հանձնաժողովն ու ՀԿ-ները պետք է որոշակի գաղափար կազմելու համար մոնիթորինգ անեն, կամ մասնակցեն մոնիթորինգի: Նշված ժամանակաընթացքում մոնիթորինգային որևէ ծրագիր չի եղել: Ես ինչքան տեղյակ եմ, ՀԾԿՀ կողմից էլ մոնիթորինգ չի լինում, իսկ եթե մոնիթորինգ չկա, դժվար է ասել, թե նախատեսված ներդրումն արդյոք իրականացվե՞լ է, թե՞ ոչ: ՀԾԿՀ ստուգումներն ընկերությունների կողմից տրված ինֆորմացիայի վրա է կատարվում: Ամեն դեպքում մեզ տեղյակ չեն պահել»,- ասաց Ա.Գրիգորյանը:

Անդրադառնալով ներդրումների և փոխարժեքի տատանումների ազդեցությանը սակագների վրա, նա նշեց, որ դա նույնպես բարդ հարց է, քանի որ սակագների խնդիրը դարձել է քաղաքական հարց. «Եթե ասեն՝ դիմեք, կդիմեն, եթե ասեն՝ չէ, մի քիչ էլ ձգեք, չեն դիմի: Տնտեսագիտություն չի, որպեսզի վերլուծենք: Ընդհակառակը, հիմա խոսակցություն է գնում, որ գազի գնի վերաբերյալ ռուսական կողմը նվազեցում պետք է անի: Իսկ եթե գազի գինը նվազի, դա պետք է ազդի, որ էլեկտրաէներգիայի գինն էլ նվազի: Իհարկե, սա՝ տնտեսագիտական տեսանկյունից: Հաստատ չէ, որ այդպես կլինի: Ապրենք, տեսնենք, թե ինչ կլինի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս