Տիգրան Խզմալյանը չի կարծում, որ Ժիրայր Սէֆիլյանը կոշտ է արտահայտվել իր մասին

Կինոռեժիսոր, «Նախախորհրդարանի» նախկին անդամ Տիգրան Խզմալյանը չի կարծում, որ իր նախկին թիմակից Ժիրայր Սէֆիլյանը կոշտ է արտահայտվել իր մասին՝ «այլ երևույթ» ասելով:

Հիշեցնենք, որ օրերս «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում՝ խոսելով Բերձորում տեղի ունեցած միջադեպի մասին, լրագրողի դիտարկմանը՝ Ձեր գործընկերներից շատերը «Նախախորհրդարանից» «Հիմնադիր խորհրդարան» չեկան այն պատճառով, քանզի իրենց համար էլ անհասկանալի է կառույցի գործելաոճը, խոսքը Հրանուշ Խառատյանի, Տիգրան Խզմալյանի և այլոց մասին է, Ժ.Սէֆիլյանն այսպես էր արձագանքել.

«Հրանուշ Խառատյանը, ես կարծում եմ, եղել է և կմնա մեր շարժման ոչ միայն աջակիցը, նաև օժանդակողը: «Նախախորհրդարանի» օրերից մինչ այսօր, լինելով հայտնի մտավորական, նա փորձել է ու ինչով կարող է` օգնելու է մեզ: Դրա համար մենք նաև ուրախ ենք: Իսկ Տիգրան Խզմալյանը այլ երևույթ է, որի մասին չեմ ուզում խորանալ»:

Դիտարկմանն էլ, թե այդ «այլ երևույթի» հետ ճանապարհ եք անցել, Ժ.Սէֆիլյանը պատասխանել էր. «Տիգրանն իր երկու խոսքը մեկ ասում է, որ իմ ընկերն է: Այդպե՞ս է: Դե լավ ա, իմ ընկերն է, պայքարի ժամանակ իմ կողքը կանգնած է լինելու, չկասկածեք»:

168.am-ի հետ զրույցում Տիգրան Խզմալյանը նշեց, որ ինքն ու Ժ. Սէֆիլյանը որոշ հարցերի շուրջ տարբեր ձևով են մտածում, բայց դա չի խանգարում, որ մնան ընկերներ և միասին լինեն հաշտ հեղափոխական պայքարում:

Ըստ նրա՝ իրենց միջև առկա խնդիրները զուտ մարտավարական են և կապված են քաղաքական տեխնոլոգիաների հետ. «Օրինակ, ես կարծում եմ, որ պետք է կենտրոնանալ Մարտի 1-ի վրա, ինքը կարծում է՝ ապրիլի 24-ի, որքանո՞վ է դա լուրջ տարաձայնություն, չեմ կարող գնահատել, մնացածի հետ կապված՝ ես չեմ գնահատում ոչ մի ողբերգական բան, դուք մեջբերման առաջին կետն եք արել, բայց նախադասությունը ունի նաև շարունակություն, որտեղ ասվում է, որ մենք ընկերներ ենք»,- նշեց կինոռեժիսորը:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս