Բաժիններ՝

Բոլորի համար իրադրությունը նոր է՝ թե´ մաքսատան համար և թե´ մեզ համար. Ներմուծող

Երրորդ երկրներից մետայա թիթեղեներ, մետաղալար, ապակյա տարաների ներմուծմամբ զբաղվող «Ալբորա» ընկերությունը որոշակի խնդիրների է հանդիպել ներկրված ապրանքի մաքսազերծման ժամանակ: 168.am-ին հայտնի դարձավ, որ ընկերության ապրանքն արդեն որոշ ժամանակ է կանգնած է մաքսատանն ու սպասում է մաքսազերծման:

«Ալբորայի» ղեկավար Լևոն Դանիելյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամությունից հետո փոփոխված կարգի պատճառով մաքսազերծման գործընթացը որոշակի ձգձգվել է, սակայն արդեն լուծումը գտնվել է և այսուհետ մաքսազերծումն ավելի արագ կկատարվի:

«Կարգը փոփոխվել է, պետք է որոշակի աշխատանքներ կատարել, որպեսզի ամեն ինչ կանգնի իր տեղում: Բոլորի համար իրադրությունը նոր է՝ թե´ մաքսատան համար և թե´ մեզ համար, ոչ թե չենք կարողանում մաքսազերծել: Քանի որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամության հետ կապված փոփոխվել են մաքսատուրքերը և որոշակի ապրանքատեսակների համար, որոնց համար մաքսատուրքեր չկային, հիմա սահմանվել են, և քանի որ կան նմանատիպ մաքսային կոդեր ունեցող ապրանքներ, մաքսատունն էլ որոշակի աշխատանք է կատարում՝ հասկանալու համար որին պետք է կիրառվի, որին ոչ: Մաքսատանն էլ կարելի է հասկանալ, ապրանքատեսակների նիշերը 8-9 նիշանոց են, իսկ եթե 4 կոդը համընկնում է ու դրա տակ շատ ապրանքատեսկաներ են մտնում, ապա մաքսատանն էլ կարելի է հասկանալ, որ իրենք իրենց համար ուզում են հասկանալ՝ որին կա, որին չկա»,- ասաց նա:

Լ. Դանիելյանի խոսքով՝ համապատասխան թղթաբանությունն է ավելացել, լաբորիատորիայի տվյալներ է պետք: Նա շեշտեց, որ մաքսավորների կողմից խոչընդոտի կամ պատնեշի հարց չկա, խոսքը նոր իրադրության մասին է, որը բոլորի համար է նոր և այդ նոր իրադրությունում որոշակի ջանքեր ու քայլեր են պետք, որ բոլոր կողմերն իրենց լուծումներն ու տեղը գտնեն այս իրադրության մեջ:

«Դրա համար ես ոչ մի արտառոց բան չեմ տեսնում: Բոլորի համար իրադրությունը նոր է և փոփոխվել է շատ կարճ ժամանակում, իսկ այդ կարճ ժամանակում շատ մեծ քանակի փաստաթղթեր է պետք է եղել կարդալ, ուսումնասիրել և նույնիսկ սովորել»,- ասաց Լ. Դանիելյանը:

Ըստ նրա՝ այս իրավիճակը երկար չի շարունակվի, և նույնիսկ այս կարճ ժամանակահատվածում զգացվում է, որ առաջացած լարվածությունն աստիճանաբար իջնում է, որովհետև մշտական կապ կա մաքսատան, էկոնոմիկայի նախարարության հետ, պարզաբանելով, ուսումնասիրելով, քայլ առ քայլ առաջ են գնում և, իհարկե, գործընթացը կհեշտանա: Ուղղակի, ինչպես նա նշեց, փաստաթղթերի ծավալն ու ապրանքատեսակը շատ մեծ է և առաջացած բարդությունները ոչ թե արհեստական են, այլ կապված են նոր իրավիճակի հետ: Ու օրեցօր լարվածությունը պակասում է համատեղ աշխատանքի արդյունքում:

Լ.Դանիելյանը նաև հավաստիացրեց, որ մաքսազերծման ձգձման պատճառով ընկերությունը ֆինանսապես չի տուժում. «Պարզապես մի քանի օր մաքսատան պահեստում ավել կմնա ապրանքը, ոչ մի վնաս չենք կրի: Բայց արդյունքում մեր գիտելիքները հարստացան, ու արդեն գիտենք հետո ինչ անել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս